Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈԴԵՔՍԸ

Մարտ 01,2005 00:00

ՈՍՏԻԿԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈԴԵՔՍԸ Անհնար է առանց հուզմունքի չընթերցել էթիկայի այն կանոնները, որ սահմանվում են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագծով: Այս նախագիծը մեկ անգամ արդեն քննարկվել էր խորհրդարանում, ընդունվել առաջին ընթերցմամբ: Սակայն երկրորդ ընթերցման ժամանակ զուտ տեխնիկական՝ քվորումի բացակայության պատճառով օրինագիծը տապալվել էր եւ վերադարձվել 1-ին ընթերցման: Շա՜տ ափսոս: Այլապես արդեն վաղուց մեր ոստիկանները պիտի օրենքով պարտավոր լինեին պահպանել էթիկայի այն կանոնները, որոնք սահմանվում են այս օրինագծի 10-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ ոստիկանը պարտավոր է հարգել ՀՀ պետական լեզուն («Երեւի պարտավոր կլինեն հայհոյել միայն գրավոր հայերենով»,- նկատեց մի հեռատես անձնավորություն): Ոստիկանը նաեւ պարտավոր է հարգել մեր «ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները»: Եվ, ի դեպ, այս կանոնի խախտումը ենթադրում է պատասխանատվություն, եթե զուգորդվել է կարգապահական խախտմամբ: Բայց նա անմիջապես կարժանանա կարգապահական պատասխանատվության, եթե խախտել է էթիկայի մեկ այլ կանոն եւ նյութապես կամ այլ միջոցներով սատարել է որեւէ կուսակցության: 2003-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում ոստիկանության պահվածքն անհնար էր չմտաբերել՝ ընթերցելով օրինագծի հետեւյալ դրույթը, թե ոստիկանը պարտավոր է «իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»: Սակայն թերեւս իզուր է հիշեցնելը, թե գործնականում ինչ վերաբերմունք է դրսեւորվում, քանզի այս նույն նախագծով նաեւ նախատեսվում է, թե ոստիկանը պիտի «օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնա հասարակական կարծիքի ազդեցությունից եւ իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից»: Շարունակենք մեջբերումները օրենքի նախագծից: Ոստիկանը պարտավոր է «բարձր պահել պատիվը, լինել ազնիվ», «հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության եւ ոստիկանության ծառայողի վարկը», «ունենալ պատշաճ իրավագիտակցություն եւ իրավական կուլտուրա», «ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը», «ղեկավարվել պատվի, խղճի եւ արժանապատվության զգացումներով»: Օրինագծի համաձայն՝ եթե ոստիկանության ծառայողը չի կողմնորոշվում «ինչպիսի վարքագիծ դրսեւորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին»: Սակայն հստակ է՝ ոստիկանը պարտավոր է իր վարքով նպաստել «հասարակության այն համոզմունքի եւ հավատի ձեւավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության եւ օրինականության գաղափարների վրա»: … Երեկ խորհրդարանում այս նախագծի քննարկման ժամանակ Վռամ Գյուլզադյանն այս ամենը համեմատեց «կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի հետ» եւ հարց տվեց. «Եթե հանկարծ օրենքն ընդունվելուց հետո հաջորդ օրվանից հրաշք կատարվի եւ պարտադիր լինի այս նորմերի պահպանումը՝ ոստիկանության այսօրվա աշխատակիցների ո՞ր տոկոսը կմնա համակարգում»: Քանի որ նա իր հարցը որակեց հռետորական՝ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը չարձագանքեց դրան: Սակայն հետո նա պատասխանեց «Առավոտի» համանման հարցին, թե ոստիկանների քանի՞ տոկոսն է համապատասխանում էթիկայի այս կանոններին: «Դուք չե՞ք համարում, թե սա ինչ-որ մի տեղ քաջագործության նման մի բան է, որ ոստիկանության ղեկավարությունը նման օրենք է բերել Ազգային ժողով, կարեւորում է դրա ընդունման անհրաժեշտությունը եւ ուզում աշխատել այդպիսի՛ օրենքով: Սա արդեն ինքնըստինքյան նշանակում է, որ մենք դրսեւորել ենք նման քաղաքական կամք: Եվ մենք ուզո՛ւմ ենք ոստիկանությունը տեսնել այդպիսին,- ասաց Արարատ Մահտեսյանը:- Իսկ թե քանի հոգի կա՝ իհարկե, թվաբանություն անելը շատ վատ բան է այս հարցում: Բայց անձամբ ճանաչում եմ շատ-շատ ոստիկանների, որոնք պարկեշտ են ու նվիրյալ, գիշեր-ցերեկ աշխատում են՝ վարձատրվելով 8 ժամվա համար»: Ու մի բան էլ՝ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ծառայողական քննություն անցկացնելու պայմանները: Այստեղ, օրինակ, նշվում է, թե ծառայողական քննություն նշանակելու առիթ կարող է լինել լրատվամիջոցի հաղորդումը ոստիկանի թույլ տված իրավախախտման մասին: Վերականգնվում են դեռ խորհրդային տարիներից հայտնի պատվո դատարանները, որոնք գործելու են ոստիկանության ծառայություններում: Օրենքի այս դրույթները բառախաղերի առիթ դարձան պատգամավոր Արտակ Ալեքսանյանի համար, որն այս ամենն անվանեց «պատիժների համակարգ պատժողների համար», եւ որոշակիացրեց՝ «Ոստիկանները կպատժեն ժողովրդին, դուք էլ՝ ոստիկաններին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել