
մտածելակերպով են առաջնորդվում որոշ «կանաչապատողներ» Երեւանում քիչ փողոցներ
են պահպանել տասնամյակներ առաջ տնկված ծառաշարքերը: Դրանցից մեկն էլ Քանաքեռ-Զեյթուն
համայնքի Պարույր Սեւակի փողոցն էր: Ինչու «էր», որովհետեւ երկրորդ տարին է, ինչ
հատ-հատ նոսրացվում է բարդիների ծառաշարքը՝ հիմքից կտրելով դրանք: Երեկ կտրեցին եւս
երկուսը՝ Կենդանաբանության ինստիտուտի հարեւանությամբ: Ահազանգը հնչեցնելուց բացի,
ինստիտուտի աշխատակիցները փորձել են խոչընդոտել՝ անօգուտ: «Նույնիսկ սպառնացին, թե՝
չես վախենո՞ւմ, որ լրատվամիջոցներին ես զանգում»,- ասաց աշխատակիցներից ամենահամարձակը՝
Սիլվա Ադամյանը: «Այս ծառերը 50-60 տարեկան են, բները փտած, որդնած, եւ մի օր կարող
են շուռ գալ-վնասել անցորդներին»,- պարզաբանեց համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ տնօրեն
Աշոտ Թութխալյանը: Նաեւ զգուշացրեց, որ եւս երկուսը պիտի կտրեն: Հետաքրքրվեցինք,
թե ինչո՞ւ հիմա չեն կտրում: Պարզվեց՝ «թողնում եմ, կանաչելու ժամանակը գա՝ համոզվեն,
որ չորացած է»: Հետո էլ փոշմանեց՝ «չէ, երեւի մինչեւ էդ կկտրեմ»: Տիկին Սիլվան
վստահեցրեց, որ արդեն կտրված «չորացած» ծառերից մեկի ստվերում ամռան շոգին «աշխատողները
կանգնում, տրանսպորտին էին սպասում»: Նկատելի էր, որ տարիներ առաջ «գլխատված» (որպեսզի
քամուց շուռ չգան) բարդիները շիվակալել էին, երկար ու առողջ ճյուղեր տվել՝ ի հեճուկս
իրենց «փտած ու որդնած» բների: Թերեւս կարելի էր եղած ծառերը, որքան էլ՝ հասուն,
ժամանակին բուժել, ոչ թե սպասել՝ որդնի ու ծառահատումով ազատվել գլխից էլ, գլխացավանքից
էլ: Պրն Թութխալյանը վստահեցրեց, որ կտրված ծառերի փոխարեն կտնկեն նորը: «Բա նախորդ
տարիներին կտրածների տեղն ինչո՞ւ թողեցին ազատ: Թող դրանք տնկեն-մեծացնեն, եթե այդքան
հեշտ է, եւ նոր հասուն ծառերը ոչնչացնեն»,- հակադարձեց տիկին Սիլվան: Համայնքի գլխավոր
կանաչապատողից հետաքրքրվեցինք, թե ունե՞ն մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի
թույլտվությունը, ինչպես պահանջում է սահմանված կարգը: Պարզվեց, թաղապետարանը դրա
կարիքը չունի, նրան բավարարում է իր մասնագետների համաձայնությունը՝ ինչն էլ ունեն:
Ուշագրավ է, որ նրանցից մեկը՝ մի տիկին, որը մեծ ոգեւորությամբ ծառերի բների փտածության
վրա էր ուշադրություն հրավիրում, չկարողացավ մեզ ասել, թե քանի տարեկան են իրենց
կտրած ծառերը: Քիչ ավելի ուշ տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգը խիստ զայրացրել
է Ս. Մաքսապետյանին, քանի որ «առանց իմ ուսումնասիրության ու թույլտվության չպետք
է ծառ կտրվեր»: Նա վստահեցրել է, որ ծառահատման այս գործընթացը կդադարեցնի: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ


















































