Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁԱՆԻՑ

Մարտ 03,2005 00:00

«ԻՆՁԱՆԻՑ ՕՐ, ԱՄԻՍ ՉԵ՛Ք ԼՍԻ» Իշխանափոխության ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ երեկ Մամուլի ազգային ակումբում վստահեցրեց «Արդարության» ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Իսկ տարի՞»,- հարցրեց ՄԱԱ նախագահը: Նախագահի ընտրության երկամյա «հոբելյանի» նախօրեին նա հիշեցրեց, որ այդպես էլ չիրականացվեց ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդդիմության ու նաեւ՝ ԵԽԽՎ պահանջը. «Տարածված են, չէ՞, խոսակցություններ, որ եթե «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխեն՝ երաշխիքներ կլինեն մյուս ընտրություններն արդար անցկացնելու վերաբերյալ: Երաշխիք կարող է լինել միայն այս անպատժելիության վերացո՛ւմը: Եվ եթե որեւէ կեղծարարի պատասխանատվության ենթարկեն՝ հավատացեք, ավելի մեծ արդյունք կտա, քան «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումը»: «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցող մի պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Քոչարյանին հարց էր ուղղել. «Երկրորդ ժամկետի համար Ձեր իրական մրցակիցը դարձավ քաղաքականության մեջ այնպիսի չթրծված մարդ, ինչպիսին Ստեփան Դեմիրճյանն է: Գո՞հ եք նման այլընտրանքից»: Ի պատասխան՝ պրն Քոչարյանը նշել էր, թե խուսափելու է հարցի անձնավորումից եւ փորձելու է ընդհանրացնել. «Որքան բարձր է ընդդիմության մակարդակը, այնքան բարձր է իշխանության նկատմամբ հասարակության պահանջկոտության նշաձողը: Չէ՞ որ ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ձգտի իր ընդդիմախոսներից ավելի լավ երեւալ: Թույլ ընդդիմությունն այլասերում է իշխանությունը եւ նպաստում հանրության հուսալքությանը, քանի որ մարդիկ ստիպված են լինում վատը համեմատել ավելի վատի հետ»: Երեկ «Արդարություն» խմբակցության ղեկավարին խնդրեցին մեկնաբանել այս տեսակետը, եւ նա ասաց. «Առհասարակ՝ ընդդիմություն-իշխանություն բնականոն հարաբերությունների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե թե՛ մեկը, թե՛ մյուսը ձեւավորվում են իրական ընտրությունների արդյունքներով: Բայց դա Հայաստանում խաթարված է: Ընդդիմությունը թո՜ւյլ է, ուժե՜ղ է՝ հաղթե՛լ է: Իշխանությունն էլ բռնազավթվել է: Բայց այս գործընթացը դեռ չի ավարտվել: Ընդդիմությունը եւ մասնավորապես «Արդարություն» դաշինքն ի վիճակի է այն հասցնել իր տրամաբանական ավարտին»: Հարցերի մի զգալի մաս վերաբերում էր գործընթացի շարունակությանը: Ասենք, խնդրեցին մեկնաբանել այն տեսակետը, թե ընդդիմությունն իր հույսը դրել է կոալիցիայի ներքին հակասությունների եւ իշխող կուսակցությունների շարքերում առկա նախընտրական տրամադրությունների վրա, եւ սպասում է, թե իշխանությունը կքայքայվի: «Ընդդիմությունը երբեւիցե չի սպասել՝ գործել է եւ գործում է,- պնդեց «Արդարության» ղեկավարը:- Մենք մեր քայլերը չենք պայմանավորում նման գործոններով: Այս իշխանությունը դատապարտված է՝ անկախ այն բանից, թե կոալիցիայի ներսում հակասություններ կա՜ն-չկա՜ն: Եվ մի շեշտադրում էլ անեմ, որ այս վիճակի համար հավասարապես պատասխանատու են այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք սատարել են այս իշխանությանը»: Խնդրեցին մեկնաբանել նաեւ «Արդարություն» խմբակցության քարտուղարի հավաստիացումները, թե ապրիլի 12-15-ը ընդդիմությունը ցույց է անելու Բաղրամյան պողոտայում եւ այս անգամ գնալու է մինչեւ վերջ: «Վիկտոր Դալլաքյանը նման բան չի ասել,- վստահեցրեց «Արդարության» ղեկավարը:- Երբեմն թերթերն ինչ-որ սցենարներ են մշակում՝ հետո գալիս, ինձ հարցնում են, թե բա ինչի՞ չարեցիք»: Զգալի մաս էին կազմում նաեւ գործընկերներին առնչվող հարցերը: Արդյոք ապագա ընտրություններին կմասնակցի «Արդարությա՞ն» ձեւաչափով հարցին պրն Դեմիրճյանն արձագանքեց այսպես. «Քանի դեռ չկան նոր ընտրություններ՝ անիմաստ եմ համարում ձեւաչափերի մասին խոսելը»: Րաֆֆի Հովհաննիսյան-Հովհաննես Հովհաննիսյան-Արամ Սարգսյան դաշինքի առնչությամբ էլ նկատեց, թե անիմաստ է համարում գոյություն չունեցող բաների մասին խոսելը: «Առավոտը» հիշեցրեց, որ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հրապարակավ վերատեսության է ենթարկել Ստեփան Դեմիրճյանի՝ «Արդարության» առաջնորդը լինելը՝ անհրաժեշտ համարելով, որ հաջորդ ընտրություններին «Հանրապետությունը» մասնակցի իր թեկնածուով՝ նշելով Արամ Սարգսյանին: «Ինձ պարտավորված չեմ համարում ամեն մեկի խոսքերը մեկնաբանելը,- ասաց ՀԺԿ նախագահը:- Մենք էլ ուզում ենք հասնել հենց նրան, որ լինեն ընտրություններ, ով ուզում է՝ առաջադրվի, ժողովուրդն էլ կորոշի: Շատ հանգիստ ենք նայում այս ամենին»: Հիշեցրին, որ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ կողմնակից է վերեւից իրականացվող հեղափոխությանը: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է նման հեղափոխությունը՝ պրն Դեմիրճյանը պատասխանեց. «Նույն Հրանտ Խաչատրյանն էլ պատրանքներ չունի այդ հարցում: Իհարկե, մենք չենք հավատում դրան, քանի որ որեւէ հիմք չկա հավատալու: Իսկ այսօր արվող որոշ քայլեր կրում են իմիտացիոն բնույթ»: Տարբեր գործիչների կողմից այս գարնանը հեղափոխություն իրականացնելու մասին պնդումներին «Արդարության» ղեկավարն արձագանքեց այսպես. «Այդ հեղափոխություն բառը տեղի-անտեղի շատ է չարչրկվում եւ արժեզրկվում»: Եվ հավելեց. «Թող ինչ-որ գործողություններ սկսեն՝ նոր կխոսենք»: Վերջում նշենք, որ Ստեփան Դեմիրճյանն այս անգամ էլ վստահեցրեց. «Մենք իսկապես գիտենք՝ ի՛նչ անել….», եւ ինքն էլ ծիծաղեց լրագրողների հետ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել