Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելիներս վերադարձեք 2001 թ. նախագծին»

Մարտ 03,2005 00:00

«Հարգելիներս վերադարձեք 2001 թ. նախագծին» Ըստ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դա է առաջարկում Վենետիկի հանձնաժողովը: Երեկ Պարույր Հայրիկյան-Վազգեն Մանուկյան-Աշոտ Մանուչարյան եռյակը քննարկում էր հրավիրել՝ «ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը» թեմայով: Որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կասկած չունի: Սակայն՝ «Այժմ այդ պա՞հն է եւ ի՞նչ փոփոխություն է պետք, որ այն սկսի ինքն իրեն աշխատել». սրանք հարցեր են, որ մտահոգում էին ոչ միայն ԱԺՄ նախագահին: Մի բանում Վ. Մանուկյանը համոզված է. «Եթե Սահմանադրությունը, ժողովրդավարությունը մեզ համար միայն ձեւ են՝ ուրիշներին ցույց տալու, որ մենք իրենց նման ենք, մենք դառնալու ենք երկրորդական պետություն եւ ժողովուրդ»: Իսկ Աշոտ Մանուչարյանը լավ Սահմանադրությունը դեռ լավ կյանքի սկիզբ չի համարում: Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, նա կարծում է, պետք է հզոր քաղաքացիական շարժում: Ի հակակշիռ հավաքում գերակշռող տրամադրությունների՝ որ ներկայիս բարոյաքաղաքական եւ բեւեռացված մթնոլորտում նպատակահարմար չէ երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը կասկած չունի, որ դա Հայաստանի թիվ մեկ խնդիրներից է: «Ես չեմ կարծում, որ մինչեւ նոր ընտրությունները քաղաքական կոնսենսուսի մակարդակը Հայաստանում ավելի լավանա եւ մենք կարողանանք հարցադրումները դնել դրական դաշտում»,- հիմնավորում է նա: Եվ, ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումները պայմանավորելով քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ, ՍԴ անդամի մտավախությամբ, անընդհատ կարող ենք տապալել գործընթացը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախորդ փորձերին՝ Ֆ. Թոխյանն արձանագրում է. «Հիմա վիճակը փոխվել է: Էն երկուսի (Սադոյանի եւ ՄԱԿ-ի նախագծերի- Ն. Գ.) մասին չեմ ուզում ասել, որովհետեւ նրանց հնարավորությունները, որ կմտնեն որպես հիմք, իրականում շատ քիչ են, թեեւ ՄԱԿ-ի նախագիծը բավականին լուրջ եւ լավ կետեր ունի։ Վենետիկցիների միջանկյալ եզրակացությունը (կոալիցիայի նախագծի վերաբերյալ.- Ն. Գ.), որը յուրաքանչյուրն իր կերպ է մեկնաբանում, մի բան է ասում՝ հարգելիներս, վերադարձեք 2001 թվականի նախագծին: Այն իշխանության տարանջատման տեսակետից լավագույն բալանսն է ապահովում: Իմ խորին համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունն այսօր փոխվել է, եւ պատճառը 2003-ի ձախողումն էր: Իշխանություններն այսօր կարեւոր են համարում չկորցնել պետության կառավարելիության աստիճանը. դա պահանջում է ուղղահայաց իշխանության ամրացումը»: Սահմանադրական փոփոխությունների ամենամոլեռանդ ընդդիմախոսը ՄԻԺ նախագահ Ռուբեն Թորոսյանն էր: Գերիշխող փաստարկը՝ սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ չկա: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել