Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարտ 03,2005 00:00

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ Եվս մի նամակ «ընդհատակից» 2004թ. փետրվարին կինս՝ Կարինե Հովսեփյանը, Մարո Բադալյանից գնել է սկեսրայրին՝ Սերգեյ Բադալյանին պատկանող Ն. Տիգրանյան փող. թիվ 5 շենքի 17 բնակարանը: Գործարքը կնքվել է նոտարի մոտ, սկեսրոջ կողմից տրված լիազորագրով, որը նույնպես կնքված է եղել նոտարի մոտ: Հետագայում բնակարանը վերաբնակեցնելու նպատակով, ըստ մեր պայմանավորվածության, այցելել ենք բնակարան եւ պարզել, որ Սերգեյ Բադալյանը հրաժարվում է ազատել բնակարանը: Մեր կողմից ներկայացվել է դիմում՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ Սերգեյ Բադալյանին վտարելու պահանջով: Դատարանը մեր պահանջը բավարարել է: Ս. Բադալյանը բողոքով դիմել է վերաքննիչ դատարան, բայց նա էլ է վճիռը թողել անփոփոխ: Հետագայում Սերգեյ Բադալյանը վճռաբեկ բողոք ներկայացնելու փոխարեն դիմել է դատախազություն: Գործը գտնվում էր Արաբկիրի դատախազության դատախազի ավագ օգնականի վարույթում: Նա մեզ կանչել էր որպես վկա, իր կաբինետում փորձում էր մեզ վրա ճնշում գործադրել, մենք էլ նրան բացատրում էինք, որ ունենք դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը, իսկ նա էլ ավելի ուժեղացնելով ճնշումը, սպառնում էր, որ դա նշանակություն չունի, ամեն ինչ գտնվում է իր ձեռքերում եւ ինքը այնպես կանի, որ մենք կկորցնենք բնակարանը, միաժամանակ առաջարկելով իրեն վճարել 1000 ԱՄՆ դոլար կաշառք, որպեսզի ամեն ինչ մեզ համար բարեհաջող ավարտվի: Մենք դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի կարգի հրավիրեն: ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Սամվել Մանուկյանը կատարեց հացաքննություն, իր մոտ հրավիրեց լրացուցիչ վկաների: Նրա պահանջով ներկայացվել էին Արաբկիրի դատախազությունում վարվող գործը եւ Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժնում վարվող քրեական գործի՝ մեր բնակարանին առնչվող մասը: Որոշ ժամանակ անց պրն Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ մեր բնակարանի հետ կապված որեւէ պրոբլեմ չկա եւ առքուվաճառքի օրինականության հարցը քննարկման առարկա չէ այլեւս: Իսկ այդ չարաբաստիկ օգնականին ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Այս ամենից հետո, ս. թ. փետրվար ամսին մեզ կանչեցին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի քննչական բաժին, որպես վկա «Մարո Բադալյանի կողմից խարդախություն կատարելու» գործով: Ըստ պաշտոնական վարկածի, սկեսրայրը հայտարարում է, որ ինքը նպատակ չի ունեցել բնակարանը վաճառելու, եւ հարսը՝ Մարո Բադալյանը, բնակարանը վաճառելով, իրեն գումար չի տվել: Սակայն նախաքննությունը ունի մեկ ուղղվածություն՝ քրեական գործ հարուցել իմ եւ կնոջս՝ Կարինեի դեմ: Առայսօր 5-6 անգամ մեզ կանչել են հարցաքննության, յուրաքանչյուր անգամ հարցաքննել 8-10 ժամ, ստիպել վերհիշելու այնպիսի մանրամասներ, որոնք գործի հետ որեւէ կապ չունեն: Իսկ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության քննչական բաժնում այդ բոլոր գործերն ու վճիռները մի կողմ են դրվել, մոռացվել է հիմնական «բողոքը» եւ տարվում է միակողմանի քննություն: Իսկ վիճարկող կողմը (բողոքող Ս. Բադալյանը, պատասխանող Մ. Բադալյանը եւ այլք) խոսքները մեկ արած, կարծես նախօրոք գրված սցենարով մեզ շանտաժի են ենթարկում, ներկայացնում նորահայտ իրեղեն ապացույցներ, որոնց մասին խոսք անգամ չի եղել նախորդ քննություններում: Եվ այդ ամենը հալած յուղի նման ընդունվում է քննիչի կողմից (Վահագն Գրիգորյան): Մեր ներկայացրած փաստերը մնում են օդից կախված: Մեր մեջ առաջացան կասկածներ, թե Արաբկիրի դատախազությունը մեզանից վրեժ է լուծում: Հետեւաբար, վրեժխնդրությունից խուսափելու համար անցել ենք ընդհատակ: Ի գիտություն հայտնում եմ, որ վերջին 8 տարիների ընթացքում վիճարկվող բնակարանը արդեն 2 անգամ հանցավոր ճանապարհով վաճառվել եւ ետ է վերադարձվել: ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել