Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանն

Մարտ 03,2005 00:00

Երեւանն այսքան մոտ ու հեռու Չարենցավանցիների համար մայրաքաղաք հասնելը հեշտ չէ – Ավտոբուսի գինը չի՞ լինի մի քիչ իջեցնեք, ընկեր Մկրտչյան,- հարցնում է ուսանողներից մեկի ծնողը: – Չեմ կարող, ես մրցույթը երկու հարյուր հիսուն դրամով եմ շահել,- պատասխանում է Չարենցավանի «Բեռնաուղեւորատարային» պետական ՓԲԸ-ի տնօրեն Մելս Մկրտչյանը: – Հնարավո՞ր է ավտոբուսներ ավելացնել,- հարցնում եմ ես: – Չեմ կարող, ես մրցույթում ինը ավտոբուս եմ շահել, որից երկուսը պահուստում պետք է մնան,- ասում է տնօրենը եւ ցույց տալիս համապատասխան փաստաթուղթը: Սա զրույցից մի հատված է, որը տեղի ունեցավ օրերս տնօրեն Մելս Մկրտչյանի սենյակում: Նախկինում Չարենցավանի ուսանողների եւ մյուս ուղեւորների համար տարբեր գներ էին սահմանված. ուսանողները վճարում էին հարյուր հիսուն դրամ, մյուսները՝ երկու հարյուր հիսուն: 2002թ. սեպտեմբերից տոմսը բոլորի համար դարձավ երկու հարյուր դրամ: 2005-ի հունվարից Չարենցավանի կայարանի տոմսարկղի մոտ փակցվեց հայտարարություն, որում հայտնվում էր, որ սույն թվականի հունվարի 1-ից ուղեվարձը սահմանված է երկու հարյուր հիսուն դրամ: «Ուղեվարձի բարձրացումը հիմնականում կապված է վառելիքի թանկացման հետ»,- գրված է հայտարարության մեջ: Բացի գրավոր այս հայտարարությունից, վարորդները բանավոր հայտարարեցին, որ այսուհետեւ յոթն անց կեսին եւ ութին շարժվող ավտոբուսները կանգառից՝ Աբովյան պուրակից ներքեւ չեն իջնի: Սկզբում վարորդները պատճառաբանել էին, որ իրենց թույլատրված չէ ուսանողներին մինչեւ համապատասխան բուհ հասցնել, բայց հետո նրանցից մեկը «խոստովանել» էր՝ պարզապես զայրացած են ուսանողների վրա, որոնք տունդարձին օգտվում են «Գազել»-ներից: Սակայն ճիշտ չէր լինի մեղքը բարդել բոլորի վրա, շատերը Չարենցավան վերադառնում են ավտոբուսներով: Մյուսներն էլ ասում են, որ երկու հարյուր հիսուն դրամ ավտոբուսին վճարելու փոխարեն հարյուր դրամ կավելացնեն եւ ավելի հանգիստ՝ «Գազել»-ով կգնան: Նշենք միայն մի պայման՝ եթե հնարավոր լինի ներս սպրդել: Պետք է ասել, որ կեսօրին հնարավոր է հանգիստ վերադառնալ Չարենցավան: Վիճակը բարդանում է երեկոյան, երբ ժամը հինգին գնում է վերջին ավտոբուսը: Երկրորդ հերթ սովորող ուսանողները եւ մյուս ուղեւորները աշխատում են որքան հնարավոր է հարմար կանգնել, որպեսզի «Գազել»-ի դուռը բացվելուն պես ներս մտնեն: Որոշ ժամանակ գործում էր ավտոբուս՝ նաեւ ժամը յոթին: Այն հարցին, թե ինչու այժմ չի աշխատում այդ ավտոբուսը, ընկերությունում պատասխանեցին. «Մենք ուսումնասիրել ենք, ուշ ժամի ուսանող չկա»: Մեկ անգամ երեկոյան լինելով կանգառում՝ դժվար կլինի հավատալ այդ ուսումնասիրությանը: Շատ ծանրաբեռնված են լինում նաեւ առավոտյան ավտոբուսները: Թեեւ «Լազ» տիպի երեսուներկու տեղանոց ավտոբուսներին թույլատրված է տեղափոխել վաթսուներկու մարդ, բայց ուսանողներն ասում են, որ իրենց հաշվարկներով երբեմն ութսուն-իննսուն մարդ է լինում: «People in need» հասարակական կազմակերպությունը 2004թ. դեկտեմբերին ստորագրահավաք էր կազմակերպել՝ ավտոբուսները ավելացնելու նպատակով: Կազմակերպության կոորդինատոր Ռուզան Վարդանյանն ասում է, որ իրենք հավաքել էին մոտ հազար ստորագրություն, որի հիման վրա էլ նամակ էին գրել պարոն Մկրտչյանին, սակայն մինչեւ օրս պատասխան չեն ստացել: Այդուհանդերձ, կազմակերպության անդամները մտադիր չեն պայքարը թուլացնել, նամակ կգրեն նախագահին: Տարբեր տարիների նմանատիպ բողոք-դիմումների համար ուսանողները ստորագրել են մի քանի անգամ: Ուսանողական խորհրդի նախագահ Հարություն Ծատուրյանն ասում է, որ անցյալ տարի իրենք դիմեցին անգամ տրանսպորտի նախարարություն եւ համառ պայքարից հետո ժամը ինին եւ յոթին ավտոբուսներ ավելացրին: ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել