Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՑԱՐՏԻ

Մարտ 05,2005 00:00

ՄՈՑԱՐՏԻ ԵՐԿՐՈՒՄ ՄՈՑԱՐՏԻՆ ԿԱՐՈՏ ՄՆԱՑԻՆՔ Թերեւս ընթերցողը զարմանա, որ լուսանկարային ռեպորտաժում որեւէ պատկեր չկա մեծն Մոցարտի մասին: Ցավոք, Աժ նախագահի այցի շրջանակներում ծրագրված չէր որեւէ մշակութային միջոցառում կամ, գոնե, այցելություն մոցարտյան վայրեր: Մենք չայցելեցինք նաեւ Ֆրանց Վերֆելի գերեզմանին, ու էլի շատ բաներ չտեսանք: Մեզ մնում էր միայն հընթացս փախցնել մի քանի կադրեր քաղաքի ընդհանուր տեսքից: Ամեն երկրորդ խանութի, սրճարանի ցուցափեղկում կամ մուտքի դռանը Մոցարտին նմանվող մի պատկեր էր երեւում: Եվ դա այն ամենն էր, որ մենք տեսանք Վիեննայում: Իսկ Մոցարտի կարոտն առնել ավելի ուշ՝ արդեն Երեւանում, նրա երաժշտությունը վայելելով: Այս արձանը տեղադրված է Ավստրիայի առողջապահության նախարարության շենքում: Շենք մտնող բոլոր այցելուներին անգլուխ այս մարդը դիմավորում է հենց մուտքի մոտ: Առաջին պահին սարսռում ես, չհասկանալով, թե առողջապահության խնդիրներով զբաղվող կառույցում ի՞նչ գործ ունի այս «վախենալու» արարածը: Բայց մակագրությունը կարդալուց հետո որոշ հարցեր պարզվում են: Արձանը ստեղծվել է 1910 թվականին, անունը Գիգանտ է: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ արձանի գլխին ռումբ է ընկել եւ վնասվել են մարմնի երեք կարեւորագույն կետերը: Գիգանտը չի վերակառուցվել մեկ նպատակով, որպեսզի ցույց տրվի սերունդներին, թե մարդը մարդուն ինչպիսի վնասներ կարող է հասցնել: Ավստրիական Ֆորելբերգ երկրամասի խորհրդարանի ճեմասրահները նման են իսկական պատկերասրահի: Այստեղ ցուցադրված են արվեստ գործեր, արձանիկներ, նույնիսկ խորհրդարանի բոլոր տարիների նախագահների նկարները ոչ թե սովորական լուսանկարներ են, ինչպես մեզ մոտ, այլ՝ յուղաներկ հսկա կտավներ, ի տարբերություն մեր ԱԺ նախագահների նկարների, որոնք պատկերված են անհայտ ժամանակների լուսանկարների միջոցով եւ գրեթե բոլորն էլ նույն փողկապներով: Այստեղ նաեւ կովերի հսկա արձաններ են տեղադրված, ընդ որում, մարմնից ավելի մեծ արտահայտված են կաթնատու մասերը, որպես ալպիական կաթի եւ սննդամթերքի խորհրդանիշ: Իսկ այս երկգլխանի, երկկտուց թռչնի մասին Ֆորելբերգի խորհրդարանի նախագահը բավականին հարգանքով էր խոսում, ասելով, որ այս երկբերանանին ստիպում է շատ պատգամավորների՝ խոսելուց առաջ մի լավ մտածել եւ ավելորդ բառեր շաղ չտալ: Եթե ավստրիացիներին այս թռչունը օգնում է, մեր պատգամավորների վրա որեւէ դրական ազդեցություն հաստատ չէր ունենա: Թե չէ՝ կարելի էր որոշ ժամանակով նրան «հրավիրել» Հայաստանի խորհրդարան: Աբբահայր Պողոս վարդապետ Քոջանյանը ցույց է տալիս Հայաստանի առաջին հանրապետության դրոշն ու զինանշանը, եւ բացատրում, որ Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանը փակվել է հինգ տարի առաջ եւ այժմ ամբողջ գրականությունը տպագրվում է Հայաստանում, Գյուլբենկյան հաստատության միջոցներով: Միաբանների թիվն այսօր քիչ է եւ ստիպված են դիմել նաեւ աշխարհականների օգնությանը՝ «Բազմավեպ» եւ «Հանդես ամսօրյա» թերթերը հրատարակելու համար: Թանկարժեք մորթեղենի այս խանութը գտնվում է Վիեննայի սուրբ Ստեֆանի եկեղեցու հրապարակում: Այստեղ կարծում են, որ «Միստր Լիսկա» խանութների ցանցը որեւէ կապ չունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, այսինքն՝ Լիսկայի հետ: Ավստրիացիներն ընդհանրապես ոչինչ չգիտեին հայկական Լիսկայի, եւ նրա ստեղծած «Սյունիք» հասարակական կազմակերպության մասին: Եվրոպացիների համար «Միստր Լիսկան» ընդամենը թանկարժեք մորթեղենի խանութ է, որում գարնան շեմին զգալի զեղչեր էին: Այս գովազդային վահանակը ցուցադրված է ավստրիական բոլոր քաղաքներում: Որքան հասկացա մակագրությունից, գովազդվում էր նիհարելու ինչ-որ միջոց: Սակայն ավստրիացիք այնքան նրբակազմ են ի բնե, որ այս գովազդից օգտվելու կարիք չունեն: Իսկ բարձրահասակ այս գեղեցկուհու դեմքը թմբլիկի գգվանքից այնպես էր ձգվել, որ վահանակը կարելի է դիտել, օրինակ, թե ո՞ւմ հետ չի կարելի գրկախառնվել: Փուչիկի հանդեպ սերը ավստրիացիներին ստիպում է իրար փուչիկներ նվիրել այնպես, ինչպես ծաղիկներ են նվիրում: Փուչիկ վաճառող այս ծաղրածուն ամենեւին էլ ծաղրածու չէ, նա պարզապես սիրում է մարդկանց ուրախություն պարգեւել եւ իր հիմնական աշխատանքից (խանութի աշխատող է) ազատ օրերին սիրում է կանգնել Վիեննայի հրապարակում եւ փուչիկ վաճառել, ընդ որում, բավականին երկար պատմում է ամեն մի փուչիկի «կենսագրություն», բացատրում, թե որ գույնի փուչիկը ինչ է խորհրդանշում: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել