Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

Մարտ 10,2005 00:00

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ ԿԳՆ գիտության գծով փոխնախարար Արտակ Սահրադյանը գիտնականների դժգոհությունը բացատրում է ինստիտուտների տնօրենների սխալ վերաբերմունքով: Հիշեցնենք՝ վերջին շրջանում, կապված ԳԱԱ ինստիտուտների ֆինանսավորման հետ, գիտնականները բողոքի ալիք էին բարձրացրել՝ դժգոհելով սպասվելիք կրճատումներից, ինչում մեղադրում էին ԿԳՆ-ին: Վերջապես պատասխանելով մեր հրապարակումներին՝ Արտակ Սահրադյանը փորձում է ապացուցել, որ մեղքը ոչ թե իրենցն է, այլ այդ ինստիտուտների տնօրեններինը: «Խնդիրն այն է, որ այս խեղճ մարդիկ (գիտնականները- Հ. Բ.) տասնյակ տարիներ սովորել են պայմանագրայինով աշխատավարձ ստանալ», իսկ այս տարի առաջին անգամ իրականացվեց պետության կողմից հատկացված բազային բաղադրամասի՝ հիմնարար, կարեւորագույն հետազոտական ծրագրերի (կադրերի պատրաստում, ազգային արժեքների պահպանում եւ այլն) ֆինանսավորումը: Իհարկե, կա նաեւ պայմանագրային թեմատիկ ծրագրերի ֆինանսավորում, որ ավելի շատ պետության դրամաշնորհային ծրագրերի ձեւով է տրվում: Սակայն այս նորարարությունից օգտվելով՝ տնօրենները հավանաբար փորձում են թյուրիմացության մեջ գցել իրենց աշխատակիցներին՝ մեղքը բարդելով վերեւների վրա. «Երեւի ասում են՝ գնացեք, ինչ կպոկեք՝ մեր օգուտն է, եթե այսպես կոպիտ ասենք»,- ենթադրում է պրն Սահրադյանը: Ստեղծված խառնաշփոթը, ըստ փոխնախարարի, մեր գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների՝ իրավիճակին ոչ հստակ տիրապետելն է, «կամ պարզապես պատասխանատվությամբ չեն մոտենում հարցին եւ տեղեկատվություն չեն տալիս իրենց ինստիտուտների գիտական աշխատակիցներին, որ մենք հաստիքների ֆինանսավորման 60 տոկոսը բազային ծրագրերի ֆինանսավորմամբ ենք ստացել: Այսինքն՝ մնացել է պայմանագրային 40 տոկոսը, որն էլ հեշտությամբ լուծվում է: Տնօրեններն այս ինֆորմացիան լրջորեն չեն տրամադրում իրենց գիտական հանրությանը, եւ, ցավոք, ես դա համարում եմ նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունք՝ իրենց պարտականությունների կատարման տեսանկյունից»: Պրն Սահրադյանը ինստիտուտների տնօրեններին հավաքել եւ ասել է, որ ԿԳՆ եկող բազմաթիվ բողոքները նրանց ոչ լավ աշխատանքի արդյունքն են, որ նրանք ճիշտ չեն տեղեկացնում. «Դուք ստացել եք, մատուցեք մարդկանց, որ մարդիկ հանգիստ լինեն, մարդիկ անհանգիստ են, իրենք դուրս են մնում, դաշտից կհեռանան, չի կարելի»: Պրն Սահրադյանը խոսել է նաեւ բողոքող գիտնականների հետ: «Գնացեք, ձեր տնօրեններին ասեք, որ բազային ֆինանսավորումը ձեր սեփականությունը չէ, դա տրվել է գիտական դպրոցի պահպանման եւ վերակենդանացման համար, դա տրվել է ձեր ստրուկտուրայի պահպանման համար: Մտածե՛ք դուք մեր մասին, պարոնա՛յք տնօրեններ, ինչո՞ւ չեք ասում»,- գիտնականներին է դիմում փոխնախարարը: Անցյալ տարի, պաշտոնական տվյալների համաձայն, պետբյուջեից գիտությանը տրամադրված ֆինանսավորումը եղել է 3 մլրդ 312 մլն դրամի չափով, իսկ այս տարի այն 4 մլրդ 102 մլն է: «Փաստորեն, մեր գիտնականները, մեր գիտական հանրությունը չի ընկալել, որ, այո, թեմատիկ ֆինանսավորումը պակասել է, բայց այս տարի ավելացել է բազային բաղադրամասը. պետությունն իր քաղաքականության մեջ առաջին անգամ գնաց գիտության բազային ճյուղերը ֆինանսավորելու, այսինքն՝ գիտական դպրոցները վերականգնելու ուղղությամբ: Մինչեւ հիմա գրանտային համակարգն էր միայն գործում, եւ գիտական դպրոցները, լաբորատորիաները վերացել են, մեծ մասը գոյություն չունի»: Բուսաբանական այգու հաստիքների կրճատման առնչությամբ բազմաթիվ բողոքների հետ կապված պարզաբանումները՝ վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել