Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿՓՈՐՁԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՍՆԵԼ 32-Ը

Մարտ 11,2005 00:00

Փաստաբանների
միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը մանրամասներ է ներկայացնում 2004-ին
կալանավորված ընդդիմադիրների՝ եվրոպական դատարան մուտք արված 16 դիմումների մասին:
«2004-ին ընդդիմության միջոցառումներին մասնակցելու համար պատասխանատվության
ենթարկվածների թիվն ավելի շատ էր՝ 500-ից ավելի,- հիշեցրեց Տիգրան Տեր-Եսայանը:-
Մենք ուսումնասիրել ենք 176 գործեր, որոնցից 32-ը մինչեւ մայիս մուտք կարվեն Մարդու
իրավունքների եվրոպական դատարան»: Հապաղման պատճառը նա բացատրեց այն հանգամանքով,
որ Հայաստանի դատական ատյաններում փոքր-ինչ ձգձգվեց այս գործերի բողոքարկման ու նաեւ՝
փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը. «Մի քանի գործեր ավարտվել են, ասենք, 2004-ի
նոյեմբերին: Շատերին որոշումներ չէին տվել՝ մեծ դժվարություններ հաղթահարեցինք փաստաթղթեր
հավաքելիս»: Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն իսկ մուտք են արվել
16 դիմումներ, այդ թվում՝ Էդգար Առաքելյանի, Գրիշա Վիրաբյանի, Լավրենտի Կիրակոսյանի,
Ժորա Սափեյանի, Արտակ Զեյնալյանի, Արտակ Գաբրիելյանի գործերը: Վերջինիս (հիշեցնենք՝
կոմունիստ Արտակ Գաբրիելյանը պայմանական ազատազրկման էր դատապարտվել թռուցիկներ տարածելու
համար) գործին Փաստաբանների միջազգային միության նախագահն անդրադարձավ առանձնակի.
«64-ամյա այդ մարդը հիմա էլ պատժամիջոց է կրում, փորձաշրջան անցնում: Նրա գործով
վճիռը շատ հետաքրքիր է: Վճռաբեկ դատարանը վճռում եվրոպական դատարանին նախադեպային
հղումներ է արել, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Արտակ Գաբրիելյանը փաստաբան
չի ունեցել ամբողջ դատաքննության փուլում եւ դատարան իր բողոքի մեջ ներկայացրել է,
որ այդ մասով իր իրավունքը խախտվել է, քանի որ փաստաբանն իր կարգավիճակին ոչ վայել
վարքագիծ է դրսեւորել՝ առանց իրեն տեղյակ պահելու մեղայական է գրել դատախազությանը
եւ ընդունել իր մեղքի բաժինը: Սակայն վերաքննիչ դատարանը թեեւ տեղյակ է եղել, բայց
անտեսել է այդ հանգամանքը, որ նա դատաքննության ընթացքում չի ստացել փաստաբանական
պատշաճ ծառայություն: Իսկ վճռաբեկ դատարանը հղում անելով «Արտիկոն ընդդեմ Իտալիայի»
եւ «Էնգելն ընդդեմ Նիդեռլանդների» գործերին՝ նշել է, թե այս դիմումատուներն էլ փաստաբան
չեն ունեցել, սակայն քանի որ իրավաբաններ են եղել՝ Մարդու իրավունքների եվրոպական
դատարանը խնդիր չի տեսել նրանց իրավունքների պաշտպանության առումով (հիշեցնենք, որ
Արտակ Գաբրիելյանն էլ է իրավաբան.- Ա. Ի.): Բայց «Էնգելն ընդդեմ Նիդեռլանդների» գործը
լրիվ այլ է՝ այնտեղ խոսքն ընդամենը ծառայողական քննության մասին է, եւ չի կարելի
համեմատություններ անել Արտակ Գաբրիելյանի գործի հետ: Իսկ «Արտիկոն ընդդեմ Իտալիայի»
գործի առնչությամբ եվրոպական դատարանն, ընդհակառակը, նշել է, որ թեեւ Իտալիայի ներպետական
դատարանը գտել է, թե սա շատ պարզունակ գործ է եւ անհրաժեշտություն չկա շահերի ներկայացուցիչ
ներգրավելու՝ չի նշանակում, թե ամբաստանյալն իրավունք չուներ փաստաբան ունենալու»:
Պարզ էր, որ Արտակ Գաբրիելյանի պարագայում նշվելու է, թե խախտվել է Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ նրա արդար դատաքննության իրավունքը:
Մեր հարցին, թե կոնվենցիայի ի՞նչ այլ հոդվածներ են խախտված համարվել մնացած գործերում՝
Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց. «Բոլոր 16 գործերում էլ խախտված են արտահայտման,
տեղաշարժի ազատության եւ արդար դատաքննության իրավունքը: Էդգար Առաքելյանի գործում
կոնվենցիայի մեկ այլ հոդված էլ է խախտված. նա դատարանում հայտարարություն էր արել,
թե արժանացել է խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, եւ դատավորն անտեսել է այդ
հայտարարությունը: Մինչդեռ կոնվենցիան հստակ ամրագրում է, որ նման պնդման դեպքում
դատարանը պարտավոր էր անցկացնել քննություն: Էդգար Առաքելյանի դեպքում էլ փաստաբանի
խնդիր կա. վերջինս առանց իր պաշտպանյալին հանդիպելու՝ ստորագրել է մի շարք փաստաթղթերի
տակ»: Նշենք, որ այս բոլոր գործերով պաշտպանությունը Տիգրան Տեր-Եսայանը ստանձնել
է բացարձակապես անվարձահատույց: Եվ մեր հարցին ի պատասխան, թե այս գործընթացներում
որքանո՞վ է աջակցություն ստանում այն կուսակցություններից, որոնց անդամը կամ համակիրն
են իրենց իրավունքները հետեւողականորեն պաշտպանող մարդիկ՝ պատմեց, որ հանդիպել է
Ստեփան Դեմիրճյանին, «Հանրապետության» ղեկավարներին եւ Վազգեն Մանուկյանին: Ի դեպ,
թեեւ ԱԺՄ նախագահը մեզ հետ զրույցում ինքնաքննադատաբար նշել էր, թե բավական հետեւողական
չեն եղել այս առումով՝ Փաստաբանների միջազգային միության նախագահը «պաշտպանության»
տակ առավ նրան. «Նա քաջատեղյակ է այս հարցերում: Ինչպես նաեւ «Արդարության» ղեկավարն
է հանգամանալից հետաքրքրվում բոլոր գործերի ընթացքով՝ անկախ նրանից, թե ինչ կուսակցական
պատկանելություն ունեցող անձի է վերաբերում այն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել