Մարքսիստ
Դավիթ Հակոբյանը ցիտում է մարքսիստ Վլադիմիր Ուլյանովին Հայաստանի մարքսիստական
կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, Հայաստանի 15-ամյա անկախ հանրապետությունում
բոլոր իշխանափոխությունները կատարվել են «խունտիզմի, բլանկիզմի, քաղաքական ավանտյուրիզմի,
պալատական տեռորիզմի եւ բոնապարտիզմի» միջոցով: 1995 թվականին ընդունված «Ընտրական
օրենսգիրքը» նա համարում է «երկրապահների խունտայի կողմից պարտադրված», որը հայ ժողովրդին
«պարտադրել է գույքային, ցենզային» ընտրական իրավունք: Դրա պատճառով էլ «կեղծ ժողովրդավարները
եւ բարեփոխիչները Հայաստանը դարձրել են արյունոտ շահատակությունների թատերաբեմ»:
Ուստի, մարքսիստի համոզմամբ, այսօր պատմական պահն է, որ Հայաստանում նոր ընտրական
իրավունք ձեւավորվի: Վերջերս ՀԺԱՄ-ՀՌԱԿ-«Հզոր հայրենիք» համագործակցությունը
նույնպես հայտ ներկայացրեց ԸՕ-ում իրենց պատկերացրած փոփոխություններն ընդգրկելու
համար: Դավիթ Հակոբյանը միանգամայն կիսում է այդ պատկերացումները եւ հայտարարում,
որ առաջին անգամ այդ առաջարկներն իր կուսակցությունն է բարձրաձայնել: Բացի այդ, մարքսիստների
գերագույն խնդիրն է արտախորհրդարանական ուժերին հայտարարել, որ «իշխանափոխության
պրոցեսում այսօր գլխավոր հարվածի ուղղությունը նոր ԸՕ-ի ստեղծումն է»: Նա հույս ունի,
որ այս հողի վրա կոնսոլիդացիա կկայանա: «Նոր ընտրական դոկտրինա կամ արքայական գամբիտ.
ընտրեք ինքներդ՝ պարոնայք լիբերալ պրաֆեսուրաներ»,- ասում է Դավիթ Հակոբյանը: Ընտրահանձնաժողովներում
վերականգնել մոնիտորինգի ինստիտուտը, սանձել քաղաքական կոռուպցիան, որը քաղաքականությունը
դարձրել է եկամտի աղբյուր: Գույքային-ցենզային ընտրական իրավունքից անցում կատարել
համընդհանուր ընտրական իրավունքի, որպեսզի բացառվի հասարակության դիսկրիմինացիան
եւ հավասար ստարտային պայմաններ ստեղծվի. «5000 դոլար ընտրագրավ դրվում է ե՛ւ 400-500
միլիոն դոլար ունեցող օլիգարխների համար, ե՛ւ 5000 դրամ ստացող բժշկի ու ուսուցչի
համար: Այդպիսով, ազգի ինտելեկտուալ սերուցքը հայտնվում է խաղից դուրս: Եթե անցնում
ենք մեր տարբերակին՝ եկամուտներից, որոնց մասին հայտարարագիր է ներկայացվում, 10
տոկոս են վճարում»,- ասում է Դ. Հակոբյանը: Ինչպես նաեւ՝ վերացնել 5 տոկոսի շեմը.
«Մեկ տոկոս հավաքած կուսակցությունը մեկ մարդ է տալիս: Սրանով արգելում ենք ֆրակցիոն
պայքարը պառլամենտում՝ երբ մի որոճող կենդանի արարած 40 պատգամավորի խոսքի վրա կողպեք
է դնում: Լենինն ասել է. «Ֆրակցիոն պայքարը պառլամենտի մահն է»: Վերջ: Մենք դեմ ենք
դրան»: Եվ վերջինը՝ վերացնել բանակի ընտրական իրավունքը, բացի սպայական կազմից, քանի
որ, պարոն Հակոբյանի համոզմամբ՝ բանակը հանցագործ դերակատարում է ունեցել բոլոր ընտրություններում:
Դիտարկմանը, որ շատ եվրոպական երկրներում 5 տոկոսի շեմը նույնիսկ բարձրացվել
է մինչեւ 7 տոկոս, մեր զրուցակիցը արձագանքեց. «Իսկ բյուլետեններն ընտրություններից
առաջ գիշերները նկարելը, դրանք այրելը ե՞ւս եվրոպական չափանիշներ են: Եվրոպայի հետ
ոտք չպարզեք: Ազգի վրա թքել՝ ուռնաներում խտացված ընտրաթերթիկների ձեւով՝ ոչ ոքի
իրավունք չի տրված»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ