Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԱՆԸ ԿՏՈՒԺԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ»

Մարտ 15,2005 00:00

«ԻՐԱՆԸ
ԿՏՈՒԺԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ» Ամերիկա-իրանական հարաբերությունների
ներկայիս մակարդակի գնահատմանը եւ ստեղծված ծանր վիճակից դուրս գալու հնարավոր տարբերակներին
էր նվիրված «կլոր սեղանը», որ մարտի 14-ին կազմակերպել էր Լրատվամիջոցների կովկասյան
ինստիտուտը: «ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ» հիմնական զեկուցմամբ հանդես
եկավ Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Իրանի վերաբերյալ
հետազոտությունների ծրագրի ղեկավար Շիրին Հանթերը: Նրա գնահատմամբ, ԱՄՆ-ի եւ Իրանի
հարաբերություններում երկար տարիների ընթացքում ձեւավորվել է «մեծ անվստահության
պատ», եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ անվստահությունը հաղթահարելու համար:
Այսպես, ըստ Շ. Հանթերի, ԱՄՆ-ը գտնում է, որ ԻԻՀ-ի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում
չի համապատասխանում իր շահերին: Մյուս կողմից, Թեհրանը շատ զարմացած է, որ ԱՄՆ-ը,
ըստ էության, ոչ մի ձեւով չարձագանքեց Իրանի դեմ Իրաքի հարձակմանը 1980 թվականին.
«Դա շատ ծանր է Իրանի համար ինչպես քաղաքական, այնպես էլ ազգային տեսակետներից»,-
հայտարարեց Շիրին Հանթերը: Շիրին Հանթերը գոհունակություն արտահայտեց այն
առնչությամբ, որ ԻԻՀ-ի եւ առաջատար եվրոպական երկրների միջեւ բանակցություններ են
վարվում մի շարք կարեւոր հարցերի եւ առաջին հերթին Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ:
Սակայն, նրա կարծիքով, Եվրոպան չի կարող մինչեւ վերջ լուծել բոլոր խնդիրները «առանց
ԱՄՆ-ի կողմից կանաչ լույսի»: Նա այդ առումով հուսադրող համարեց ԱՄՆ նախագահ Ջորջ
Բուշի եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջին այցը Եվրոպա. «ԱՄՆ-ը մտադրություն
ունի լծակներ ապահովել ԻԻՀ տնտեսական զարգացման համար, եւ եթե ԻԻՀ-ը չարձագանքի այդ
դրական ազդանշաններին, ապա պահը բաց կթողնվի այս անգամ եւս»: Նա հույս հայտնեց,
որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ առկա խնդիրները կհաջողվի կարգավորել Եվրամիության երկրների
մասնակցությամբ բանակցությունների ճանապարհով: Դրա հետ մեկտեղ, Շ. Հանթերը նշեց,
որ Իրանը, որը կարող է ամենաշատը տուժել խնդրի ռազմական լուծման դեպքում, պետք է
ավելի մանրակրկիտ քննի իր բոլոր քայլերը: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել