Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդագույն» մեկնաբանություն

Մարտ 18,2005 00:00

«Վարդագույն» մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունը, որն, այսպես կոչված, «գրավյալ տարածքներում» իրավիճակի դիտարկումներ էր անցկացրել, օրերս պաշտոնապես ներկայացրել է իր զեկույցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Ինչպես սովորաբար վարվում են մերոնք միջազգային համանման փաստաթղթերի հետ, այս դեպքում էլ ՀՀ ԱԳՆ-ն մեջբերել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի միայն մեզ համար հաճո դրույթները, ընդ որում՝ զուգահեռաբար դրանց յուրովի մեկնաբանությամբ: Մինչդեռ բնօրինակում նաեւ ասված է, թե փաստահավաք առաքելության «դիտարկումները չեն կարող սպառիչ համարվել եւ վիճակագրական ճշգրտությամբ ներկայացնել իրավիճակը օկուպացված տարածքներում: Բայց համանախագահները գտնում են, որ առաքելության ստացած տվյալները մոտ են այդ շրջաններում առկա իրական վիճակին»: Զեկույցի եզրակացության մեջ նշված է նաեւ, որ թեեւ փախստականների մեծ մասը, որոնց հետ զրուցել են փաստահավաք առաքելության անդամները, ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, այդուհանդերձ, որքան նրանք երկար մնան գրավյալ տարածքներում, այնքան ավելի խոր արմատներ կգցեն այդ բնակավայրում, իսկ այդ իրավիճակի շարունակումը կարող է կանգնեցնել կատարված փաստի առջեւ, ինչը լրջորեն կդժվարացնի խաղաղ գործընթացը: Համանախագահները նաեւ անհանգստություն են հայտնել Ադրբեջանի գրավյալ տարածքները ապագայում բնակեցնելու վերաբերյալ: Նրանք նաեւ կոչ են արել կողմերին՝ արագացնել քաղաքական կարգավորումը՝ խուսափելու համար շրջանի դեմոգրաֆիական կառուցվածքի փոփոխություններից: Առաքելության դիտարկմամբ, փախստականների վերադարձն ու մարդկանց ներքին տեղաշարժերը կարող էին հնարավոր լինել միայն կարգավորման պայմանագրերի շրջանակներում: Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն իր տարածած հայտարարություն-մեկնաբանության մեջ՝ մեջբերելով զեկույցի հատվածներից մեկը, թե՝ «գ/ Այն բնակիչները, որոնք ապաստանել են այս տարածքներում, հիմնականում Ադրբեջանի շրջաններից են», մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Փաստահավաք առաքելությունը հանգել է այն եզրակացության, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը հանդիսանում են Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանված անձինք, մասնավորապես՝ Շահումյանից (Գերանբոյ), Գետաշենից (Չայկենդ), որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, ինչպես նաեւ Սումգայիթից եւ Բաքվից»: Մինչդեռ զեկույցում այդպիսի եզրակացություն չկա, եւ վերոհիշյալ տեղանուններն ընդհանրապես չեն հիշատակվում: Կամ, ՀՀ ԱԳՆ-ն մեջբերում է՝ «համանախագահներն արձանագրում են, որ «Փաստահավաք առաքելության կողմից հարցման ենթարկված վերաբնակիչների մեծ մասը ցանկություն են հայտնել վերադառնալ այն շրջանները, որոնցից գաղթել են» եւ շարունակում մեկնաբանել՝ «սակայն նախկինում հայաբնակ, իսկ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայերի տները բռնագրավվել են ադրբեջանցիների կողմից», ինչի մասին եւս զեկույցից հետեւություն անել չի կարելի: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել