Լրահոս
Օրվա լրահոսը

…ՆԱԵՎ

Մարտ 18,2005 00:00

…ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴ Մարզասերներին տեղեկացրել ենք, որ փետրվարի 28-ից մարտի 6-ը Տալլինում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությունում Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի լավագույն մասնակից Նորայր Բախտամյանը նվաճեց արծաթե մեդալ՝ միավորների աննշան քանակով զիջելով հաղթող դարձած ֆրանսիացի մարզիկին: Մեր մարզական մեկնաբանը երեկ զրուցեց Նորայրի անձնական եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ: – Պարոն Նիկողոսյան, նախ շնորհավորում ենք ձեզ եւ ձեր սանին մրցաշրջան- 2005-ում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճելու առթիվ: Ոսկե մեդալին ընդամենը 0,1 միավոր չբավականացրեց: Ի՞նչ կասեք այդ մասին: – Պայքարն անչափ սուր էր: Եթե հիշում էք, երրորդ մրցանակակիրն էլ իր հերթին Նորայրին 0,1 միավորով զիջեց: Եթե ավելի ճշգրիտ ձեւակերպելու լինենք, չեմպիոնության համար պայքարում ոչ թե Նորայրը պարտվեց (նա շատ լավ հանդես եկավ), այլ ֆրանսիացին հիանալի կրակեց ու հաղթեց: Բայց մրցաշրջանը նոր է սկսվում, ու ես հույս ունեմ, որ Նորայրը իր խոսքը դեռ կասի: – Տալլինում Հայաստանից էլի մասնակիցներ կային, որոնց մրցելույթների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: – Այո: Մեր հանրապետությունը մրցավայր էր մեկնել հինգ հոգով: Բախտամյանից բացի, հավաքականի կազմում էին Իրինա Աղաջանյանը, Անի Առաքելյանը, Արամ Սարդարյանը եւ Անդրանիկ Փիլոյանը: Նրանք բոլորն էլ դեռ երիտասարդ են, սակայն ապագայի հույսեր են ներշնչում: Ես Եվրոպայի առաջնությունում նրանց հետ առանձնակի հույսեր չէի կապում: Այդ հրաձիգների մասնակցությունն ավելի շատ փորձի ձեռքբերման նշանակություն ուներ: Նրանք առաջին անգամ էին հանդես գալիս նման խոշոր մրցումում: Սակայն պիտի ասեմ, որ Տալլինում հանրապետական նշանակության մարզական արդյունք գրանցվեց: Երիտասարդների մրցակցությունում 19-ամյա Անի Առաքելյանը 10 մետր օդամղիչ ատրճանակով մրցաձեւում 70 հոգու մեջ գրավեց 15-րդ տեղը՝ վաստակելով 385 միավոր: Դա Հայաստանի ռեկորդ է, որը երկու միավորով գերազանցում է դեռեւս 1983 թվականին Կարինե Աշչյանի սահմանած արդեն նախկին բարձրագույն նվաճումը՝ 383 միավոր: Ինչ վերաբերում է մեր մյուս հրաձիգներին, նրանք զբաղեցրին միջին եւ հետին դիրքեր: Սակայն, կրկնուն եմ, ես առանձնակի ակնկալիքներ չունեի: – Եվրոպայի առաջնությանը որտե՞ղ եք նախապատրաստվել: – Լվովում, քանի որ Հայաստանում համապատասխան բազա եւ հնարավորություն չկա: – Ձեր մարզաձեւում շատ բան կախված է լավորակ զենքից: – Լվովում մի շատ լավ զինագործ կար, որը նորոգեց, կարգի բերեց մեր զենքերը: Այնպես որ, դժգոհություններ չունենք: – Ի՞նչ ծրագրեր են կազմված այս տարվա համար: – Հիմա պատրաստվում ենք ապրիլի 7-10-ը Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը: Դրա արդյունքներով կորոշվի հանրապետության երիտասարդական հավաքականի կազմը, որը հուլիսին կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք ԱՊՀ երկրների երիտասարդական սպարտակիադային: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է բաց հրաձգարաններում, աշխարհի գավաթի խաղարկության փուլերը՝ Գերմանիայում, Իտալիայում… Դրանք նաեւ 2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ են: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել