Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻ ԳՈՒՅՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»

Մարտ 23,2005 00:00

«ՈՉ ՄԻ ԳՈՒՅՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ» «Մուսաֆաթ» կուսակցության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիզադեն չի կիսում իր ընդդիմադիր գործընկերների ոգեւորությունը: Անցած շաբաթ ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Մալքոլմ Բրյուսի Բաքու կատարած այցից հետո՝ արդեն մարտի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով Նովրուզի տոների առիթով բանտերից ազատ արձակվեցին 114 քաղբանտարկյալներ, այդ թվում՝ 2003 թ. նախագահական ընտրություններից հետո արմատական ընդդիմության առաջնորդներից եւ շարքային անդամներից մի քանիսը: Գրեթե միաժամանակ, անցյալ կիրակի Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր երեք՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ», Դեմոկրատական եւ «Մուսաֆաթ» կուսակցությունների առաջնորդները համաձայնագիր ստորագրեցին նախընտրական միասնական դաշինք ստեղծելու մասին: Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց հիշյալ կուսակցությունները մտադիր են մասնակցել միասնական ցուցակով եւ միասնական թիմով, որտեղ կընդգրկվեն նաեւ մարտի 20-ին ներման ենթարկված ընդդիմության յոթ առաջնորդները: «Ժողովրդական ճակատի» նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, թե համաձայնագրի ստորագրումը պատմական նշանակություն է ունենալու 2005-ին, եւ դա հնարավորություն է տալու ընտրակեղծիքներին վերջ դնել: Ա. Քերիմլին համոզմունք է հայտնել, որ առաջատար ընդդիմադիր ուժերին կհաջողվի արմատապես փոխել Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակը. «Այս տարվա նոյեմբերին ադրբեջանցիները կրկին ընտրություն անելու առաջ կկանգնեն՝ քվեարկել իր դարն ապրած կոռումպացված իշխանությա՞ն, թե՞ ժողովրդավարական ուժերի օգտին, որոնք ունակ են հանուն երկրի բարօրության վերակազմավորումների թարմություն մտցնել»: Նա խոստովանել է նաեւ, թե 2003-ի նախագահական ընտրություններից հետո ադրբեջանական հասարակությունը հոռետեսական տրամադրություններ ունի, եւ ընդդիմադիր դաշինքի ձեւավորման նպատակը ժողովրդին ոգեշնչելն է: «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն իր հերթին մեկնաբանելով վերջին շրջանում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Ադրբեջանում սպասվող հեղափոխությունը լինելու է «մանուշակագույն», կարծիք է հայտնել, թե՝ ժամանակն է դադարեցնել բանավեճերը հեղափոխության գույն ընտրելու վերաբերյալ. «Բոլոր առաջադեմ ուժերին հաճելի է նարնջագույնը համարել ժողովրդավարական բարեփոխումների գույն»: Նա նաեւ ասել է, թե ադրբեջանական ընդդիմությունն իր առջեւ նպատակ չի դրել հեղափոխություն իրականացնել, բայց մտադիր է հասնել ժողովրդավարական բարեփոխումների: Ըստ նրա, ընդդիմությունը կաշխատի խուսափել դիմակայությունից, բայց եթե իշխանությունը շարունակի իր հակաժողովրդական քաղաքականությունը, ապա ժողովուրդը ստիպված կլինի համարժեքորեն արձագանքել դրան: Միանգամայն այլ տրամադրություններ ուներ, սակայն, «Մուսաֆաթ» կուսակցության ներկայացուցիչ, ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նա կարծիք հայտնեց, թե քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին միջազգային հանրության եւ մասնավորապես ԵԽ ճնշման տակ: Բայց խոսքն, ըստ նրա, ոչ այնքան կոնկրետ անձանց ազատելու, որքան քաղբանտարկյալ ունենալու, մարդաորս կազմակերպելու պրակտիկան դադարեցնելու մասին էր. «Ըստ էության, քաղբանտարկյալների հարցը լուծված չէ, որովհետեւ այսօր էլ դեռ քաղբանտարկյալներ Ադրբեջանում կան»: Հ. Հաջիզադեն ամենեւին չէր կիսում իր գործընկեր ընդդիմադիրների ոգեւորությունը. «Նախընտրական դաշինքն, անշուշտ, դրական երեւույթ է, բայց իրավիճակն Ադրբեջանում այնպիսին է, որ երկրում այլեւս տարածություն չկա ազատ քաղաքական գործունեություն ծավալելու համար: Ադրբեջանում խաղաղ, ժողովրդավարական եւ քաղաքական պայքար ծավալել իշխանության գալու համար այլեւս հեռանկարային չէ՝ դա է պատճառը, որ նրանք միավորվում են: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուժային կառույցները, քրեական տարրերը, որոնք վերածվել են զինված բանդաների, շարունակում են մնալ իշխանությունների վերահսկողության տակ, եւ նրանք դա հաջողությամբ օգտագործում են: Այսինքն՝ ընտրությունները, որպես ժողովրդավարական համակարգ, Ադրբեջանում դադարել են գոյություն ունենալ»: Նրա ասելով, 2005-ին Ադրբեջանում ոչ մի գույնի հեղափոխություն էլ չի լինի: Իրավիճակն այնպիսին է, որ քանի դեռ իշխանությունը ներսից ճաքեր չի տվել, ժողովրդավարական ընդդիմությունն ինքը շատ թույլ է փոփոխություններ անելու համար: Իսկ արդյո՞ք կան միտումներ, որ իշխանության ներսում ճաքեր կլինեն: «Ասում են»,- թերահավատորեն նկատեց Հ. Հաջիզադեն: Ինչպես միշտ, մեր զրուցակիցը Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների համար «մեծ մինուս» համարեց այդ երկրի ունեցած նավթային եւ այլ ռեսուրսները: «Թվում էր, որ եթե Ադրբեջանը ժողովրդավարական չէ, չունի նաեւ իշխանություն պահելու ռեսուրս, բայց մենք նավթ ունենք, կան փողի այլ աղբյուրներ եւս, որոնք լղոզում են ամեն ինչ, իսկ այն մարդիկ, ովքեր փող ունեն, չեն պատրաստվում գնալ մահակների դեմ»,- հավելեց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել