Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

Մարտ 23,2005 00:00

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՐՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ» Օրերս Երեւանի «Հայբուսակ» համալսարանը մասնակցել է «Էքսպո-սերվիս» ընկերության կազմակերպած «Ուսուցումը Հայաստանում-2005» խորագրով միջազգային ցուցահանդեսին: Այն կազմակերպվում է արդեն 4-րդ տարին եւ նպատակ ունի ոչ միայն ցուցադրել այն ներուժը, որն ուղղված է կրթական բարեփոխումներին եւ զարգացման հեռանկարներին, այլեւ ապահովել շրջանավարտների անմիջական շփումը Հայաստանում գործող բուհերի հետ: «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանի խոսքերով, ցուցահանդեսին, բացի տեղական բուհերից, մասնակցել են նաեւ Հայաստանի տարածքում գործող միջազգային կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, արտերկրի բուհերի Հայաստանում գործող մասնաճյուղեր: Ողջունելով ցուցահանդեսին բուհերի՝ տարեցտարի ավելի ակտիվ մասնակցությունը, տիկին Հարությունյանը նման միջոցառումներում հատկապես կարեւորեց տարբեր երկրների եւ տեղական բուհերի հետ փորձի փոխանակումը: Ըստ «Հայբուսակի» ռեկտորի, «Ցուցահանդեսում ամեն մի բուհ ձգտում էր իր նվաճումները լավագույնս ներկայացնել»: Տիկին Հարությունյանը նաեւ կարեւորեց դպրոցականների ակտիվ մասնակցությունը ցուցահանդեսին. «Նրանց հնարավորություն ընձեռվեց մոտիկից ծանոթանալ Հայաստանում գործող պետական եւ ոչ պետական բուհերին եւ հետագայում ընտրություն կատարել ոչ միայն ծնողի օգնությամբ, այլեւ՝ ինքնուրույն»: Ավանդույթի համաձայն, այս տարի էլ ցուցահանդեսում «Հայբուսակ» համալսարանը ներկայացրել են հենց բուհի ուսանողները, ինչը, ռեկտորի համոզմամբ, շատ ավելի արդյունավետ է. «Ուսանողն իր փորձից ելնելով է «Հայբուսակի» մասին տեղեկություն տրամադրում՝ թե ինչն է լավ կամ ինչն է վատ մեր համալսարանում: Օրինակ, այս տարի մեր բուհ էին դիմել դիմորդներ, որոնք «Հայբուսակի» մասին տեղեկությունը ստացել էին անցյալ տարվա նույն ցուցահանդեսից»: Այս տարի ցուցահանդեսում «Հայբուսակն» արժանացել է «Կրթության զարգացման բնագավառում մեծագույն ներդրումների համար» նոմինացիային: Ա. Հարությունյանի խոսքերով. «Ժամանակակից բարձրագույն կրթությունը պահանջում է մեծ ներդրումներ: Դա ոչ միայն պրոֆեսիոնալ ուժի ներդրումն է կամ բուհում ուսանողների որոշակի քանակի ապահովումը, այլ նաեւ՝ նյութական ներդրումները: Այսօր ժամանակակից բարձրագույն կրթությունը հնարավոր չէ իրագործել առանց մեծ ծախսերի: Մեր ներդրած տեխնիկական միջոցների մի մասը կարողացանք ցուցահանդեսում ներկայացնել: Օրինակ, մեզ մոտ մեկ դասաժամի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում ոչ միայն լսելու իր դասախոսի մատուցածը, այլեւ դիտելու թեմային առնչվող անգլերենից թարգմանված տեքստ: Դա որեւէ առաջատար համալսարանի կողմից պատրաստված նյութ է լինում կամ երբեմն էլ դիտում են որեւէ գիտական ֆիլմ»: Համալսարանի նյութական ներդրումներից է նաեւ ուսումնական գրականության հրատարակումը. «Մեր բուհն այդ հարցում համարվում է առաջատար: Լավագույն մասնագետների օգնությամբ հայերեն լեզվով տարին 3-4 մենագրություն, մեթոդական ձեռնարկ ենք հրատարակում»,- ասաց Ա. Հարությունյանը: Նա անդրադարձավ նաեւ 2004-ի նոյեմբերին «Հայբուսակի» Հալեպում մասնակցած ցուցահանդեսին. «Հալեպում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում էին տարածաշրջանի առաջատար բուհերը: Ցուցահանդեսի նպատակն էլ հենց տարածաշրջանի բուհերը ներկայացնելն էր: Հայաստանից միայն մենք էինք մասնակցում այդ ցուցահանդեսին, եւ ստիպված եղանք ներկայացնել նախեւառաջ մեր երկրի ողջ կրթական համակարգը, հետո նոր միայն մեր բուհը»: Տիկին Անահիտը խոստովանում է, որ դեռեւս շատ բան ունեն սովորելու այդ առաջատար բուհերից: Կարեւորն այն է, որ այդ բուհերի կրթության եւ տվյալ երկրի աշխատանքի շուկան սերտ փոխկապակցված են: Հալեպի ցուցահանդեսին մասնակցելու կարեւոր հանգամանքներից մեկն էլ, ըստ ռեկտորի, այն էր, որ այդ երկրից իրենց մոտ սովորող ուսանողների ծնողները հնարավորություն ունեցան հանդիպելու բուհի ղեկավարության հետ եւ մոտիկից ծանոթանալու այն կրթօջախին, որտեղ իրենց երեխաները կրթություն են ստանում: Այս տարի «Հայբուսակը» պատրաստվում է համագործակցել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ՝ կհրավիրվեն նաեւ այդ երկրներից ուսանողներ բուհում սովորելու: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել