Լրահոս
Օրվա լրահոսը

Տաբուն

Մարտ 24,2005 00:00

Տաբուն հանել են Եհովականների առաջնորդն այլեւս դեմ չէ արյան փոխներարկմանը Արյան չարորակ նորագոյացությունները՝ հեմոբլաստոզը կամ լեյկեմիան (լեյկոզներ), ախտորոշվում եւ ստացիոնար կամ դիսպանսեր կարգով բուժվում են արյունաբանական կենտրոնում: «Հիվանդությունն ախտորոշվում է ոսկրածուծի հյուսվածքաբանական եւ այլ քննությունների արդյունքում: Դժվարության դեպքում հետազոտումը վստահում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսրայելի մասնագետներին՝ ավելի հավաստի ախտորոշում ստանալու համար: Եվ, ի պատիվ մեր մասնագետների, պիտի ասեմ, որ հիմնականում համընկնում են նրանց եւ մեր հետազոտությունների արդյունքները: Լեյկեմիան բարդ, ծանր հիվանդություն է եւ դրա հսկողությունն ու բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում: Մեկ հիվանդի համար կառավարության որոշմամբ սահմանված 100 դոլարը վերջերս դարձավ 300: Թե՛ ստացիոնար, թե՛ դիսպանսեր հիվանդներին հատկացվում է նաեւ կենտրոնացված եւ հումանիտար դեղորայք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Աշխարհում կա հիվանդության աճի որոշակի տենդենց: 2003-ին մեր երկրում հաշվառվել է 18 տարեկանից բարձր 743 հիվանդ, 2004-ին նրանց թիվը կազմել է 850, որից 106-ը մահացել է: 2004-ին մանկան լեյկեմիայով (մինչեւ 18 տարեկան) տառապող 177 հիվանդին ավելացել է եւս 40-ը: Հիվանդության կանխարգելումը, որին մեր զրույցում անդրադարձավ պարոն Դաղբաշյանը, շատ թանկ արժե, քանի որ լեյկոզաբանությունը արագ զարգացող ճյուղ է, զուգահեռաբար աճում է նաեւ բուժման արժեքը: «Ռեալ գները մի քանի տասնյակ անգամ թանկ են, քան հատկացնում է պետությունը: Ստիպված ձեռքներս մեկնում ենք հումանիտար կազմակերպություններին՝ օգնության համար: Ունենք 32 խրոնիկական նեոլեյկոզով հիվանդներ, որոնց ԱՄՆ-ի Մաքս Ֆաունդեյշն կազմակերպությունը հատկացնում է անվճար դեղորայք, մեկ հիվանդին՝ տարեկան 40000 դոլարի չափով»,- ասում է արյունաբանական կենտրոնի տնօրենը: Լեյկեմիայով հիվանդները ՀՀ-ում որեւէ արտոնություն չունեն՝ բացի անվճար բուժումից: Հիվանդության համար նրանք ստանում են հաշմանդամության կարգ՝ միջինը 5000 դրամ թոշակով: «Հիվանդների մեջ լինում են մարդիկ, որոնք տարբեր կրոնական խմբավորումների հետեւորդ են: Նրանք, հատկապես Եհովայի վկաները, հրաժարվում են հիվանդին ուրիշի արյուն ներարկելուց եւ այդ պատճառով նույնիսկ երեխայի մահ ենք ունեցել: Կասկածում եմ, որ դա Աստծո պատգամն է, քանի որ Աստվածաշունչը շատ հին է, իսկ արյան փոխներարկումը ընդամենը 150 տարվա պատմություն ունի: Վերջերս իմացանք, որ նրանց հոգեւոր առաջնորդը արգելքը հանել է, իսկ ո՞վ պետք է պատասխան տա մահացած մարդկանց համար»,- հռետորական հարցով զրույցն ավարտեց պարոն Դաղբաշյանը: Ռ. ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել