Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոց՝ դատավորացուների համար

Մարտ 25,2005 00:00

Դպրոց՝ դատավորացուների համար Երեկ «Կոնգրես» հյուրանոցում սկսվեց «Աջակցություն դատական վերապատրաստման հաստատությունների զարգացմանը» թեմային նվիրված երկօրյա սեմինարը: Սեմինարին ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության համակարգի գործունեության վերահսկողության բաժնի պետ Միսակ Մարտիրոսյանը ներկայացրեց «Արդարադատության բարձրագույն դպրոցի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրենքով կարգավորվում է դատավորների թեկնածուների ընդունելությունը, նրանց վերապատրաստումը եւ դպրոցն ավարտածներին արդարադատության նախարարի կողմից դատավորների պաշտոնական պիտանիության ցուցակում ընդգրկելու կարգը: Դպրոցն ավարտելուց հետո ունկնդիրը պարտավորվում է ուսման ավարտից 7 տարվա ընթացքում դատավոր աշխատել: Դատավոր չնշանակվելու դեպքում նրա անունը նախատեսվում է հանել դատավորների պաշտոնական պիտանիության ցուցակից: Դատավոր նշանակելուց հրաժարվելու դեպքում (թեեւ Հայաստանում նման դեպք չի գրանցվել) նրանից գանձվում են ուսման ընթացքում դատավորացուի վրա ծախսած գումարները եւ նրա անունը ջնջվում է պիտանիության ցուցակից: Դպրոցում ուսանելու տարիները, ըստ այս օրենքի նախագծի, համարվում է մասնագիտական ստաժ: Ընդ որում, դպրոցն ավարտելուց հետո երեք տարի դատավոր չնշանակվելու դեպքում ունկնդիրը դարձյալ պետք է անցնի վերապատրաստման դասընթաց: Արդարադատության բարձրագույն դպրոցը ոչ միայն կազմակերպում է դատավորացուների վերապատրաստման դասընթացները, այլ, ըստ Միսակ Մարտիրոսյանի, հիմնադրում է լրատվության միջոցներ, հրատարակում ուսումնական գրականություն: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներն են՝ արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը, Դատավորների միության նախագահը, դպրոցի տնօրենը եւ ԱՆ-ի կողմից 3 տարով նշանակված 4 դատավորներ: Յուրաքանչյուր տարի, ըստ նախարարի վերահսկողության բաժնի պետի, դպրոց ընդունվող դատավորների թեկնածուների քանակը որոշում է կառավարման խորհուրդը, որը հաշվի է առնում պաշտոնեական պիտանիության ցուցակում առկա անձանց քանակը՝ այն հաշվով, որ ունկնդիրները 20-30%-ով ավելի լինեն սպասվելիք թափուր տեղերից: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այս քննարկման ժամանակ դուրս եկավ դահլիճից, գտնելով, որ առանց իրեն շատ ավելի ազատ կլինի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ԵԽ փորձագետ Ռոզա Յանսենը, Մարի-Լյուսի Կավրուան, Եվրոպայի խորհրդից՝ Ալեքսանդրո Մանչինին, Ժոզե Մարիա Ֆերնանդեսը: Դատավորների դպրոց իրավունք ունեն դիմելու 23 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն եւ առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժ ունեցող (նախկինում չդատված) ՀՀ քաղաքացիները: Ընդունելությունը կազմակերպվում է երկու տարին մեկ, եթե դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում առկա անձանց թիվն առնվազն 20%-ով ավելի է թափուր տեղերը համալրելու համար: Օրենքի ուժ էին ստացել նաեւ ընդունելության կարգն ու մրցույթի փուլերը: Ապագա դատավորների համար նախատեսված են նաեւ կարգապահական տույժեր, նախազգուշացում, նկատողություն եւ դպրոցից հեռացում: Դպրոցից հեռացվելուց հետո նորից դիմելու իրավունք են ստանում 3 տարի հետո: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել