Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Մարտ 26,2005 00:00

Երեկ
Օպերային թատրոնում կայացավ Հայաստանում Ռուսաստանի տարվա հանդիսավոր բացումը Իր
ողջույնի խոսքում Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահի ներկայությունը Հայաստանում Ռուսաստանի
տարվա բացման արարողությանը դիտեց իբրեւ հարգանք մեր ազգի, մեր մշակույթի հանդեպ:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը երախտիքով հիշեց այն հարյուրավոր անձանց, ովքեր
կիսել են ռուս ժողովրդի վիշտը եւ կռվել հանուն իրենց երկրորդ հայրենիքի՝ Ռուսաստանի:
ՌԴ նախագահը նշեց, որ ՌԴ-ն այսօր 3000 հայ ուսանող ունի իր բուհերում, որոնցից 2000-ը
սովորում է պետպատվերով, հատկապես նշեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դերը
կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության գործում: Եվ հայտնեց, որ խրախուսում
է Ռուսաստանում հայկական դպրոցների, մշակութային օջախների բացումը, «որովհետեւ շատ
հայերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք»: Ողջույնի խոսքից հետո
ելույթ ունեցան ՌԴ-ից ժամանած ռուս էստրադայի հանրահայտ աստղեր, ժողովրդական արտիստներ:
Հատկապես զգայացունց էր Լեւ Լեշչենկոյի եւ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի
փոքրիկ երգիչներ» համույթի համատեղ կատարումը՝ «Հաղթանակի օրը»: Այս մթնոլորտը,
սակայն, ամենեւին էլ չցրեց Կիրկորովի հանդեպ մեր բարձրաստիճան այրերի վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով Կիրկորովի այստեղ գալը ճիշտ
չէ: Փոխքաղաքապետ Արման Սահակյանի անձնական կարծիքն էլ նույնն էր, սակայն «հնարավոր
չէ, որ համերգը չկայանա: Երկուշաբթի կասեմ: Բայց նրա այցը քաղաքապետարանի եւ Արման
Սահակյանի հետ կապ չունի. քաղաքապետարանը միայն աջակցում է, որպեսզի կարգուկանոն
լինի, անվտանգությունը նորմալ ապահովվի: Իմ անձնական կարծիքով՝ ճիշտ չէ նրա գալը,
բայց իմ անձնական կարծիքը շատ քիչ է»: «Կիրկորովն ինձ համար գոյություն չունի՝
որպես դերասան, որպես անձնավորություն եւ որպես շոու բիզնեսի աստղ,- ասաց ԱԺ պատգամավոր
Արմեն Աշոտյանը:- Նա այնքան չկա, որ ՀՀԿ-ն, թեկուզ իր երիտասարդական թեւով, իր դեմ
ինչ-որ մի բան ձեռնարկի: Չմոռանանք նաեւ մեդալի հակառակ կողմը: Դահլիճում կարելի
է լսել, թե քանի մարդու հեռախոսազանգն է թուրքական երաժշտություն հնչում: Հասարակությունը
բեւեռացել է, Կիրկորովի գալու հարցում մեղավորների մեջ փնտրենք նաեւ մեզ: Քաղաքապետարանն
այստեղ երկրորդական՝ ածանցվող դեր ունի մեղավորների շարքում»: Իսկ ընդհանրապես,
ի՞նչ դեր ունի ռուսական մշակույթը մեր պաշտոնյաների առօրյա կյանքում: Սերժ
Սարգսյան. «Ռուսական երգեր լսում եմ, ո՞նց կարելի է ռուսական երգեր չլսել»: Իսկ երգո՞ւմ
եք. «Ես ընդհանրապես շատ բաղաձայն եմ, ճիշտն ասած: Շատ շատերին եմ սիրում՝ Ալլա Պուգաչովայից
սկսած՝ շատ շատերին»: Անդրանիկ Մարգարյան. «Ռուսական երգեր լսում եմ: Սիրում
եմ երիտասարդության տարիների երգեր, երբ որ, ասենք, երգում են, բնականաբար՝ վերջին
շրջանն էլ: Այնպես է ստացվել, որ հաճախակի ռուսական ես լսում, քան թե օտարերկրյա.
միայն հայկական եւ ռուսական»: ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, ի դեպ, նաեւ
բանաստեղծ եւ կոմպոզիտոր է, ստեղծագործում է հիմնականում ռուսերենով, բայց իր կյանքում
առավել մեծ դեր ունի հայկական մշակույթը: Պարզապես ժամանակին սովորել է ռուսական
դպրոցում եւ կարծում է, որ մեր հայկական դպրոցը մինչեւ հիմա դեռ չի կայացել: «Կենտրոնի
բարեհաճ վերաբերմունքը վայելելու համար ժամանակին ռուսական դպրոցներին մեծ ուշադրություն
էին սեւեռում, եւ ռուսական դպրոցների կրթական մակարդակը, որպես կանոն, ավելի բարձր
էր: Միայն մշակութային երկխոսությունների շրջանակներում հնարավոր է էլ ավելի հարստացնել
ազգայինը: Այս տարին, որ անցնելու է ռուսական մշակույթի դրոշի ներքո, լրացուցիչ հոգեւոր
սնունդ եւ մտորումների տեղիք կտա ոչ միայն ավագ սերնդին, որ կարծես թե լավ իմաստով
նոստալգիայով է լցված, այլեւ՝ երիտասարդներին»: Դավիթ Լոքյան. «Ես հիշում
եմ՝ երիտասարդ ժամանակ շատ մեծ սիրով Ալլա Պուգաչովային էինք լսում, պարում, հիմա
արդեն քիչ ենք ժամանակ ունենում դրա համար»: Կարեն Ճշմարիտյան. «Ռուսական
երաժշտություն լսում եմ, երգում եմ ինքս ինձ համար՝ ոչ մտքի մեջ: Վիսոցկուն եմ սիրում,
Ռոզենբաումին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ.
Միջոցառման ավարտին ելքի մոտ պաշտպանության նախարարի կողքին հայտնվելով՝ Ռաֆայել
Քոթանջյանը չթաքցրեց, որ ապահով է զգում իրեն նրա կողքին: Ս. Սարգսյանը բոլորիս հետ
ստիպված էր մոտ 5 րոպե սպասել, մինչեւ ելքի դռները կբացվեին։ «Օրենքի առաջ բոլորն
են հավասար, եւ ես ավելի ապահով ինձ չէի զգացել երբեք»,- արտահայտվեց Ռ. Քոթանջյանը,
ում Վլադիմիր Պուտինը, բեմից իջնելով, հայացքով բարեւեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել