Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը

Մարտ 26,2005 00:00

Օրենքը կա, «մարմինը» չկա «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն ուժի մեջ է մտել մարտի 2-ից, իսկ փետրվարի 27-֊ից գործում է նաեւ ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան։ Օրենքի նպատակն է կանխել ծխախոտի օգտագործումը երեխաների կողմից, աջակցել ծնողներին՝ դադարեցնելու դրա օգտագործումը եւ պաշտպանել չծխողների՝ մաքուր միջավայր ունենալու իրավունքը։ Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, «ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է 18 տարին չլրացած անձանց, նրանց կողմից կամ բաց տուփերով», այսինքն՝ հատով։ Սակայն պատրաստ ենք հատ-հատ նշել փողոցներ, որտեղ դրանք վաճառվում են հատով՝ օրենքի խախտմամբ։ Բացի այդ, ծխախոտի վաճառքի բոլոր կետերում՝ դրամարկղի մոտ կամ դրան հարակից տարածքում, պետք է փակցված լինի զգուշացում ոչ միայն առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության մասին, այլեւ, որ այն չի վաճառվում անչափահասներին։ Մինչդեռ առայժմ բոլոր վաճառակետերում տեսնում ենք միայն ծխախոտի տարբեր ապրանքանիշերի գովազդային պաստառներ։ Օրենքի 11-րդ հոդվածն էլ արգելում է ծխել կրթական, ուսումնական, արտադպրոցական, մանկական եւ այլ հաստատություններում, ինչպես նաեւ՝ քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է այդ ամենը վերահսկվելու։ Կրթական հաստատություններում դասախոսների մեծ մասը ծխող է, ընդ որում՝ մոխրամանը ձեռքին են մտնում լսարան, էլ չենք խոսում երթուղային տաքսիների վարորդների մասին։ Չնայած օրենքը նախատեսում է, սակայն առայժմ չկա հստակ մեխանիզմ, թե ով եւ ինչպես պետք է օրինազանցներին պատժի։ Պետավտոտեսուչն իրավունք չունի ծխախոտի համար մեքենան կանգնեցնել ու տուգանք վերցնել։ Իսկ բուհերում առավել եւս դժվար է որեւէ մեկին պատժել։ Օրենքով նախատեսված է հատուկ մարմին այս խնդիրների վերահսկողության համար, սակայն այն դեռեւս ստեղծված չէ։ Եթե այս օրենքը նոր է ընդունվել, ապա գովազդի մասին օրենքը գործում է 1996 թվականից, որով եւս խախտումները վերահսկող մարմնի ստեղծում է նախատեսվում, սակայն մինչ այժմ չկա այդպիսի մարմին։ Ի դեպ, առողջապահության նախարարությունը նույնպես «լուրջ» պայքար է փորձում ծավալել ծխախոտի դեմ. արդեն նախարարության բոլոր միջանցքներում տեղադրված են «Մեզ մոտ չեն ծխում» ցուցանակները: Բայց հենց նախարարության նախասրահում գործող սրճարանում շատերը ծխում են՝ պաստառների «հովանավորությամբ»: Նախարարի խորհրդական Ռուսլաննա Գեւորգյանը այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Նախարարն անձամբ մի քանի անգամ նկատողություն է արել անկարգներին, սակայն ապարդյուն, քանի որ սրճարանը նախարարության ենթակայությամբ չի գործում»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել