Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐՎԵ՞Ց

Մարտ 29,2005 00:00

ՋՐՎԵ՞Ց «ՋՐԻ ԳՈՐԾԸ» Իշխանամետ թերթերից մեկը վերջերս հրապարակել էր, թե գլխավոր դատախազությունն էական խախտումներ չի հայտնաբերել ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի տեղեկանքի ուսումնասիրությամբ: Քանի որ հանձնաժողովը շարունակում է գործունեությունը, խոսքը թերեւս ավարտված մի ուսումնասիրության՝ Երեւանի ջրմուղի համակարգին տրամադրված վարկի մասին էր, որի առնչությամբ բացահայտումները բավական աղմկահարույց էին: Սակայն երբ փորձեցինք պարզել, թե ինչպես է հանձնաժողովը գնահատում այն հանգամանքը, որ դատախազությունը խախտումներ չի հայտնաբերել՝ ուսումնասիրելով իրենց հաշվետվությունը, ստացանք զարմանալի մի պատասխան, թե այդ նյութերը չէին էլ ուղարկվել դատախազություն: Այդ մասին մեզ հայտնեցին թե՛ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, թե՛ փոխնախագահ Գագիկ Մելիքյանը: Վերջինս ուշադրություն հրավիրեց. «Նման որոշում մենք չենք կայացրել, որ նյութերն ուղարկենք դատախազություն: Եզրակացությունը տվել ենք ԱԺ նախագահին, եւ եղել է որոշում, որ այդ փաստաթուղթը պետք է ուղարկվի նաեւ կառավարություն: Իսկ դրանից հետո չգիտենք, թե ո՛վ է ուղարկել, ինչի՛ համար»: Պարզեցինք, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նույնպես եզրակացությունը չի փոխանցել դատախազությանը: Ավելին՝ պարզվեց, որ Ջրի վարկի վերաբերյալ նյութերը չեն էլ եղել նրա տրամադրության ներքո: Այսուհանդերձ՝ համարո՞ւմ է, թե Ջրի վարկի վերաբերյալ նյութերում առկա են քրեական հանցակազմ պարունակող փաստեր: Մեր այս հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Մելիքյանը նախ նկատեց, թե նման գնահատական տալն իրավապահ մարմինների գործառույթն է. «Եվ իրենք պետք է պարզեն քննության եւ ստուգումների միջոցով՝ իրոք կա՞ն քրեորեն հետապնդելի արարքներ, թե՞ ոչ: Իսկ ես կարծում եմ, թե կայի՛ն նման փաստեր»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել