Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿ

Մարտ 29,2005 00:00

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀԱՂԹԱՆԱԿ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի գավաթի 2006 թվականի նախընտրական մրցաշարում տոնեց անդրանիկ հաղթանակը՝ շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասնելով Անդորրայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումն անչափ մեծ հետաքրքրություն ներկայացնելուց բացի, կարեւոր էր մի քանի առումներով: Նախ Հայաստան-Անդորրա խաղն առաջինն էր նոր մրցաշրջանում ու գրանցվելիք արդյունքը մեծապես ազդելու էր թիմերի հետագա մրցելույթների վրա: Երկրորդ՝ 1-ին խմբի մրցաշարային աղյուսակում երկու հավաքականներն էլ «հարեւանություն» են անում վերջին հորիզոնականներում ու միմյանց հետ պայքարում են ետնապահի դերից խուսափելու համար: Եվ երրորդ՝ Հայաստանը նախընտրական փուլի ողջ ընթացքում դեռ չէր ճաշակել հաղթանակի բերկրանքը ու մեծ պարտք ուներ երկրպագուների առջեւ: Չնայած մեր թիմի հաղթանակն այս հակամարտությունում անհամեմատ ավելի հավանական էր, սակայն վերջին շաբաթում եղանակային անբարենպաստ պայմանները՝ տեղացած ձյունը, ցուրտը, լրացուցիչ հոգսեր էին պատճառել մարզիչներին ու ֆուտբոլիստներին՝ նրանց զրկելով լիարժեք նախապատրաստական ուսումնամարզական հավաք անցկացնելու հնարավորությունից, որի մասին լրատվամիջոցներին հասցրել էր հայտարարել Բեռնար Կազոնին: Ինչեւէ, հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, սկսվեց դաշտի տերերի գրոհներով: Կազոնին տեւական դադարից հետո այդ օրն առաջին անգամ մեկնարկային կազմում դաշտ մտնել վստահել էր Արա Հակոբյանին, որը լիովին արդարացրեց այդ վստահությունը: Նա դաշտում աչքի էր ընկնում ակտիվությամբ: 31-րդ րոպեին դաշտի տերերը հիանալի եռաքայլ կոմբինացիա կազմակերպեցին եւ Արան, ներխուժելով տուգանային հրապարակ, շեշտակի հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը: Թիմերը հանգստի գնացին 1:0 հաշվով: Ընդմիջումից հետո հայաստանցիների տարածքային առավելությունը պահպանվում էր, սակայն հաջողությունը ժպտաց Անդորրայի ֆուտբոլիստներին: 56-րդ րոպեին նրանք տուգանային հարվածի իրավունք ստացան: Հիմենեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին եւ առաջինը վրա հասած Ֆեռնանդո Սիլվան գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Սակայն ճակատագիրը հյուրերի համար այդ օրը պարտություն էր նախանշել: 74-րդ րոպեին անկյունային հարվածով Համլետ Մխիթարյանը գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ: Արմեն Շահգելդյանի՝ բարձր ցատկով գլխով հարվածած գնդակը դիպավ դարպասաձողին: Պաշտպանները չկարողացան գնդակը հեռացնել եւ այն հայտնվեց Ռոմիկ Խաչատրյանի մոտ: Վերջինը առանց ժամանակ կորցնելու հպումով գնդակն ուղարկեց դեպի դարպասը: Այն դիպավ պաշտպանին եւ շեղելով ուղղությունը հայտնվեց ցանցում՝ 2:1: Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց հաղթական առաջին երեք միավորը, հավասարվեց Անդորրային, սակայն գնդակների ավելի նպաստավոր հարաբերակցությամբ մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան: Մարտի 30-ին Հայաստանի հավաքականին ծանր փորձություն է սպասվում: Մեր ընտրանին հյուրընկալվելու է առաջատարին՝ Հոլանդիային, իսկ Անդորրան սեփական հարկի տակ ընդունելու է խմբի մյուս ֆավորիտին՝ Չեխիային: 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ Հոլանդիա 5 4 1 0 12-3 13 Չեխիա 5 4 0 1 10-5 12 Ռումինիա 6 3 1 2 10-7 10 Ֆինլանդիա 6 3 0 3 13-10 9 Մակեդոնիա 6 1 2 3 6-7 5 Հայաստան 6 1 1 4 4-13 4 Անդորրա 6 1 1 4 3-13 4 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031