Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյան խայտառակել սոցքարտի համակա՞րգ

Մարտ 30,2005 00:00

Այն էլ՝ գործադիր մարմնի անդամ դառնալուց հետո՞

Սոցքարտերի համակարգի մասին Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի երկու օր առաջ տված բնութագիրն ավելի քան անհասկանալի էր նախ այն պատճառով, որ չորս ամիս շարունակ հեռուստատեսային ալիքներով պտտվող տեսահոլովակում նա ջանասիրաբար բացատրում էր, թե համակարգի ներդրումն ինչքան կարեւոր է մեր ազգի համար: Իսկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որպես ՀՀ քաղաքացի, քարտի անհրաժեշտությունն ու կարիքը չի զգում, որ համակարգը մեզ մոտ սխալ է կիրառվում եւ անհարմար չէ ետ կանգնելը: «Ես կհասկանայի, եթե այդ հայտարարությունն աներ Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Քանի որ թեման հարմար է, որպեսզի այն շահարկվի եւ ժողովրդահաճո դրսեւորումներ ունենա: Բայց երբ այդպիսի արտահայտություն անում է գործադիր մարմնի անդամը, ապա մինչ այդ նա պարտավոր էր հասկանալ, որ այս համակարգի ներդրումը արդեն երկրորդ տարին է, որ կառավարության գործունեության ծրագրում համարվում է գերակա խնդիր: Եվ ինչ-որ բան ասելուց առաջ, թեկուզ անձնական կարծիքի տեսքով, պարոն Խաչիկյանը պետք է խորությամբ ըմբռներ համակարգի էությունը, նշանակությունն ու կարեւորությունը: Նրա ասածները ես համարում եմ հերթական անտեղյակ մարդու հայտարարություն»,- «Առավոտի» խնդրանքով Խաչիկյանի հայտարարությունը մեկնաբանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանը:

Այնուամենայնիվ, ի՞նչն է Վ. Խաչիկյանի հիասթափության պատճառը, եթե նա կարծում է, որ քարտի համակարգը այնպես չի կիրառվում մեզ մոտ, ինչպես այլ երկրներում է: Նրա ասելով, այնտեղ սոցքարտն է ծառայում քաղաքացուն, իսկ այստեղ՝ հակառակը: «Նորից անտեղյակության դրսեւորում է: Թռուցիկ ու սիրողական հայտարարություն: Համակարգի անհրաժեշտությունը հասկանալով է, որ երկու տարի գործադիր իշխանությունն իր բոլոր լծակներով աշխատում է այն ներդնել եւ արդյունքներն արդեն կան: Տեղեկատվական բազան ստեղծելիս պարզվեց, որ սոցիալական համակարգում ընդգրկվածների տվյալների նկատելի մաս չի համապատասխանում իրականին: Տվյալների ճշգրտման մեծ խնդիր կա բոլոր պետական համակարգերում եւ սոցքարտերի միջոցով մաքրվում են բոլոր պետական համակարգերի տեղեկատվական բազաները: Դա մեծ դրական ազդեցություն կունենա նաեւ նախընտրական ցուցակները կազմելիս: Բացի այդ, այս ընթացքում սոցքարտ ստանալու նպատակով աջակցել ենք ՀՀ քաղաքացու անձնագիր եւ անձը հաստատող այլ փաստաթղթեր ստանալուն՝ մինչ այդ ԽՍՀՄ անձնագրեր ունեցողներին: Դեպքեր են եղել, որ անկողնային հիվանդների համար այդ փաստաթղթերի ձեռքբերումն ապահովել ենք տանը: Չլիներ սոցքարտը, Աբխազիայից ու Վրաստանից ներգաղթած բազմաթիվ հայեր մինչ օրս կմնային առանց ՀՀ քաղաքացիության»,- ասաց Ա. Ասատրյանը:

Ինչ վերաբերում է մինչ օրս քարտ չունեցող նպաստառուների եւ կենսաթոշակառուների խնդրին, վարչության պետը ծանուցեց, որ նախարարի հրամանով իրենք ուսումնասիրել են եւ օբյեկտիվ պատճառներով անձը հաստատող փաստաթուղթ չունենալու հետեւանքով սոցքարտ չստացածները կստանան աղքատության ընտանեկան նպաստ՝ փետրվար-մարտ ամիսներին: Կենսաթոշակառուների խնդիրը նույնպես ուսումնասիրվում է: «Մնում է մի խավ՝ կրոնական համոզմունքներին հետեւող շուրջ 3-4 հազար անձի խնդիրը, ինչի շուրջ քննարկումներ են գնում»,- զրույցը եզրափակեց Ա. Ասատրյանը:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել