Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆԻ

Մարտ 30,2005 00:00

ՊԵՏԱԿԱՆԻ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆԻ «ԿՌԻՎԸ» Մրցակցությունն առավել սուր է բժշկական ուսուցման ոլորտում Սկիզբը՝ նախորդ համարում Արտասահմանցի ուսանողներին Հայաստանում գտնվելու համար տրվում են կացության վկայականներ: Գոյություն ունի օրենք՝ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին: Օրենքի 4-րդ գլխի 27-րդ հոդվածը՝ կացության ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների մասին, ասում է. «Օտարերկրացի ուսանողի արտերկրյա երթեւեկության իրավունքը կանոնավորվում է ուսումնական հաստատության կողմից թույլատրված ժամկետով»: Երեւանի պետական բժշկական համալսարանի՝ արտասահմանցի ուսանողների դեկան Սամվել Ավետիսյանն ասում է, որ իրենք ուսանողին երկրից բացակայելու թույլտվություն են տալիս տարեկան 2 անգամ, ինչն էլ կանոնակարգվում է ուսումնական պլանի համաձայն: «Բացի այդ, Սիրիայում գործող կրթության մասին օրենքով, արտասահմանում սովորող սիրիացին իրավունք ունի հայրենիքում գտնվելու ոչ ավելի, քան 3 ամիս (որոնց մեծ մասը հենց ամառային արձակուրդներն են կազմում- Հ. Բ.), իսկ հետդիպլոմային (կլինօրդինատուրայի) շրջանում՝ 1 ամիս»: «Հայբուսակ» բժշկական համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ իր բուհի արտասահմանցի ուսանողներն իրենց մոտ են պահում կացության այդ քարտերը: Ավելին՝ «Նրանք երբ ուզեն, կարող են գնալ-գալ, կացության վկայականը հենց դրա համար է տրվում, որպեսզի ամեն անգամ չվճարեն վիզայի գումար: Եթե ուսանող է, նա կարող է տարվա մեջ մինիմում 2 անգամ իր արձակուրդների ընթացքում գնալ տուն եւ վերադառնալ, բայց կարող է մարդ լինի, 3 օրով գնա տուն-գա, կամ գնա Մոսկվա՝ գա, ուր ուզի: Ինքը ազատ պետք է զգա իրեն այդ ուսումնական տարվա ընթացքում: Պետական բուհերը վկայականներից պահում են իրենց մոտ, որպեսզի ուսանողը չկարողանա բուհից բուհ տեղափոխվել»: ԿԳ նախարարը նույնպես մի առիթով մեզ հետ զրույցում ասաց, որ կացության վկայականներն այդ ուսանողների անձը հաստատող փաստաթղթերն են մեր երկրում, եւ իրենցից ամեն պահի կարող են ոստիկանները փաստաթուղթ պահանջել: Սամվել Ավետիսյանն ասում է, որ իրենք կացության վկայականները պահում են բուհում, որպեսզի ուսանողներն ամեն պահի չկարողանան երկրից բացակայել՝ հետ մնալով դասերից: «Իսկ անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել բուհի կողմից հաստատված-կնքված ուսանողական տոմսը, ինչպես նաեւ անձնագիրը»: Ինչ վերաբերում է բուհից բուհ տեղափոխվելուն, ապա, այսպես թե այնպես, բուհը տեղափոխվելիս նրանց կացության քարտերը պետք է հանձնի ՆԳ անձնագրային բաժին, այլապես՝ կարող են այդ կացության քարտով այստեղ մնալ, ուսանող չլինել, եւ դուրս լինել ամեն տեսակ հսկողությունից, նաեւ՝ հարկային դաշտից, որովհետեւ շատերն են այստեղ առեւտրով զբաղվում: «Մենք քարտերը տալիս ենք ՆԳ անձնագրային բաժնին, ասում ենք՝ դուք որոշեք, թե ինչ կարգավիճակ եք տալիս այդ մարդուն: Համապատասխան նամակով դիմում ենք նաեւ դեսպանություն՝ տեղեկացնելով, որ այսինչ ուսանողը հեռացվել է համալսարանից՝ այսինչ պատճառով: Եվ հետո՝ կացության քարտի չտալը չի կարող կանխել տեղափոխումը՝ ոչ պետական բուհ, մենք հանձնում ենք այնտեղ, որտեղից վերցրել ենք այդ քարտը»,- ասում է Ս. Ավետիսյանը: Կա նաեւ մի ուրիշ կարեւոր հանգամանք. այդ ուսանողները եւս իրենց երկրում ունեն բանակում ծառայելու խնդիր: Եվ եթե նա հեռացվում է որեւէ բուհից, այլեւս ուսանող չէ, մեր ՆԳ-ն իրավունք չունի նրան որեւէ կարգավիճակ տալու: Եվ այդ ուսանողներն ընտրում են այլընտրանքային բժշկականի տարբերակը՝ իրենց երկիր չվերադառնալու համար եւ հետեւաբար՝ բանակից խուսափում: «Դեպքեր են եղել, երբ ուսանողը դեկտեմբերին քննությունները չի հանձնել, նրան հնարավորություն ենք տվել պատրաստվել մինչեւ ապրիլ, եւ եթե այդ ժամանակ էլ չի հանձնել, հեռացրել ենք: Բայց ոչ պետականը նրան ընդունում է՝ ձեւակերպելով «պայմանական», առանց առաջին կիսամյակի քննությունները հանձնելու: Ստացվում է, որ մյուս բուհը սքողում է նրան մեր իսկ երկրում: Հետո էլ Հայաստանի մասին արտասահմանցին մտածում է՝ ի՜նչ հետաքրքիր համակարգ է գործում այս երկրում, մի տեղից հեռացնում են, մյուս տեղից բարձր գնահատականներով ավարտում է: Եվ հետո՝ ինչ է նշանակում ազատ զգալ, ես ինչ գիտեմ, թե ինչ նպատակով է տվյալ անձը իմ երկրից բացակայում: Ցանկացած դեմոկրատական երկրում պետք է լինի օրենքի դիկտատուրա: Չխառնենք անօրինականությունը դեմոկրատիայի հետ»,- եզրակացնում է Բժշկական համալսարանի դեկանը: Ս. Ավետիսյանի բերած այն փաստը, որ հաճախ իրենց են դիմում արտասահմանցիներ, ովքեր ոչ մի փաստաթուղթ չունեն իրենց մոտ (անգամ՝ դպրոցական ավարտական վկայական), խոսում է այն մասին, որ մեր կրթական համակարգին անլուրջ են վերաբերվում: Պրն Ավետիսյանը բերեց Քիշնեւի ոչ պետական բժշկականից եկած մի սիրիացու օրինակ, որը ցանկանում էր շարունակել կրթությունը պետական բժշկականում, սակայն որեւէ փաստաթուղթ չուներ, որ ապացուցեր, թե ինքն այնտեղ սովորել է: Եվ եթե ոչ պետական բուհի համար ֆաքսով կամ էլփոստով ուղարկվածը կարող է փաստաթուղթ համարվել, ապա պետականն այն մերժում է: «Հայբուսակն» էլ ունի իր դժգոհությունները: «Մենք ծախսեր ենք անում, իրենց երկրում օֆիսներ ենք բացում, հետո դիմորդները գալիս են ու շատ կասկածամտորեն են վերաբերվում մեզ: Գալիս են, գնում նախարարություն, եւ մեր նախարարությունը ինֆորմացիա է տալիս պետականի համար: Այդ կողմնակալությունը 15 տարի է, ինչքա՞ն կարելի է: Ես մի անգամ եմ այդ մասին խոսել եւ հասկացել եմ, որ անօգուտ է: Մենք ունենք մարդիկ, որ դիմավորում են նրանց, բայց ինչպե՞ս կարող են թույլ չտալ, որ չմտնի նախարարություն ու հարցուփորձ չանի»,- դժգոհում է տիկին Հարությունյանը եւ ավելացնում. «Մենք ավելին ենք, քան պետականը, որովհետեւ մենք հավատարմագիր ենք ստացել, իսկ իրենք ոչ մի ձեւով չեն ստուգվել»: Եթե մի կողմ դնենք ուսուցման խնդիրները եւ համեմատենք միայն շենքային պայմանները, ապա կարելի է արձանագրել հետեւյալը: «Հայբուսակն» ունի մոտ 3500 ուսանող, պետական բժշկականը՝ 4500: Առաջինն ունի մեկ մասնաշենք՝ 4 հարկով, որի առաջին հարկը ատամնաբուժական կենտրոն է: Պետական բժշկականն ունի 4 մասնաշենք, որոնցից միայն լաբորատոր մասնաշենքը 9 հարկանի է: Նկատենք, որ «Հայբուսակում», բացի բժշկական ֆակուլտետներից, գործում են նաեւ տեխնիկական մի քանի ֆակուլտետներ: Մեր հարցին, թե ինչպես է մի մասնաշենքում տեղավորվում այդքան ուսանող, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Երկու հերթով տեղավորում ենք, եւ հետո՝ 3-րդ կուրսից հիվանդանոցներում են լինում»: Մյուս ոչ պետական բժշկական բուհը, որտեղ արտասահմանցի ուսանողների թիվը մեծ է՝ «Սուրբ Թերեզան» է: Վերջինիս կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել