Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԶԱՅՐԱՑՐԵՑ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

Մարտ 31,2005 00:00

ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԶԱՅՐԱՑՐԵՑ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ Երեկ ՀՀ նախագահին կից մշակույթի հանձնաժողովը հավաքվել էր ոլորտի 2006-2008թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը քննարկելու: Մինչ մշակույթի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Երջանիկ Մուրադյանը կներկայացներ՝ ում բաժինն ինչքան է, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն առաջարկեց բարձրացնել «չարաբաստիկ Կիրկորովի համերգի հարցը»: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, սակայն, խորհուրդ տվեց ավելի լուրջ բաներից խոսել: Ե. Մուրադյանը երկար-բարակ ներկայացրեց մշակույթի ոլորտի գումարներն իր մեջ ամփոփող, խճճված բազմաէջ փաստաթուղթը եւ ոչինչ չասող որոշ թվեր հրապարակեց, ինչը դուր չեկավ ներկաներին: Մուրադյանն ասաց, թե կանխատեսել են, որ մինչեւ 2008թ. մշակույթի ոլորտին հատկացվող ֆինանսավորումը կազմելու է շուրջ 8 մլրդ դրամ՝ ներկայիս 5 մլրդ 286 մլն-ի փոխարեն: «Այնքան աբստրակտ փաստաթուղթ է, որ ոչինչ չեմ հասկանում, միայն գիտեմ, որ որոշ չափով գումարները՝ կինոյին ուղղված, ավելացել են: Սակայն դրանք այնքան քիչ են, որ կինոարվեստին չեն կարող բավարարել: Քանի որ առջեւում ունենք այնպիսի հեռանկար, որ «Հայֆիլմը» եւ վավերագրական ստուդիան կարող են գնվել մասնավոր մարդու կողմից, որը շատ մեծ խոստումներ է տալիս, մենք մի քիչ թեթեւ ենք նայում պետության գումարներին»,- ասաց Ռուբեն Գեւորգյանցը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը զարմացած էր, որ հաստափոր փաստաթղթում ոչ մի անգամ հիշատակված չէ կերպարվեստ բառը: Երջանիկ Մուրադյանը բացատրեց. «Պատճառն այն է, որ «կերպարվեստ» ենթածրագիրը ընդգրկված է «Մշակութային միջոցառումներ» ծրագրում»: Աղամյանի կարծիքով ճիշտ կլիներ մշակույթի դաշտի մարդկանց հետ ոլորտին վերաբերող ֆինանսական փաստաթուղթը քննարկել նախ մշակույթի նախարարությունում, հետո իրենց հրավիրել նախագահական: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էլ դժգոհեց, որ թատերարվեստի մասին ծրագրում առանձին կետ չկա: «Նախ պիտի մշակույթի նախարարությունում մեզ հետ հանդիպում կազմակերպվեր, որպեսզի այստեղ գալուց առաջ իմանայինք՝ ինչ ենք խոսելու: Լավ կլիներ, որ յուրաքանչյուր թատրոնին կոնկրետ ասվեր՝ ձեր բյուջեն 2006 թվականին այսքան է, 2007-ին՝ այսքան, 2008-ին էլ՝ ավելի շատ… Թե չէ՝ չես հասկանում, էդ թվերը որտեղից են վերցրել»: Ռոբերտ Ամիրխանյանն էլ նեղսրտեց, որ Մշակույթի հանձնաժողովը կարծես նպատակին չի ծառայում, որովհետեւ անդամները հավաքվել ու չեն տարբերում մշակույթի ոլորտի առաջնահերթությունները երկրորդականից: «Այսօր չկա մեր երկրի մորալը… մեր քաղաքում հաճույքի մոմենտներն են աշխատում, իմ կոլեգան պատահական չի բարձրացնում Կիրկորովի հարցը: Ինձ համար վիրավորական է անընդհատ փող խնդրել մարդկանցից համերգներ կազմակերպելու համար, դա պետությունը պիտի աներ: Ինչ վերաբերում է փաստաթղթին, այնտեղ ես չտեսա մի կետ, որ վերաբերեր պրոֆեսիոնալ երաժշտական դաշտի խնդիրներին… Մշակույթի հանձնաժողովը պիտի երիտասարդ ստեղծագործողներին քաջալերելու խնդիր քննարկեր, որ մարդիկ չթողնեն գնան էս երկրից»: Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանն անդրադարձավ «Մետրո», Փոսի եւ Կամերային երաժշտական թատրոնների խնդիրներին ու «վերեւների» անտարբերությանը: Ասաց նաեւ, որ ժամանակն է ասպարեզը երիտասարդներին տրամադրելու: Անդրադարձ եղավ արդեն 4 տարի չարչրկվող ԹԳՄ վիդեոկենտրոնին, որտեղ պահպանվող բացառիկ նյութերը վնասվում են: «Իմ տարիքն էլ չի՝ գնամ միտինգ անեմ, ախր մեր թատրոնի շենքը քանդվում է, լուսաձայնային սարքավորումները ՆԷՊ-ի շրջանի են: Լավ էր՝ գոնե նոյեմբերին վարչապետը եկավ ներկայացում դիտելու, մրսեց ու ջեռուցման հարցը լուծեց»: Պրն Ղազանչյանը նաեւ խնդրեց, որ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի առթիվ վետերան արվեստագետներին կոչումների ներկայացնեն: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն էլ հանձնաժողովի ուշադրությունը փորձեց բեւեռել իրենց թատրոնի աչքաթող արված գրադարանի վրա. «Օպերայի գրադարանում օրիգինալներ ունենք, որոնք փտում են: Ամեն անգամ ճարած մեկ-երկու կոպեկով փոխանակ ներկայացում դնեմ, ստիպված նոտաներն եմ տպում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031