Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է
ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

Ապրիլ 01,2005 00:00

Երեխաները դեղնախտի դեմ
բուժում են ստացել աղքատների հիվանդանոցում, որը գոմ էր հիշեցնում Վերջին
մի քանի ամիսների ընթացքում Կալկաթայի Հայոց ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով:
Համաճարակի պատճառն այդպես էլ չի պարզվել: Բժիշկները երեխաներին հետազոտելուց եւ
հարցուպատասխանից հետո վարակման հնարավոր աղբյուր են համարում խմելու ջուրը: Դեղնախտով
հիվանդացել են միայն տղաները: Ճեմարանում տղաներն ու աղջիկներն ապրում են առանձին
կացարաններում: Տղաները միայն կեսօրին են ճաշում աղջիկների ճաշարանում, իսկ մնացած
ժամերին սնվում են իրենց կացարանում: Այսինքն՝ հավանական է, որ հիվանդության պատճառը
տղաների կացարանի խմելու ջուրն է, որն այդպես էլ չի հետազոտվել: Ճեմարանում
տիրող վիճակի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է գրել (տե՛ս՝ Կալկաթայի ճեմարանում
եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ, https://www.hetq.am/arm/society/0408-kalkata.html):
Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ, արդեն 6 տարի է՝ Հայոց մարդասիրական ճեմարանը
հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը, եւ կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի
գործերն իր ցանկացած ձեւով վարելու իրավունքը: Հիմա այնտեղ տիրող իրավիճակի եւ երեխաների
կյանքի ու ուսման համար պատասխանատու է եկեղեցին: 2005-ի փետրվարին Մայր աթոռի երեք
հոգանոց պատվիրակությունը մեկնել է Կալկաթա՝ ուսումնասիրելու ճեմարանի վիճակը: Պատվիրակության
անդամներից տեր Կտրիճ քահանա Դեւեջյանը հրաժարվեց հարցազրույցից՝ նշելով, որ Մայր
աթոռը ճեմարանում անհապաղ պետք է բարեփոխումներ իրականացնի: Նա տեղեկացրեց նաեւ,
որ Մայր Աթոռի ներկայացուցիչ Տիգրան սարկավագ Բաղումյանը գործուղվել է Կալկաթա՝ իբրեւ
ադմինիստրատոր: Կաթողիկոսի հանձնարարարությամբ նա պետք է սկսի այդ բարեփոխումները:
Տեր Կտրիճը ավելացրեց նաեւ, որ ճեմարան պարբերաբար հոգեւորականներ են այցելելու:
Այսօր, բացի Տիգրան սարկավագից, այնտեղ է նաեւ Մայր աթոռի մեկ այլ հոգեւորական: Կալկաթայի
մեր աղբյուրներից մեկի հավաստմամբ՝ հնդկահայ համայնքի մի քանի ներկայացուցիչների՝
Մայր աթոռի պատվիրակությանը հանդիպելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Ճեմարանի
տնօրեն Սոնյա Ջոնը վարձել է ինչ-որ մարդկանց, ովքեր արգելել են կալկաթահայերին հանդիպել
եկեղեցու ներկայացուցիչներին: Ճեմարանում գտնվող հայ երեխաները դեղնախտի դեմ
բուժում են ստացել աղքատների համար նախատեսված հիվանդանոցում: Երեխաներից մեկը մորը
գրած նամակում պատմել է, որ հիվանդանոցը, որտեղ բուժվել են, կեղտոտ էր եւ նման էր
գոմի: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Սոնյա Ջոնը Կալկաթայի ս. Նազարեթ եկեղեցու
միջոցներից մի քանի մլն դոլար էր հատկացրել Կալկաթայում մի հիվանդանոցի կառուցման
համար: Բարձրակարգ այդ հիվանդանոցը, սակայն, հայ երեխաներին անհասանելի է: Սոնյա
Ջոնն արդարացել է՝ ասելով, թե այն ճեմարանից հեռու է, այդ պատճառով էլ երեխաներին
չեն տարել այնտեղ բուժելու: Մեր տեղեկություններով՝ Ս. Նազարեթ եկեղեցին տարեկան
500 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում ճեմարանին: Սա բավականին մեծ գումար է եւ միանգամայն
բավարար՝ 101 սան ունեցող ճեմարանում ուսման նորմալ պայմաններ ստեղծելու եւ երեխաներին
բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Սակայն ճեմարանում, օրինակ, համակարգչային դասարան
ստեղծելու փոխարեն պարբերաբար կոսմետիկ վերանորոգումներ են կատարվում: Առայսօր երեխաները
համակարգիչներ չունեն եւ չեն կարողանում էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել իրենց
հարազատներին: Ճեմարանում նման հնարավորություն չկա, իսկ ինտերնետային ակումբներ
արգելում են երեխաներին այցելել: Մեզ հաջողվել է պարզել, որ ճեմարանում ձեւակերպված
է 92 աշխատող: Ճեմարանի այն սաները, ովքեր, կիսատ թողնելով ուսումը, չեն վերադարձել
Կալկաթա, անուն առ անուն գիտեն բոլոր աշխատողներին, եւ նրանց թիվը 25-ը չի գերազանցում:
Ճեմարանի ֆինանսական վերահսկողությունը դրված է ս. Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների
խորհրդի վրա: Իսկ խորհրդի նախագահը նույն Սոնյա Ջոնն է: Այն, որ ճեմարանը
ոչ միայն կացարան է, այլեւ կրթօջախ, եւ երեխաները պետք է «բարեկեցիկ» ապրելուց բացի՝
կրթություն ստանան, ոչ մեկին չի հուզում: ՀՀ կրթության նախարարությունն ընդհանրապես
հետաքրքրված չէ, թե ինչ կրթություն են ստանում մեր դպրոցներից գնացած 62 աշակերտները,
որոնք վերադառնալու են Հայաստան: 13-14 տարեկան աշակերտներն անգլերենից բացի ուրիշ
ոչինչ չեն սովորում ճեմարանում: Նրանցից շատերը չգիտեն բազմապատկման աղյուսակը: Բացի
այդ, Հնդկաստանում միջնակարգ կրթություն է համարվում 12-ամյա դպրոցը, իսկ Հայոց ճեմարանն
ապահովում է միայն 10-ամյա կրթություն: Հնարավոր է՝ ճեմարանի աշակերտները վերադառնան
Հայաստան՝ առանց միջնակարգ կրթության վկայականի: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել