Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի-չայը «կատաղել» է

Ապրիլ 01,2005 00:00

Գյումրի-չայը «կատաղել» է Իսկ տուժողները հիմնականում Գորկու 1-ին նրբանցքի եւ ավտոկայանի տնակային թաղամասի բնակիչներն են: Եթե վերջիններս մոլորվել են սեփական տներում աճող սնկերի առատությունից, ապա գորկեցիները գլուխները կորցրել են վխտացող առնետներից ու մարդ գզող փողոցային շներից: Ինչպես «Առավոտին» բողոքեցին հիշյալ նրբանցքի բնակիչները, իրենց դռներից հոսող Գյումրի-չայը համաքաղաքային աղբանոցի է վերածվել, որի պատճառով էլ խաթարվել է գետակի բնականոն հոսքը: Արդյունքում իրենք դարձել են կատարյալ ջրկիրներ՝ չհասցնելով վերացնել տները լցվող կեղտաջրերը: Բնակիչներից մեկը նույնիսկ հաշվել էր, որ 2 ժամվա ընթացքում ինքը նկուղից 300 դույլ ջուր է կրում, ավելին՝ «էս նեղ պահին» ջուր կրելու համար հատուկ «սապոգներ» է գնել: Նրանց պատմելով, իրենց «սեւ օրը» սկսվել է գետակը ծածկող պանելի շրջվելուց, որն էլ «հեշտացրել» է հարակից թաղամասերում ապրողների աղբաթափության գործը: «Բան-գործ թողել՝ պահակ ենք դարձել»,- ասում են գորկեցիները: Բնակիչների ասելով, այս հարցում քաղաքապետարանն էլ «բանի պետք չէ», հինգ ամիս շարունակ իրենց «տարել-բերել են», միայն վերջերս գրավոր դիմում ներկայացնելուց հետո են մարդիկ ուղարկել: Չնայած, ըստ նրանց, ուղարկածները չուղարկածի հաշիվ են: «Ի՞նչ են անում, որ, գալիս մտմտում-գնում են, ոչ տեխնիկա ունեն, ոչ էլ թամամ սապոգ, էդպես էլ աղբ մաքրել կլինի՞»,-ի սրտե ջղայնացան 73- ամյա ամուսիններ Վարդուշ եւ Վասպուրական Գաբրիելյանները: Նրանք անգամ պատրաստ են տեղական ու մարզային կառույցներից վնասի փոխհատուցում պահանջել, քանի որ փչացել էր իրենց ձմեռային պաշարը՝ կարտոֆիլը, սոխը եւ այլն: «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ, թե ինչու քաղաքապետարանը իր գործառույթը բնականոն չի կատարում: Քաղաքապետարանի լրատվական բաժնից պարզաբանեցին, որ իրենք «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով, ինչպես նաեւ իրենց միջոցներով միշտ էլ մաքրել են քաղաքի աղետավտանգ ջրատարները, սակայն իրենց տեխնիկական միջոցներն ու ներուժը բավարար չեն՝ լիարժեք աշխատանքներ իրականացնելու: Նրանք էլ իրենց հերթին դժգոհեցին, որ վարչապետի հանձնարարությամբ «2005թ. Շիրակի մարզում գարնանային հեղեղումների վնասները մեղմելու նպատակով հեղեղավտանգ տեղամասերը ուսումնասիրող հանձնաժողովը Գյումրիին ընդհանրապես ուշադրություն չի դարձրել»: Սա նշանակում է, որ կառավարության կողմից նախատեսված 131 միլիոն դրամից գումարներ հատկացնելու ցանկություն չի հայտնել հանձնաժողովը, եւ հարցը լուծվել է միայն (այնուհետեւ 6 միլիոն դրամ է նախատեսվել) փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի՝ փոխմարզպետ Միքայել Վարդանյանին ուղղված դիմում-խնդրանք ներկայացնելուց հետո: Պետք է ենթադրել, որ մարզպետարանի ու քաղաքապետարանի կոնֆլիկտային հարաբերությունները ամենեւին էլ չեն հարթվել, չնայած վերջերս Շիրակի մարզպետի ու Գյումրիի քաղաքապետի միջեւ բացահայտ կոնֆլիկտներ տեղի չեն ունեցել: Մեր նյութի պատրաստման ընթացքում հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը վերջապես իր տեղն է դրել Գորկու 1-ին նրբանցքով հոսող Գյումրի- չայը ծածկող աղյուսը՝ քաղաքի կենտրոնական հատվածում կանխելով արտակարգ իրավիճակների եւ խոլերայի վտանգը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել