Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԹԱՆ՝

Ապրիլ 02,2005 00:00

ԽԹԱՆ՝ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ Երկտարյա ընդմիջումից հետո, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 5-ին մենահամերգով հանդես կգա ճանաչված երիտասարդ դաշնակահար Արեգ Սիմոնյանը: 90-ականներից մինչեւ 2002թ. Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Գվատեմալայում, Էկվադորում, Կոստա Ռիկայում եւ այլուր մենահամերգներով հանդես եկած երաժշտից զրույցի սկզբում «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչն էր բեմական երկարատեւ դադարի պատճառը: Ըստ դաշնակահարի, թեեւ ինքը ստացել է բարձրակարգ երաժշտական կրթություն Չայկովսկու անվան դպրոցում եւ Երեւանի պետկոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Ռոզա Թանդիլյանի եւ Մարգարիտ Հակոբյանի դասարաններում, վարպետության դասեր վերցրել աշխարհահռչակ դաշնակահարներ Գայո Պագանոյից (ԱՄՆ), Լեւ Նաումովից ու Վերա Գորնոստաեւայից (Ռուսաստան), սակայն եկել էր պահ, երբ նա զգացել էր աշխարհում առաջին՝ ռուսական դաշնամուրային դպրոցը հիմնովին ուսումնասիրելու պահանջ: «Այժմ գտնում եմ, որ կարող եմ պարզ ճակատով ներկայանալ ունկնդրին»,- վստահեցրեց Ա. Սիմոնյանը: Մեր դիտարկմանը՝ «Երբ խոսք է գնում հայ դաշնակահարների մասին, լայն հասարակությունը, բացի Սվետլանա Նավասարդյանից, չի կարողանում նույնիսկ երկրորդին մատնանշել», արվեստագետն ասաց. «Կարծիք է ձեւավորված, որ դասական երաժշտությունը անհասանելի մի բան է: Թեպետ ճիշտ մատուցման դեպքում այն հուզում է ու հասանելի դառնում: Այդ արվեստում իր առաջնային դերն ունի դաշնակահարի անցած դպրոցը: Երկտարյա իմ համերգային դադարի ժամանակ վերջնականապես համոզվեցի ռուսական դաշնամուրային դպրոցի կատարելության մեջ: Նշեմ, որ այդ դպրոցն են անցել ավագ սերնդի հայ անվանի դաշնակահարներ Գեորգի Սարաջյանը, Կետի Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Սիլվա Բունիաթյանը, Ռոբերտ Անդրեասյանը, այսօր համերգային գործունեությունը շարունակող Անահիտ Ներսիսյանը, Կարինե Օհանյանը եւ այլք: Այդ դպրոցի ներկայացուցիչն է նաեւ Սվետլանա Նավասարդյանը: Նշածս արվեստագետները հնչեցնում են դաշնամուրն այնպես, կարծես հնչում է ամբողջ մի նվագախումբ: Ափսոսում եմ, որ հայաստանյան մշակութային կյանքում բարձրակարգ դաշնակահարների մենահամերգները հաճախակի չեն»: Մեր զրուցակիցը կարեւորելով մենեջերների, իմպրեսարիոների դերը համերգային բարձր մակարդակի գործունեություն ծավալելու հարցում, տարակուսեց. «Հետաքրքիր է՝ մեր բուհերն ավարտած նման մասնագետներն ինչո՞վ են զբաղված»: Դաշնակահարը վրդովմունք հայտնեց երաժշտական քննադատների պասիվ աշխատանքից, բերելով հետեւյալ օրինակը. «Երբ 2001-ին Դրեզդենում «Սերենադ» կամերային նվագախումբը հանդես եկավ Մոցարտի 12-րդ կոնցերտի մեկնաբանմամբ, որտեղ ես կատարում էի դաշնամուրի պարտիան, հաջորդ օրը աղմուկ էր բարձրացել լրատվամիջոցներում: Ասեմ, որ այս կոնցերտն ունի երկու տարբերակ՝ կամերային նվագախմբի ու փողայինների եւ առանց փողայինների: Քննադատը մեր հրամցված տարբերակին ծանոթ չէր: Բանը հասավ նրան, որ «Սերենադի» գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը տեղի մամուլում հանդես եկավ բացատրությամբ: Ասելիքս այն է, որ արվեստագետի աշխատանքի անբաժանելի մասը պետք է լինի նաեւ քննադատությունը»: Ըստ Ա. Սիմոնյանի, մեզ մոտ չեն գնահատվում այն դաշնակահարները, ովքեր ոչ միայն Երեւանի կոնսերվատորիայում, այլեւ արտերկրում տարիներ շարունակ սովորում են ու կատարելագործում իրենց արվեստը. «Պետք է պարզ ասեմ, որ արտերկրում, օրինակ, տարիներ շարունակ Փարիզում կատարելագործված դաշնակահարը (անունը չցանկացավ նշել) վախենում է վերադառնալ հայրենիք: Պատճառները շատ են՝ պարտադիր զինծառայություն եւ այլն, իսկ գլխավորը՝ համոզված չէ, թե իրեն այստեղ սպասում են: Մինչդեռ նման երաժիշտների համար մեզ մոտ անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, ինչու չէ, օգտագործել նրանց կապերը՝ մեր շնորհալի երիտասարդներին աշխարհին ներկայացնելու համար եւ այլն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել