Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ

Ապրիլ 02,2005 00:00

«Չեմ տեսնում ռեժիսորին, որի հետ կուզենայի աշխատել» Ասում է Միքայել Պողոսյանը 15 տարի է՝ դերասանը ոչ մի կազմակերպությունում չի աշխատում եւ կարծես չի ստեղծագործում: «2002-ին ստեղծված «Երեւան ջան» ֆիլմը ձեր վերջի՞ն աշխատանքն է» հարցին Մ. Պողոսյանը պատասխանեց. «Անցյալ տարի իմ կլոր տարեդարձն էր եւ ցանկություն առաջացավ հավաքել խաղացածս բոլոր պերսոնաժները՝ սկսած 93-ից, դրվագներ ֆիլմերից, իմ երգերը, մտորումները, որոնք ԱՄՆ-ում ամփոփվեցին մեկ DVD-ի մեջ: Այն կոչվեց «Միքայել, առաջ՝ դեպի ետ»: «Երեւան ջանը» մեր քաղաքի հետ կապված առայժմ վերջին աշխատանքն է,- պատմեց Մ. Պողոսյանը:- Նկարահանումները կատարվել են հիմնականում Բուզանդի փողոցում (նախկին Սվերդլով): Այժմ փորձում են քանդել, եվրոպականացնել այն: Ցավում եմ, որ այդպես է: Այդ վայրը ինձ համար շատ հոգեհարազատ է՝ այնտեղ է նկարահանվել իմ «Օվսաննա» տեսահոլովակը: Մեծ ընտրություն չկա մեր ոչ հեռու անցյալը՝ պատմական Երեւանը ցույց տալու: Գոնե այդ փողոցում պահպանված են հին Երեւանի շունչն ու հոտը: Մեր քաղաքը մենք ենք՝ մարդիկ: Թող կորչեն այստեղից բոլոր նրանք, ովքեր սիրել չգիտեն, կարոտել ու ներել չգիտեն: Թող կորչի Երեւանից լկտիությունը, խաչագողությունը, դավաճանությունը: Կարծում եմ, որ քաղաքը, որի մարդիկ ներողամիտ չեն, զբաղվում են ուրիշի գործով, ազնիվ չեն՝ դառնում է անդեմ: Չնայած Երեւանում ապրում են այնպիսի երեւույթներ, որ փառք ու պատիվ են բերում քաղաքին, բայց, դժբախտաբար, այդ մարդիկ ուժ չեն հանդիսանում: Ամեն մեկը իր խցում ստեղծագործում է, իսկ ավելի շատ լռում կամ փնթփնթում է, բայց չի ձգտում մեկ դառնալու: Ավելի շատ ուշադրություն ենք դարձնում կենցաղի մանր խնդիրներին: Էներգիա ենք վատնում, հաճախ՝ անտեղի: Իմ ճշմարտությունը ես փնտրում եմ մտերիմներիս մեջ: Գտնում եմ, որ մեզ նեղություն պիտի տանք, որ դիմացինին լավ լինի: Երեւի դա է ընկած ընկերության հիմքում»: Դերասանը իր վարպետությունն ու փորձը ուղղակիորեն չի հաղորդում ոչ ոքի: Գտնում է, որ եթե ունենար մի «պինդ» պրոդյուսեր, գուցե մտածեր թատրոն կամ ստուդիա ունենալու մասին: «Ես չեմ դասավանդում որեւէ տեղ,- ասում է նա,- որովհետեւ գտնում եմ, որ ինքս դեռ սովորելու շատ բան ունեմ: Եթե ուզում են՝ թող սովորեն իմ գործերից, բայց որեւէ մեկին դաս տալ, ասել, թե որն է լավ կամ որը վատ՝ ճիշտ չեմ համարում»: Իսկ Երեւանում գործող թատրոնների մասին Մ. Պողոսյանը կարծում է, որ հայկական թատրոնի դեմքը ուրվագծված չէ: Կան հաջողված ինչ-ինչ պոռթկումներ, դրվագներ, իսկ հիմնական մտածողությունը, էներգիան, որ գալիս է բեմից հանդիսատեսին՝ նրան չի բավարարում: Իսկ թե ինչո՞ւ ինքը բեմում հանդես չի գալիս՝ գաղտնիքը բացեց. «Ես թաքնվել եմ էկրանի հետեւում: Դա կապված է իմ հոգեբանական, ստեղծագործական դժվարությունների հետ: Բեմը ինձ համար շատ լուրջ տարածք է: Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ներկայացում կոչվող արարողությանը: Զուտ ստեղծագործական տագնապ ու վախ կա, որ չեմ կարողանում հաղթահարել: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ չեմ տեսնում այն ռեժիսորին, որի հետ կկարողանամ աշխատել բեմում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել