Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶՈՆԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

Ապրիլ 06,2005 00:00

Նոր
մարզչի անունը կիմանանք մոտ տասն օրից Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը
հերթական մամուլի ասուլիս էր հրավիրել: «Ավանդույթի համաձայն՝ ես ազգային
հավաքականի յուրաքանչյուր պաշտոնական հանդիպումից հետո հանդիպում եմ լրագրողներին,
արտահայտում տվյալ խաղի, ֆուտբոլիստների, մարզիչների աշխատանքի մասին իմ տեսակետները,-
ասաց նա:- Այս անգամ արդեն մի քանի հանդիպում անցել է, սակայն մեր հանդիպումը չի
ստացվել: Դրա համար էլ հրավիրել եմ ձեզ: Գլխավոր ասելիքս այն է, որ Հոլանդիայի խաղից
հետո գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին ազատվել է աշխատանքից: Հիմա նոր մարզչի համար
բանակցություններ են վարվում երկու մասնագետների հետ: Մինչեւ հաջորդ պաշտոնական հանդիպումը
երկու-երեք ամիս ժամանակ կա: Նա կրկին արտասահմանից է լինելու, եւ մեկնաբանեմ, թե
ինչու: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայաստանում չկա այնպիսի մասնագետ,
որը կարողանա տիրապետել հավաքականին եւ ժամանակակից ֆուտբոլի հետ համաքայլ ընթանալ»:
Բայց նաեւ Ռ. Հայրապետյանը նպատակահարմար չգտավ անուններ տալ: Դրա փոխարեն տեղեկացրեց,
որ արդեն երեք ամիս է, որ այդ մարզիչներից մեկը ներկա է լինում մեր հավաքականի խաղերին,
հետեւում ֆուտբոլիստներին: Ու հավաստիացրեց, որ հավաքականի նոր ղեկավարի անունը կհայտարարվի
մոտավորապես տասն օրվա ընթացքում: Այնուհետեւ Ռ. Հայրապետյանը, պատասխանելով
լրագրողների հարցերին, ասաց, որ Կազոնիի աշխատանքը չէր բավարարում նախ՝ իրեն, ապա
նաեւ՝ ֆուտբոլիստներին: Նա բազմաթիվ սխալներ է թույլ տվել թե ֆուտբոլիստների ընտրության,
թե հավաքականի հետ տարվող տակտիկական աշխատանքներում: Կազոնիի ծառայություններից
հրաժարվելու մասին որոշումը կայացվել է Հոլանդիայի հավաքականի հետ խաղից հետո, սակայն
այդ միտքն առաջացել է ավելի վաղ՝ Քուվեյթի հետ հանդիպման ժամանակ, բայց քանի որ շատ
քիչ ժամանակ էր մնում աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումներին, չէր
կարելի հավաքականն այդ ընթացքում առանց մարզչի թողնել: Նոր մարզչի հետ աշխատելու
ոճում ինչ-որ բան փոխվելո՞ւ է՝ հարցին ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Այո: Նա լինելու
է ոչ միայն հավաքականի, այլեւ մեր ակումբներից որեւէ մեկի (ամենայն հավանականությամբ՝
«Փյունիկի».- Ա. Հ.) գլխավոր մարզիչը: Ես այլեւս թույլ չեմ տալու, որպեսզի ֆունկցիոնալ
առումով անպատրաստ ֆուտբոլիստը հրավիրվի հավաքական: Ներկայիս մարզչից պահանջվելու
է, որպեսզի մեր ընտրանին արժանի մրցակից լինի ցանկացած ուժեղ թիմի համար, որը ես
հնարավոր եմ համարում, ունենանք որոշակի հաջողություններ, եւ ապագայի հավաքական ստեղծի:
Դրա համար ասել եմ ու կրկնում եմ՝ այնքան եմ մարզիչ փոխելու, մինչեւ գտնեմ արժանավորին:
Ինչ վերաբերում է ազգայինն առավելապես լեգեոներականներով համալրելու նպատակահարմարության
մասին հարցին, կարելի է դա էլ անել: Սակայն այդպես կկորցնենք մեր ֆուտբոլիստների
հավատը ֆուտբոլի եւ հավաքականի հանդեպ: Մենք վատ երիտասարդներ չունենք, լեգեոներականների
մեծ մասն էլ դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստներն են: Ավելի լավ է վստահել մեր
տղաներին: Այլ խնդիր է խաղային թույլ օղակներն արտասահմանցիներով ուժեղացնելը: Օրինակ,
սպասում ենք իսպանացի մի ֆուտբոլիստի, որին քաղաքացիություն ենք ուզում տալ»: Արծարծված
բազմաթիվ այլ հարցերի շարքում Ռուբեն Հայրապետյանը կրկին անդրադարձավ «Արարատ» ակումբի՝
այդպես էլ չլուծվող խնդրին: Նա ակումբի հովանավոր տերերի այստեղ ծավալած գործունեությունը՝
կապված մասնավորապես Ձորաղբյուրի մարզաբազայի հետ, գնահատեց այսպես. «Նրանք Հայաստանում
ֆուտբոլ հովանավորող չեն: Այդ մարդիկ զբաղված են փողեր լվանալով ու գողությամբ: Փոխանակ
մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնեն, պայմանագրի կետերը, ժամկետները խախտելով՝ քանդել
են եղած կառույցները, կարծեմ 300 դրամով ապօրինաբար յուրացրել 30 հազար քմ հողատարածք՝
համայնքին պատճառելով $1,5 միլիոնի վնաս…»: Ասուլիսից հետո «Հայոց աշխարհ»
օրաթերթի մարզական մեկնաբան Հրայր Նազարյանի հետ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանին
խնդրեցինք մեկնաբանել Ձորաղբյուրի հետ կապված այդ պատմությունը, որը կտպագրենք առաջիկա
համարներից մեկում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել