Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրայիններ եւ օտարներ Խաչփարի դպրոցում ու Արարատի մարզում

Ապրիլ 06,2005 00:00

Յուրայիններ եւ օտարներ Խաչփարի դպրոցում ու Արարատի մարզում Երեք տարի առաջ «Առավոտն» անդրադարձավ Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակին («Շեքսպիրյան կրքեր Խաչփարի դպրոցում» հրապարակմամբ): Երբեւէ մտքներովս չէր անցնի, որ դպրոցի նոր տնօրենի նշանակմամբ ստեղծված վիճակն այնքան կծանրանա, որ այդ հարցով կզբաղվեն ինչպես մարզպետ Ալիկ Սարգսյանը, այնպես էլ ծագումով մասիսցի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: 2004թ. մարտի 9-ին Արարատի մարզպետարանում Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանի, դպրոցի տնօրեն Սոս Հակոբյանի եւ կրթության վարչության աշխատակիցների մասնակցությամբ պետք է վերջակետ դրվեր դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա քննության դրված բազմաչարչար հարցին: Սակայն որեւէ լուծում չգտնվեց եւ ստեղծվեց ընդամենը «լրացուցիչ հանձնաժողով»: Ինչի՞ց էին դժգոհել ուսուցիչները: 2003թ. սեպտեմբերից Խաչփարի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակվեց Մասիս քաղաքի բնակիչ Սոս Հակոբյանը: Թվով երրորդ տնօրենն էր եւ, ըստ նամակագիրների, նա իր նախորդների նման դպրոցը բաժանեց օտարների եւ յուրայինների, ինչի արդյունքում աշխատանքից ազատվեցին հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Շ. Ավագյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Ս. Եփրեմյանը: Վերջինս աշխատանքի վերականգնվեց միայն Արարատի մարզի առաջին ատյանի վճռով: Անցյալ տարվա մարտի 16-ին վերաքննիչ դատարանի վճռով էլ իր աշխատանքում վերականգնվեց դպրոցի գլխավոր հաշվապահ Ի. Բարագյանը: Զինվորի մայր, փախստական Բարագյանի հաշվապահական փաստաթղթերը դեռ չի հանձնված նրան եւ եթե մարզի շատ դպրոցներում 23000 դրամ է տրվում հաշվապահներին, ապա Խաչփարի դպրոցի տնօրենը Բարագյանի համար սահմանել է 13000 դրամ աշխատավարձ: «Օպտիմալացման ծրագրի անվան տակ աշխատանքից ազատում է Խաչփար համայնքի բնակիչներ, բարձրագույն կթությամբ Հ. Քոչարյանին, երեք անչափահաս երեխաների մայր Ս. Կարաքեշիշյանին, Կ. Հովհաննիսյանին, Վ. Թումանյանին,- շարունակել էին մարզպետին ուղղված իրենց նամակում բողոքել ուսուցիչները,- չնայած դպրոցում աշխատում են տնօրենի՝ մանկավարժական կրթություն չունեցող համախոհները»: Այս դպրոցը չունի ֆիզկուլտուրայի, աշխարհագրության, աշխատանքի ուսուցման ուսուցիչներ եւ մարզպետին ուղղված բողոքում տեղյակ էին պահել, որ «ֆիզկուլտուրայի ժամերը գրվել են երգեցողության ուսուցչի վրա»: «Դպրոցի ներկայիս կազմակերպիչ Շ. Ծովանյանը, լինելով ֆրանսերենի մասնագետ, բացի ֆրանսերենից, դասավանդել է բոլոր առարկաները»,- իրենց գյուղապետ Ղազար Մարտիրոսյանին էլ ուղղված բողոքում կրկին պնդել էին ուսուցիչները: Նրանք նաեւ տեղյակ են պահել խորհրդական Իսագուլյանին, որ 2004-05 ուստարվա համար դպրոցին հասանելիք հեղուկ վառելանյութի առաջին քանակը եղել է 2576 լ, որը գյուղից տեղափոխվել է Մասիս եւ պահեստավորվել տնօրենի տանը: Պահեստավորման ճակատագրին է արժանացել նաեւ երկրորդ քանակը՝ 1311 լիտր, իսկ դասասենյակների ուշ ջեռուցումը կատարվել է ծնողներից հավաքած գումարների հաշվին: Այս մասին տեղյակ են մարզպետն ու կրթության բաժինը: Նրանք գիտեն նաեւ, որ դպրոցի աշխարհագրության ուսուցիչը տնօրենի աներձագի կինն է՝ Լ. Մնացականյանը, որը համատեղության կարգով աշխատել է նաեւ Մասիսի ջրային տնտեսությունում: Նա էլ անցյալ ապրիլից ջրային տնտեսությունից գնացել է ֆիզարձակուրդ, իսկ դպրոցում աշխատում էր: Գյուղապետ Ղ. Մարտիրոսյանը, ավագանին՝ Ս. Կարաքեշիշյանը իր 4 անդամներով երկու օր առաջ դիմել են ՀՀ նախագահին ու հանրապետության կրթության գործող նախարարին: Գուցե այս ձեւով ուշադրության արժանանա մարզի դպրոցը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել