Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետությունը փնթի սեփականատեր է»

Ապրիլ 08,2005 00:00

«Մեր պետությունը փնթի սեփականատեր է» Կարծում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը Կառավարությունը երեկ հավանություն է տվել Քաղաքացիական օրենսգրքի՝ անշարժ գույքի օգտագործման հետ կապված մի շարք փոփոխություններին ու դրանցից բխող՝ Հողային օրենսգրքի եւ այլ օրենքների մեջ կատարված փոփոխություններին: Դրանք շատ են եւ առանձին-առանձին մանրամասնելու արժանի: Օրինակ, մինչեւ 2006թ. ավարտը բնակարանների եւ առանձնատների սեփականատերերը պարտավոր են պայմանագրով հստակեցնել, թե իրենց տանը գրանցվածներից ովքեր կարող են համարվել բնակօգտագործման իրավունք ունեցողներ: Պայմանագրերը կկնքվեն անվճար: Հիշյալ ժամկետից հետո պայմանագրում չհայտնվածները կզրկվեն օգտագործման իրավունքից: «Խոսքը վերաբերում է ոչ թե ընտանիքի անդամ-համասեփականատերերին, այլ գրանցված բարեկամ-հարազատներին»,- երեկ մեկնաբանեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Պետական եւ համայնքային սեփականության հողերն այսուհետեւ չեն վարձակալվելու, այլ միայն վաճառվելու են կամ տրվելու են կառուցապատման իրավունքով՝ 99 տարով: Վերջին դեպքում ժամկետը լրանալուց հետո հողը կրկին նախկին սեփականատիրոջն է վերադառնում: Մեկ այլ փոփոխությամբ այսուհետեւ բնակելի եւ արտադրական կառույցների սեփականատերերը նաեւ իրենց շինությունների տակ գտնվող հողերի սեփականատերն են դառնում, առաջինները՝ անհատույց, երկրորդները՝ որոշակի գումարով: Ուրախանալու առիթ ունեն բանկերը. հիփոթեքով տրամադրված բնակարանները սեփականատիրոջ պարտավորությունները չկատարելու դեպքում բռնագրավելիս՝ այլեւս դատարանի օգնությանը դիմելու կարիք չունեն, քանի որ օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով նրանց իրավունք է վերապահվում միանգամից վտարել տոկոսները չվճարող բնակարանատիրոջը: Այսպիսով, եթե մինչ այժմ բանկերի համար էր ռիսկայնությունը մեծ, որովհետեւ դատարանը կարող է որեւէ օբյեկտիվ պատճառով բնակարանի առգրավումը կասեցնել, ապա այժմ էլ հիփոթեքային վարկից օգտվողի համար է ռիսկը մեծանում՝ ո՞վ գիտի, թե վաղն ինչ կգա գլխին: Համենայնդեպս, երկու դեպքում էլ վարկային այս ծրագրի զարգացումը կդանդաղի: Պարոն Վարդանյանի ներկայացմամբ, հանրապետությունում անշարժ գույքի հաշվառման ավարտից հետո պարզվել է, որ բացի «մի քանի թուրքի տներից, երկրում անտեր անշարժ գույք չկա, պարզապես պետությունը փնթի տնտեսվարող է եւ լրջորեն չի զբաղվում իր ունեցվածքի գրանցմամբ»: Նույն հաշվառման արդյունքներով, հանրապետությունում առկա է համայնքային սեփականության շուրջ 5000 բնակարան կամ բնակելի տարածք, որոնք կարող են հատկացվել անապահովներին: Այս «թանկարժեք» տեղեկությունը, անշուշտ, չի բարձրաձայնում որեւէ համայնքապետ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել