Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ

Ապրիլ 08,2005 00:00

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում, որտեղ պահվում են հայ որմնանկարչության վավերական պատճենները, եկեղեցական սրբապատկերների ուշագրավ հավաքածուն, 19-20-րդ դդ. գրեթե բոլոր մեծ վարպետների գլուխգործոցները, ապրիլի 6-ին բացվեց «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը։ «Մոցարտ-գալա» ծրագրով հանդես եկան «Սերենադ» կամերային նվագախումբը, օպերային երգիչներ Գայանե Գրիգորյանը, Իրինա Զաքյանը, Քրիստինա Դովլաթյանը, Ռուբեն Նուրիջանյանը, Վահան Մակվեցյանը, Դավիթ Բաբայանցը, Ռոբերտ Վիրաբյանը։ Հնչեցին նախերգանքներ եւ արիաներ Մոցարտի հայտնի օպերաներից։ Դիրիժորական վահանակի մոտ էր օպերային ճանաչված երգիչ, ֆրանսաբնակ բաս Սուրեն Շահիջանյանը, որը կարճատեւ զրույց ունեցավ «Առավոտի» հետ։ Տեղեկացնենք, որ Երեւանի պետկոնսերվատորիայում կրթություն ստանալուց հետո Ս. Շահիջանյանը 1993-ից ապրում ու ստեղծագործում է Փարիզում։ Այդ ժամանակահատվածում Եվրոպայի օպերային թատրոններում նա հանդես է եկել համաշխարհային օպերային գրականության առաջատար դերերգերով, մենահամերգներով, մասնակցել հեղինակավոր փառատոների՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, Փարիզի «Maitre de Chant Francais» մրցույթի առաջին մրցանակակիրն է։ Ելույթ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորներ Ռոբերտ Վիլսոնի, Մարկ Մինկովսկու, Ալեքսանդր Վեդերնիկովի, Անտոնելո Ալեմանդիի եւ այլոց ղեկավարությամբ։ Իր խոսքերով՝ տարվա 80 %-ը Եվրոպայում է, 20-ը՝ Հայաստանում։ Երգիչը պատահական չի համարում, որ իր՝ որպես դիրիժորի մկրտությունը ստացավ հայրենիքում։ Մեր հարցին, թե դիրիժորական դասեր ումի՞ց է վերցրել եւ ինչո՞ւ դիրիժորի իր դեբյուտը կայացավ հայրենիքում, այլ ոչ Եվրոպայում։ Գուցե դրսում մեծ ջանքե՞ր էին պահանջվում, որ ձեզ վստահեին նվագախումբ ղեկավարել, մեր զրուցակիցն ասաց. «Բախտի բերումով շփվել եմ մեծանուն դիրիժորների հետ, եւ, բնականաբար, հեռակա ուսուցում ստացել նրանցից: Հավաստիացնում եմ, որ երաժշտարվեստի ցանկացած բարձրակարգ մասնագետ իրեն կարող է թույլ տալ կամ գոնե փորձել մեկ անգամ կանգնել դիրիժորական վահանակի առջեւ, եթե, իհարկե, դիրիժորի փայտիկը ձգում է իրեն, ասել է թե՝ ձգտում կա նվագախումբ ղեկավարելու։ Անկեղծ ասած, դրսում փորձ էլ չեմ արել այդ ուղղությամբ»։ Ս. Շահիջանյանը խոստովանեց, որ ստեղծագործական կյանքում իր այս բեմելը կապված էր մեծ ռիսկի ու պատասխանատվության հետ. «Մյուս կողմից, եթե քեզ վստահում է ճանաչված դիրիժոր, մտերիմ բարեկամ (նկատի ունի Էդուարդ Թոփչյանին), այն քեզ աննկարագրելի լիցք է հաղորդում»։ Երգիչ-դիրիժորը հարկ համարեց նշել, որ Ֆրանսիայում, Եվրոպայի մյուս երկրներում «Սերենադը» ճանաչված կամերային նվագախումբ է, որ վերջինիս հետ հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Քիմ Քաշքաշյանը, Ռոլանդ Դայենսը, Սթիվեն Իսերլիսը. «Այնպես որ, ես ուրախ եմ, որ որպես դիրիժոր իմ առաջին բեմելը կայացավ հենց այս նվագախմբի հետ»։ Զրույցի ավարտին Սուրեն Շահիջանյանը վստահեցրեց, որ երեւանյան առաջին՝ կերպարվեստի եւ երաժշտության այս փառատոնը ոչնչով չի զիջում Եվրոպայում դեռ անցյալ դարում կայացած նմանատիպ միջոցառումներին. «Կցանկանամ, որ իր բնույթով ու հավաքածուների բազմազանությամբ այս պատկերասրահում երաժշտական փառատոնը դառնա ավանդական»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել