Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳԱՀԱՆԸ

Ապրիլ 12,2005 00:00

ԵՐԳԱՀԱՆԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՍՔԵՄՈՎ Օրերս կայացավ տեր Թովմայի՝ երգահան-պոետ Վահան Անդրեասյանի bհեղինակային երեկոն: Բարեգործական համերգը նվիրված էր՝ իր խոսքով՝ «բեմի համար գործունեության 25-ամյակին»: Վերջին շրջանում նա համագործակցում է երգահաններ Էդգար Գյանջումյանի, Դավիթ Դավթյանի, Հայկ Մանարյանի, Արսեն Ադոնցի ու Արման Ղազարյանի հետ: «Այսօր ծնվում են երգեր, մեկ-երկեւ անգամ կատարվելուց հետո մոռացվում, ի՞նչն է պատճառը, ի՞նչ է պակասում այսօրվա երգին»,- հարցրինք երգահանին: «Դա ոչ թե երգից, այլ ընդհանուր վիճակից է գալիս: 1988-ից հետո մենք խրվեցինք նյութապաշտության մեջ: Խորհրդային ռեժիմի տարիներին ապրում էինք մի երկրում, որտեղ կար գաղափարական ստրկություն: Հետո Աստված բաց արեց դուռը, որ այդ բանտից դուրս գանք: Մենք դուրս եկանք, ու փոխանակ միջանցքով գնալու դեպի ելքը, մտանք դիմացի բանտախուցը: Ըստ էության ոչինչ չփոխվեց, ստի գաղափարախոսությունից թեքվեցինք դեպի նյութապաշտություն: Այդպես էլ չստացանք հոգու այն ազատությունը, որ կարողանայինք ճիշտ ընթացքով գնալ եւ ճիշտ մշակույթով զբաղվել: Իսկ նյութապաշտությունն ունի իր կուռք-օրենքները՝ փող, հաճույք եւ իշխանություն: Շատ արժեքներ, նաեւ մշակույթն ու ազգային գիտակցությունը, դուրս մղվեցին, ու ամեն ինչ փոխարինվեց վերը նշված պաշտամունքին հատուկ, արեւմուտքից ներմուծված ատրիբուտներով: Նյութապաշտությունը այն կրոնն է, որ դավանում է հասարակության 70%-ը՝ քաղքենիությունը: Ու քանի որ հասարակության գործող ուժը քաղքենիությունն է, նա էլ տարածեց իր կրոնը եւ սովորությունները՝ արտասահմանին գլխների վրա պահելը, ազգայինը մոռանալը, ռաբիսի, թուրքականի, արաբականի հետեւից գնալը»,- փաստեց պրն Անդրեասյանը: Խոսք գնաց նաեւ Կոմպոզիտորների միության ներկայիս վիճակի մասին: «Տեսեք, ներկայումս միությունն ի՜նչ վիճակում է… սյուներից մնացել են միայն Ռոբերտ Ամիրխանյանը եւ Արամ Սաթյանը: Բայց Սաթյանը կարծես թե չի ստեղծագործում վերջերս: Բնականաբար, ունի պատճառներ: Օրինակ, մի երգ ձայնագրելը արժե ամենաքիչը $300: Նրա երգերը, թող ների ինձ, այսօր չունեն վաճառքի այն արժեքն ու պահանջարկը, որպեսզի երգիչներն ու երգչուհիները դիմեն նրան: Բնականաբար, նրանք կդիմեն այն երգահաններին, որոնց երգերը շոու-բիզնեսում այսօր արժեք են ներկայացնում»,- կարծում է երգահանը: Ըստ մեր տեղեկությունների, այդպիսիների թվում են մասնավորապես Էդգար Գյանջումյանը, ամերիկաբնակ Արամ Ավագյանը, Արթուր Գրիգորյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, իր երգը վաճառում է $700-1000, մյուսները՝ $300-500: Երգահանը բնական է համարում վերջին շրջանում Երեւանի ու երեւանցու մասին երգերի ծնունդը: Մի այդպիսի երգ էլ ինքն է գրել. «Էդգար Գյանջումյանը անցյալ տարի պատվիրեց երգի տեքստ գրել Կենտրոն համայնքի մասին: Երաժշտությունն էլ լավն էր: Ես Կենտրոն բառը մեկ տեղ էի օգտագործել, բայց թաղապետը պահանջեց, որ 5 տեղ օգտագործվի ու տեքստը կորցրեց իր գեղարվեստական նշանակությունը»: Երգահանը դժգոհեց մերօրյա երգերի բաց տեքստերից ու դրանց անհարկի պրոպագանդումից: «Կոմպոզիտորներից մեկը մի քանի տարի առաջ օպերա էր գրել, ինձ էլ առաջարկել էր լիբրետո գրել, որտեղ Լիլիթը դառնում է Տիրամայր: Լիլիթը էնտեղ ներկայացված էր որպես անբարո կին: Ես ասացի, որ չի կարելի ամեն ինչ վերածել ստեղծագործական երեւակայության: Արդյունքում՝ վիճեցինք, լիբրետոն չգրեցի: Չեմ զարմանում, եթե բոլոր կրոնական համայնքներին գրանցում են, Լիլիթին էլ Տիրամայր կներկայացնեն: Չեմ զարմանա, որ մի օր էլ սատանայապաշտներին գրանցեն»,-դժգոհեց Վ. Անդրեասյանը: Նա հիշեց նաեւ հեռուստատեսությունում ռեժիսոր աշխատած տարիները, ուր, իր խոսքով՝ «մի քանի կոպեկ աշխատելու համար միմյանց կոկորդ էին կրծում»: «Հեռուստատեսությունում 15 տարի ռեժիսոր եմ եղել՝ մինչեւ 2000 թիվը: Հետո հեռուստատեսությունը մեռավ, այսինքն մեռավ այն ամենը, ինչին հավատում էի: Լրագրողի աշխատանքը ինձ համար պատասխանատու եւ պատիվ բերող աշխատանք է, լրագրողը պիտի արտացոլի կյանքը, ինչպես որ կա: Բայց ամեն լուրջ հաղորդում վերացել է, հիմա հեռուստալրագրողները գովազդներ եւ ծամածռություններ են անում»,- ասաց Վահան Անդրեասյանը: Այժմ նա Դալարի սբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավոր է: Աշխարհիկ կյանքին հրաժեշտ տալու պատճառը հետեւյալն է. «Ես այդ ամենը չէի կարող տանել, գնացի եկեղեցի, որպեսզի շարունակեմ մնալ քրիստոնյա»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել