Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ

Ապրիլ 13,2005 00:00

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՈՒՆԵՆԱՆՔ 8-9 ՈՒՂԵԳԻՐ Եկող տարի Տուրին քաղաքում կայանալիք ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին ընդամենը տասն ամիս ժամանակ է մնացել: Ու թեեւ Հայաստանը «Սպիտակ օլիմպիադաներում» առանձնակի ձեռքբերումներ երբեք չի ունեցել, այդուամենայնիվ, մեր հավաքական թիմերն ու անհատ մարզիկները նախապատրաստվում են Իտալիա մեկնելուն: Տուրինում հնարավորինս պատշաճ հանդես գալու նպատակով ՀԱՕԿ-ին կից ստեղծվել է Խաղերի նախապատրաստության շտաբ: Այն ղեկավարում է Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը: Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը զրուցեց նրա հետ: – Պարոն Իսպիրյան, Աթենքից առաջ ստեղծվել էր ամառային խաղերի նախապատրաստման կառավարական շտաբ: Տուրինի համար նման բան չի՞ նախատեսվում: – Տարեվերջին կունենանք կառավարության որոշում՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու վերաբերյալ, այդ ժամանակվանից կգործի նաեւ կառավարական կազմակերպական կոմիտեն: Իսկ առայժմ այդ աշխատանքների կազմակերպումը հանձնարարված է ինը հոգուց բաղկացած մեր շտաբին, որի կազմում ընդգրկվել են այն անձինք, ովքեր կարող են ու ի վիճակի են օգտակար լինել: Նրանք ՀԱՕԿ-ի եւ Սպորտպետկոմի պատասխանատու մասնագետներ ու աշխատակիցներ են, հիմնական ֆեդերացիաների նախագահներն ու հավաքականների մարզիչները: Քանի որ շտաբը մոտ մեկ ամիս է, ինչ ստեղծվել է՝ ՀԱՕԿ-ի գործկոմի մարտի 15-ի նիստում, հիմա մենք հավաքում ենք հավաքականների մարզիչների ծրագրերը, առաջարկները, որպեսզի քննարկումներից հետո դրանք քայլ առ քայլ լուծելով առաջ ընթանանք: – Ձեր կարծիքով Հայաստանը քանի՞ մասնակից կունենա ձմեռային օլիմպիական խաղերում: – Դժվար հարց եք տալիս, բայց մոտավոր հաշվարկ կարելի է կատարել: Ներկայիս դրությամբ երեք հոգի արդեն վարկանիշ նվաճել են ու հաստատ մեկնելու են Իտալիա: Նրանք են դահուկավազորդներ Էդմոն Խաչատրյանը եւ Հովհաննես Սարգսյանը, լեռնադահուկորդ Արա Փափազյանը: Վարկանիշային մրցաշարերը դեռ չեն ավարտվել: Կարծում եմ, տարեվերջին եւ եկող տարվա սկզբին մեր պատվիրակության մարզիկների թիվը կավելանա: Հիմա առաջիկա այդ պատասխանատու մեկնարկներին նախապատրաստվում են հեռանկարային ու հույսեր ներշնչող դահուկավազորդուհիներ, գյումրեցիներ Աիդա Սարիբեկյանը, Մերի Հակոբյանը, ծաղկաձորցի լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը: Ես լիահույս եմ, որ ուղեգիր կարող է նվաճել գեղասահքի՝ Նատալյա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային երկյակը: Այս զույգը վերջին շրջանում բավականին հաջող է հանդես գալիս. Եվրոպայում ունի 11-րդ արդյունք, աշխարհում՝ 17-րդ: Բացի թվարկվածից, ունենք արտասահմանցի հայրենակիցներ, ովքեր միջազգային մրցումներում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ իրենց վատ չեն դրսեւորում: Նկատի ունեմ ԱՄՆ-ից ղեկասահնակորդներ (բոբսլեյ) Դանիել Ջանջիկյանին եւ Ալեն Բաբայանին: Նրանք մտադիր են եկող տարվա հունվարին այդ մարզաձեւի՝ Գերմանիայում կայանալիք վերջին վարկանիշային մրցումում ուղեգիր նվաճել: Հույսեր են ներշնչում նաեւ սկելետոնիստներ Սոնա եւ Արմեն Վարադյանները: Եթե ընդհանրացնելու լինենք, ներկայումս մոտ 12 մարզիկ նախապատրաստվում է ձմեռային օլիմպիական խաղեր մեկնելու իրավունքի համար, սակայն հնարավոր է, որ մեր մարզիկների թիվն Իտալիայում լինի 8-9 հոգի: – Բայց դրա համար անհրաժեշտ է այժմվանից, եթե, իհարկե, արդեն ուշ չէ, ուսումնամարզական հավաքներ կազմակերպել, մրցափորձ, ուժերի հանդեպ ինքնավստահություն ձեռք բերելու նպատակով ապահովել նրանց մասնակցությունը մրցումներին: – Անպայման: Այդ ամենը նախատեսված է տարվա մարզական միջոցառումների օրացուցային պլանում: Եվ շտաբն էլ հենց դրա համար է ստեղծվել: Երբ ասում էի, որ հիմա մենք հավաքում ենք մարզիչների ու ֆեդերացիաների ծրագրերը, նկատի ունեի նաեւ, որ դրանց քննարկումների արդյունքում անելիքների ճշգրտումներ, լրացումներ էլ են լինելու: Պիտի ամեն բան կազմակերպենք այնպես, որպեսզի նախ հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճվեն, ապա, որպեսզի օլիմպիականներն Իտալիա ժամանեն լավագույն մարզավիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930