Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ

Ապրիլ 21,2005 00:00

ԱՌԱՆՑ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՉԿԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչը չի վախենում ցեղասպանություն բառից, իսկ ներկա չինովնիկը խուսափում է Այդպես էլ անհասկանալի մնաց, թե տասը րոպե շարունակ ինչ էր ասում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով գլխավոր խորհրդական Խուան Մենդեսը երեկ՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումներից, թերեւս, ամենակարեւորի՝ «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» խորագրով համաժողովի բացման ժամանակ: Նրա գրեթե բոլոր նախադասությունները սկսվում էին «իմ մանդատը ինձ թույլ չի տալիս» խոսքերով: Ողջ ելույթի ընթացքում նա դիվանագիտական բառապաշարով ջուր էր ծեծում այն մասին, որ կարեւոր չէ, թե ինչը կամ որն է ցեղասպանություն, եւ ինչը կամ որը՝ ոչ: «Կարեւորը ցեղասպանության կանխարգելումն է»՝ շեշտեց պարոն Մենդեսը իր մանդատի շրջանակներում: «Իմ մանդատը կանխարգելիչ բնույթ ունի, եւ եթե ես ասեմ, որ որեւէ տեղ ցեղասպանություն է լինում, նշանակում է, որ չեմ կարողացել կանխել այն»: Նա երեւի չգիտեր, որ որեւէ հանցանքի կանխարգելման լավագույն պայմանը այդ հանցանքը դատապարտելն է: Իսկ ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործությունն է: Ընդ որում՝ ոչ միայն Հոլոքոստը, որի մասին բարձրաձայնելը, թերեւս, թույլատրված էր պարոն Մենդեսի մանդատով: Բարեբախտաբար, զեկույցներով հանդես եկած ոչ բոլոր հյուրերն էին կաշկանդված մանդատներով: Մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին քարտուղար, իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասին, որը ժամանել էր Շվեյցարիայից, ոչինչ չխանգարեց իրերն իրենց անուններով կոչելու: Նա ասաց. «Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները 19-րդ դարից սկսած կոտորվում էին, եւ 1915-ի 1,5 մլն հայերի կոտորածը դրա գագաթնակետն էր: Բայց ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, եւ այսօր էլ հայերը կարող են դիմել միջազգային դատական ատյաններին եւ պահանջել իրենց իրավունքների վերականգնումը, ինչպես ամերիկյան որոշ բնիկներ հիմա ժողովրդական տրիբունաների միջոցով դատական պրոցեսներ են սկսել Քրիստափոր Կոլումբոսի դեմ: Հայերին պետք է հանել մոռացված ցեղասպանությունների զոհերի խմբից: Պետք է Հայկական ցեղասպանության մասին դասավանդեն բոլոր երկրների ավագ դպրոցներում եւ բուհերում, եւ պետք է միջազգային հանրությունը հասնի նրան, որ Թուրքիան հատուցի իր արարքների համար: Գերմանիան հատուցեց հրեաներին՝ իր նախնիների հրեշավոր գործողությունների համար, բայց աշխարհը չի կատաղում՝ տեսնելով, թե ինչպես Թուրքիան չի փորձում հատուցել իր նախնիների ոճիրների համար: Մարդու ամենակարեւոր իրավունքներն են կյանքի իրավունքը, Հայրենիքի իրավունքը, ինչպես նաեւ ճշմարտությունն իմանալու իրավունքը: Այնինչ, այսօր թուրքական կառավարությունը քրեականացրել է ցեղասպանության փաստի մասին բարձրաձայնելը: Նմանօրինակ հրաժարումը ճշմարտությունն իմանալու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որ իրականացնում է թուրքական կառավարությունն իր երկրում»: Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրեն Ուիլյամ Շաբասը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է «ցեղասպանություն» տերմինը 1944-ից սկսած մտել միջազգային բառապաշար: Նա անդրադարձավ նաեւ Սեւրի պայմանագրին, որը նախատեսում էր Թուրքիայի հանցագործ ղեկավարների պատժումն ու հայերին՝ Թուրքիայի կողմից հատուցում տալը: Սակայն այդ պայմանագիրը Թուրքիան այդպես էլ չվավերացրեց. «Եվ անձամբ Հիտլերը հաստատեց կապը հայերի ցեղասպանության եւ իր կողմից սանձազերծված՝ հրեաների ցեղասպանության միջեւ»,- նշեց պարոն Շաբասը՝ կրկին կարեւորելով ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման նշանակությունը՝ դրանց կանխարգելման գործում: Հաջորդ բանախոսը՝ Երուսաղեմից ժամանած գիտնական Եհուդա Բաուերը ասաց. «Մենք չպետք է նշենք Հայոց ցեղասպանության 90-ամյակը, քանզի բնաջնջելու միջոցով հայերից ազատվելու քաղաքականությունը թուրքերը վարում են դեռ 19-րդ դարից, եւ ցեղասպանությունն ավելի վաղ էր սկսվել»: Նա կոչ արեց չբավարարվել ակադեմիական քննարկումներով, որոնք հիմնականում անպտուղ են, այլ՝ ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ ցեղասպանությունները կանխարգելող բնույթի միջոցառումներ կազմակերպելու համար: Նա նշեց, որ այսօր Թուրքիայում կան ուժեր, որոնք կողմ են Հայերի ցեղասպանության ճանաչմանը, եւ պետք է միջազգային հանրության օգնությամբ դրդեն թուրքական իշխանություններին՝ ընդունել, որ նախորդ դարասկզբին Թուրքիայում կար մի կառավարություն, որը պատասխանատու էր կատարվածի համար: Դրանով, ըստ պարոն Բաուերի, ներկայիս թուրքական իշխանություններն իրենց ուսերից կնետեն պատասխանատվության ծանր բեռը: Գրեթե նման միտք էր արտահայտել նաեւ ՀՀ նախագահը՝ ելույթ ունենալով համաժողովի բացման ժամանակ: Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. ճանաչումը կարեւոր է ցեղասպանության հանցագործությունները կանխելու համար: Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց՝ առանց ատելության։ Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ՝ ներկա Հայաստանի շրջափակմամբ։ Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը։ Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում»: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ այսօր: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել