Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտը քաղաքականություն է

Ապրիլ 21,2005 00:00

Տրանսպորտը քաղաքականություն է Ուստի եւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը չի հրավիրվել ՏՐԱՍԵԿԱ-ի կոնֆերանսին: Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը չի մասնակցելու ապրիլի 21-22-ը Բաքվում կայանալիք ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի կոնֆերանսին, քանի որ պաշտոնական հրավեր չի ստացել Ադրբեջանի կառավարությունից: Ապրիլի 19-ին նախարարին է հանդիպել Եվրոպական համագործակցության գրասենյակի Եվրոպայի, Հարավային Միջերկրածովյան, Մերձավոր Արեւելքի երկրների եւ հարեւանության քաղաքականության տնօրինության ղեկավար Ռիչարդ Վեբերը: Անդրանիկ Մանուկյանը պատմեց. «Մենք քննարկեցինք Բաքու այցի ձախողմանն առնչվող խնդիրները: Պարոն Վեբերը նշեց, թե քանի որ Հայաստանը նախագահող երկիր է այժմ այդ կազմակերպությունում, եւ տրանսպորտի նախարարը նաեւ ՏՐԱՍԵԿԱ-ի նախագահ է՝ հերթագայության կարգով հաջորդը պետք է լիներ Ադրբեջանը: Եվ Բաքվի այդ կոնֆերանսում ես պետք է նախագահությունը փոխանցեի Ադրբեջանին: Սակայն, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը հրավեր ուղարկելով ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ բոլոր 11 երկրներին՝ պաշտոնապես չհրավիրեց միայն Հայաստանին: Չնայած դրան՝ նրանց ԱԳՆ-ն ՏՐԱՍԵԿԱ-ի Բաքվում գտնվող մշտական քարտուղարությանը հայտնել է, որ եթե Հայաստանի պատվիրակությունն այցելի Ադրբեջան՝ իրենք երաշխավորում են մեր անվտանգությունը»: Ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի՝ Եվրահանձնաժողովի տարածաշրջանային պատասխանատուն ըմբռնումով է վերաբերվել իր փաստարկներին. «Նա ցավով նշեց, թե Ադրբեջանը տրանսպորտը դիտում է որպես քաղաքականություն՝ չնայած այս խնդիրը միշտ պետք է դիտարկել քաղաքականությունից դուրս: Վեբերը նաեւ ճիշտ հասկացավ, որ իմ Բաքու չգնալը պայմանավորված է զուտ Ադրբեջանի կառավարության դիրքորոշմամբ: Չնայած դրան՝ ես գրավոր ներկայացրել եմ մեր առաջարկներն այդ կոնֆերանսի վերաբերյալ: Նյութերը մենք ստացել էինք նախապես, եւ գրավոր ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը բոլոր կետերի վերաբերյալ: Պարոն Վեբերը խոստացավ, որ մեր բոլոր առաջարկները կքննարկվեն եւ առավելագույնս հաշվի կառնվեն: Բացի դրանից՝ մենք նաեւ քննարկեցինք Եվրահանձնաժողովի շրջանակներում ՏՐԱՍԵԿԱ ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների բաշխման հարցերը: Հայաստանին 2005-ին հատկացվելու է 9 մլն եվրո, որից 2 մլն եվրոն տրամադրվելու է հայկական երկաթուղու ուսումնասիրության եւ բարեփոխումներ իրականացնելու, ենթակառուցվածքների եւ շարժակազմերի վերանորոգման համար: Այդ ծրագիրը պետք է հաստատվի Բաքվի այս կոնֆերանսի ընթացքում: Եվ պրն Վեբերը խոստացավ, որ Հայաստանի երկաթգծի համար նախատեսված գումարներն անպայման կհատկացվեն: Մենք հույս հայտնեցինք, որ չնայած Բաքու իմ այցը խանգարվեց, բայց առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկենք Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունները եվրոպական տրանսպորտային կոմունիկացիաներին ինտեգրելու հարցը եւ ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում լուծվելիք այլ խնդիրներ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել