Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ապրիլ 21,2005 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ Հեռացումներ Օրերս «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության անդրանիկ համաժողովի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ կազմակերպական հարցեր: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ լսելով ֆեդերացիայի ֆինանսական բաժնի պետ Գ. Պապիկյանի զեկույցն այն մասին, թե «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբը չի կատարել իր պարտավորությունները, չի մուծել սահմանված անդամավճարները՝ չնայած 2003/2004 թվականների ընթացքում բազմիցս զգուշացվել է, համաժողովը քվեարկությամբ միաձայն որոշել է «Լեռնագործ» ակումբը հեռացնել ՀՖՖ իրավաբանական անձանց միության կազմից: Համաժողովին ներկայացվել է նաեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Սուրեն Աբրահամյանին գործկոմից հեռացնելու հարցը՝ համաձայն ՀՖՖ կանոնադրության 8.4 կետի: Տեղեկացվել է, որ Ս. Աբրահամյանը մեկ տարուց ավելի է, ինչ չի մասնակցում գործադիր կոմիտեի աշխատանքներին եւ ՀՖՖ չի ներկայացրել որեւէ տեղեկանք կամ բացատրություն իր բացակայությունների հարգելիության մասին: Նշվել է, որ Ս. Աբրահամյանը չի մասնակցում նաեւ համաժողովին: Պատվիրակներն այս դեպքում էլ միաձայն տվել են Ս. Աբրահամյանին գործկոմից հեռացնելու իրենց համաձայնությունը եւ ՀՖՖ գործկոմի կազմում ընտրել «Թալ գրիգ» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանին: Աղասին հաջող է մեկնարկել Հյուսթոնում (ԱՄՆ) մեկնարկել է թենիսի «Mens Clay Court Champiwnships» միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը $380 հազար է: Մեկնարկային հանդիպումը հաջող անցկացրեց ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին: Նա 6:2, 7:6 (7:5) հաշվով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Միխալ Տարաբային: ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարում Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող ՈՒԵՖԱ-ի համաժողովի, որին մասնակցում են նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, շրջանակներում կայացած մարզական այդ կազմակերպության գործկոմի նիստում կարեւոր մի շարք որոշումներ են կայացվել: Մասնավորապես, հրապարակվել են այն քաղաքների ու ստադիոնների անունները, որոնցում տեղի են ունենալու Չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունների 2006 եւ 2007 թվականների եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերը կկայանան Փարիզի «Ստադ դը Ֆրանս» եւ Աթենքի օլիմպիական ստադիոններում, իսկ ՈՒԵՖԱ-ի գավաթինը՝ Էյնդհովեն (Հոլանդիա) քաղաքի «Ֆիլիպս Շտադիումում» եւ Գլազգոյի (Շոտլանդիա) «Հեմպդեն Պարկում»: Փոխվել է նաեւ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ֆորմատը: Որոշվել է, որ եվրոպական երկրների ազգային հավաքականները բաժանվելու են յոթ խմբերի եւ միմյանց հետ մրցելու են շրջանաձեւ մրցակարգով: Ավստրիայում ու Շվեյցարիայում կայանալիք եզրափակիչ փուլի ուղեգիր տրվելու է խմբերում առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցնող թիմերին: Այդ 14 հավաքականներին կմիանան նաեւ կազմակերպիչ երկրների ընտրանիները: Հայ բռնցքամարտիկի հաղթանակը Ավստրիայի Բիշովսխոզեն քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում մոսկվահայ Պավել Մելքոմյանը, հանդես գալով առաջին ծանր քաշային կարգում, հանդիպել է փորձառու պարագվայցի Խուան Կառլոս Ֆերեյրայի հետ: 24-ամյա հայ բռնցքամարտիկը, որը վարկանիշային դասակարգմամբ աշխարհում 18-րդն է, 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միահամուռ գնահատմամբ համոզիչ հաղթանակ է տոնել: Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել