Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔԸ ԿԻՆՏԵԳՐՎԻ

Ապրիլ 28,2005 00:00

ՋԱՎԱԽՔԸ
ԿԻՆՏԵԳՐՎԻ Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ տարածաշրջանը լիովին
կինտեգրվի երկրի հասարակական-քաղաքական կյանքին 10-20 տարի անց: Այս մասին գերմանական
russland.ru ինտերնետ-թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ
Մ. Սահակաշվիլին: Ըստ նրա, Վրաստանի կառավարությունը մտադիր
է խրախուսել հայերին՝ սովորել վրացերեն: «Ի տարբերություն այլ էթնիկ փոքրամասնությունների՝
հայերը հիմնականում չեն տիրապետում վրացերենին: Նրանք ավելի շատ խոսում են ռուսերեն
ու հայերեն, շատ քչերն են ազատ տիրապետում վրացերենին: Հայերի ընտանիքներն իրենց
երեխաներին բարձրագույն կրթության են ուղարկում ոչ թե Թբիլիսի, այլ Մոսկվա կամ Երեւան:
Շատ հայեր պատճառաբանում են, որ վրացերենի չիմացության պատճառով աշխատանք չեն գտնում
Վրաստանում»,- նշել է Սահակաշվիլին: Սամցխե-Ջավախքի խնդիրներին է անդրադարձել նաեւ
պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: Նա
համոզվածություն է հայտնել, որ Ախալքալաքի ռուսական ռազմակայանի դուրսբերումից հետո
երկրի իշխանություններին կհաջողվի այլընտրանքային աշխատատեղեր ապահովել տեղի հայկական
բնակչության համար: BBC-ին տված հարցազրույցում մեկնաբանելով այն փաստը, որ ռուսական
զինվորականների դուրսբերման դեմ հանդես է գալիս Ախալքալաքի առավելապես հայկական բնակչությունը,
Զուրաբիշվիլին նշել է. «Զարգացած երկրներում մարդկանց միջեւ էթնիկական տարբերություն
չեն դնում. դա ընդունված էր Խորհրդային Միության ժամանակ: Մենք բոլորս Վրաստանի քաղաքացիներ
ենք, առկա է տեղային բնույթի խնդիր, որը մենք կհաղթահարենք: Մենք դեռ ժամանակ ունենք՝
մինչեւ ռուս զինվորականները կլքեն Ախալքալաքը: Արդեն այս տարվանից մենք զբաղվում
ենք տարածաշրջանի տնտեսական զարգացմամբ, ինչը կլրացնի այն բացերը, որոնք կառաջանան
ռազմակայանի դուրսբերումից հետո: Մենք նույնիսկ քննարկել ենք այս հարցը Հայաստանի
ղեկավարի հետ եւ հավաստիացրել, որ ոչ մի խնդիր չկա»: Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Ս.
Լավրովն ասել էր, որ Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումը կարող է սկսվել արդեն
այս տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել