Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԳԱՆՁԵՐՆ ՈՒ ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԸ

Ապրիլ 28,2005 00:00

ՀՌԱՀ
նախագահն ազատ կապուղիների մասին պնդումները համեմատում է եգիպտական փարավոնների
գանձերի որոնումների հետ: «Ա1+»-ի նախագահը հիշեցնում է, որ գանձերի այդ որոնումները
պսակվում են հաջողությամբ: Հիմնավոր են նաեւ ազատ կապուղիների մասին պնդումները:
Ահա թե ինչ անսպասելի շրջադարձ ունեցավ ազատ հաճախությունների առկայության
շուրջ բանավեճը: Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները նախաձեռնել են ստորագրահավաք,
որի պահանջներից մեկն այդ կապուղիների ցանկը հրապարակելն է: Թե քանի մարդ է միացել
այդ պահանջին՝ պարզ կդառնա մայիսի 3-ին: Իսկ մինչ այդ՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը
լրագրողների հետ զրույցի ընթացքում հերթական անգամ պնդել է, թե Երեւանում չկան հեռուստատեսային
հեռարձակման ազատ հաճախություններ: Նաեւ նշել է, թե «Ա1+»-ի ներկայացուցիչները կարող
են պնդել 100 ազատ հաճախություններին մասին, սակայն այդ հայտարարությունն արվել է
դիլետանտների կողմից: Եվ այս համատեքստում է պրն Ամալյանն ազատ հաճախությունների
առկայության հարցը համեմատել եգիպտական փարավոնների գանձերը որոնելու հետ՝ հավելելով,
թե կան միջազգային որոշակի չափանիշներ, որոնք սահմանափակում են հեռարձակման հաճախությունների
օգտագործումը: «Չգիտեմ, թե ՀՌԱՀ նախագահն ո՛ւմ է համարում դիլետանտ,- այս
առնչությամբ ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:- Եթե դիլետանտների
խումբ է պետական այն մարմինը, որ պարտավոր է զբաղվել հաճախությունների վերահսկմամբ՝
չեմ զարմանա, քանի որ ամբողջ երկիրն է հիմնված դիլետանտների վրա: Բայց ինձ առավել
զարմացնում է պրն Ամալյանի համեմատությունը փարավոնների գանձերի որոնումների վերաբերյալ:
Նախ, ինձ զարմացնում է, որ նա ինչ-ինչ տեղեկություններ ունի նաեւ Եգիպտոսի պատմության
վերաբերյալ: Բայց դրանք որոշակիորեն թերի են, քանի որ փարավոնների այդ գանձերի որոնումները
ոչ միայն մինչ այսօր շարունակվում են, այլեւ դրանք նաեւ գտնվում են՝ արվում են նոր
հայտնագործություններ»: Շարունակելով զուգահեռը՝ ասենք, որ «Ա1+»-ը վաղուց
է գտել, որ Երեւանում ակնհայտորեն կան 10-ից ավելի ազատ կապուղիներ: Այսինքն՝ դրա
համար հայտնագործողի առանձնակի ջանք հարկավոր էլ չէ. «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա
Օհանջանյանն առաջարկում է ուղղակի նայել հաճախությունների ամբողջական ցանկին. «Երեւանի
դեցիմետրային տիրույթում գտնվող 21-69 հեռուստահաճախությունները զբաղեցվում են մեկումեջ
հաջորդականությամբ: Բայց կան որոշ հաճախություններ, որոնք ազատ են: Օրինակ՝ 31-րդ
հաճախությունը զբաղեցված է «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության կողմից, 35-ը՝ «Շողակաթի»:
Եվ 33-րդ կապուղին ազատ է՝ դրանով հեռարձակում չի իրականացվում նաեւ Երեւանի մերձակա
բնակավայրերում: Կամ՝ 41-րդ կապուղին զբաղեցրել է «Շանթ» հեռուստաընկերությունը,
45-ը՝ «Հայ-ԹիՎի»-ն: 43-րդ կապուղով անարգել կարող են իրականացվել հեռարձակումներ՝
այս հաճախությամբ էլ հարակից մարզերում չի իրականացվում հեռարձակում, որ ենթադրեինք,
թե կարող են լինել եթերային խանգարումներ: Եվս մի օրինակ՝ զբաղեցված է 51-րդ հաճախությունը
(«Երեւան» հեռուստաընկերություն) եւ 56-ը («Հուսաբեր» ՓԲԸ): Կարող էին մրցույթ հայտարարել
53 կամ 54 կապուղիներով հեռարձակումների համար: Եվ վերջապես՝ ազատ են 63-69 բոլոր
մնացած դեցիմետրային հաճախությունները եւ կարող է մրցույթ հայտարարվել դրանց համար»:
Նշենք, որ Սուսաննա Օհանջանյանը մասնագիտությամբ ռադիոինժեներ է, եւ այս պարագայում,
շա՜տ մեղմ ասած, դժվար է ասել՝ արդյոք նրա՞ պնդումներն են դիլետանտական, թե՞ կրթությամբ
ֆիզիկոս Գրիգոր Ամալյանինը: Ի դեպ, «Ա1+»-ի նախագահին եւս մի հարց ուղղեցինք,
որ վերաբերում էր արդեն նրան, թե ինչու ազատ հաճախությունների ցանկի անհապաղ հրապարակման
եւ այլ պահանջներով անցկացվող այս միջոցառումներին չի հրավիրվում նաեւ «Նոյյան տապանը»:
Չէ՞ որ, ինչպես նշել էր «ՆՏ»-ի գլխավոր տնօրենը՝ սա թուլացնում է անկախ հեռուստաընկերություններին
եթեր չտրամադրելու դեմ պայքարը՝ ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր պնդում են, թե
խոսքը միայն մի ընկերության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մասին է: Ի պատասխան
Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Մեր հեռուստաընկերությունն ընդամենը միացել է հասարակական
կազմակերպությունների ակցիաների շարքին, ակտիվորեն մասնակցել եւ ինչով հնարավոր է՝
օժանդակել այդ միջոցառումներին, որ դրանք կայանան: Սակայն ընդգծում եմ՝ կազմակերպիչն
«Ա1+»-ը չէր՝ մենք ընդամենը միացել ենք այդ պահանջներին: Կուզենայի, որ միանար նաեւ
«Նոյյան տապանը»: Քննարկման որեւէ խնդիր չկա՝ միայն ուրախ կլինեինք մեր գործընկերներին
տեսնել այդ շարքերում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել