Լրահոս
Օրվա լրահոսը

Եթեր՝ միայն անկախությունից հրաժարվելու գնով

Ապրիլ 28,2005 00:00

«Նոյյան Տապանն» ուզում է ազատ-անկախ մնալ

Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, թե «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը վաճառում է իր բաժնետոմսերի մի մասը մե՛կ Ժիրայր Գաֆեսջյանին, մե՛կ ՀՅԴ-ին, նաեւ, որ բանակցություններ են ընթանում այս կամ այն հեռուստաալիքի հետ «ՆՏ»-ի հնարավոր համագործակցության շուրջ:

Այս տեղեկությունները պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանն ասաց. «Եթերազրկումից հետո վերջին մի քանի տարիների ընթացքում իսկապես եղել են մեր գործակալությունը կամ հեռուստաընկերության մի մասը գնելու բազմաթիվ առաջարկներ, որոնց շնորհիվ «ՆՏ»-ն այս կամ այն ճանապարհով հնարավորություն կունենար վերադառնալ եթեր: Խոսքը ե՛ւ ֆինանսական ներդրումների, ե՛ւ մրցույթներին համատեղ մասնակցելու, ե՛ւ եթերից օգտվելու առաջարկների մասին է: Բայց դրանք բոլորն ունեին մի ընդհանուր թերություն, որը կրում էր ոչ կոմերցիոն բնույթ: Մի առավելություն ունի «ՆՏ»-ն իր 14 տարվա գործունեության շնորհիվ. մենք խաղի կանոններ ենք որոշել խոսքի ազատության եւ լրագրողական էթիկայի վերաբերյալ, այս տարիների ընթացքում պահպանել դրանք, ու պատրաստվում ենք պահպանել նաեւ հետագայում: «ՆՏ»-ում աշխատող ցանկացած լրագրող գիտի այդ կանոններն ու ազատության իր աստիճանը, որ ղեկավարությունը, բացի զուտ ժուռնալիստական սկզբունքներից (այն է՝ լուրը պետք է լինի փաստագրական ամրապնդմամբ եւ լիարժեք համապատասխանի իրականությանը)՝ որեւէ այլ սահմանափակում չի դնում իրենց լրատվության եւ վերլուծությունների վրա: Այս սկզբունքն էինք մենք կորցնելու այդ առաջարկներն ընդունելու դեպքում: Բոլոր առաջարկներում որոշում կայացնելու եւ լրատվական քաղաքականություն վարելու մեխանիզմը չէր մնում մեր ձեռքում, իսկ գործունեության ազատությունն այդ ասպարեզում չէր անցնում բանավոր խոստումներից այն կողմ: Մենք բանակցություններին մասնակցել ենք՝ փորձելով անգամ ի հաշիվ «ՆՏ»-ի բաժնետերերի կոմերցիոն շահերի, այնուամենայնիվ, պահպանել գործող ազատ-անկախ համակարգը: Երբ մենք պնդել ենք անկախության պահպանման ավելի հստակ եւ պայմանագրով վավերացված մեխանիզմներ, բանակցություններն ընդհատվել են: Իսկ եթեր ստանալ անկախությունը կորցնելու գնով՝ մեր նպատակների մեջ բնավ չկա: Այս պահին բանակցություններ չկան, բայց հնարավոր է՝ էլի լինեն: Դրանց հաջողությունը պայմանավորված է միայն այն հանգամանքով, թե հնարավոր ներդրողները կամ բաժնետերերն ի՛նչ չափով են պատրաստ ընդունել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք մինչ այսօր»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել