Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակի

Մայիս 03,2005 00:00

Հաղթանակի օրվա փոխարեն 27 ազատամարտիկներից հողն են խլում ՀՀ նախագահի նստավայրի մոտ ստիպված էինք ապրիլի 30-ին դիմել բողոքի ցույցի: Սեբաստիա-Կուրղինյան եռանկյունու հողատարածքը Շահումյանի գործկոմի նախագահ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի կողմից 1994-ին տրամադրվել է զոհված, վիրավոր ազատամարտիկներին, պատերազմի մասնակից եւ բազմազավակ ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 400 քմ տարածքով, տասը տարի ժամկետով: Այն նշված է պայմանագրում: Հողատարածքը նախկինում լեցուն էր մոտակա բնակելի շենքերի շինարարական աղբով: Այն մաքրեցինք՝ ծախսելով մեր չնչին կարողությունը, մեր ուժն ու առողջությունը, վստահ լինելով, ինչպես նշում էր Վահան Զատիկյանը, որ այս հողակտորները լինելու են մեր սեփականությունը (հիշեմ իր իսկ կողմից ասված խոսքերը՝ «Որ կոտրած ձեռքը կխլի հողը՝ հողի համար արյուն թափող եւ այս դժվար օրերին ազգը շենացնող եւ բազմացող ընտանիքներից»): Այսօր այդ կոտրած ձեռքը ծածուկ, առանց հաշվի առնելու այս ընտանիքների կարծիքը, 2003-ին վաճառել է հողակտորները: Դիմում ենք «Առավոտին»՝ ակնկալիքով, որ կօգնեք մեզ նման ծանր սոցիալական պայմաններում հայտնված մարդկանց, որոնք փողոցում մուրալու եւ աղբանոցներից մնացորդներ հավաքելու փոխարեն իրենց արդար քրտինքն են շաղախել հայրենի հողին, որի համար արյուն են թափել: Իսկ այսօր, իրենց ծնողազուրկ երեխայի համար մի կտոր հանապազօրյա հաց են վաստակում՝ արժանապատիվ սերունդ մեծացնելու համար, որդեկորույս մայրերի համար, որոնք իրենց տանջանքով ստացված բերքով կարիքներն են հոգում նույն հողի համար զոհված որդու փոխարեն (եթե որդին չզոհվեր, մի՞թե ինքը չէր հոգա իր ծնողի համար): Իսկ այն բազմազավակ ընտանիքները, որոնք այդ դաժան տարիներին ազգն էին մեծացնում՝ յուրաքանչյուր զոհվածի փոխարեն նորին ծնելով, այսօր վիզը ծռած կանգնել են բարձրագույն ատյանների խաբեության առաջ: Մի՞թե հայ ազգը պետք է միայն մեռնի եւ ապրողն էլ նայի, թե ինչպես է մի մասի (որոշ «չինովնիկների») փորը հաստանում, որից այն կողմ բան չեն տեսնում, իսկ մի մասն էլ անճարակ կանգնի ու նայի, թե ինչպես են իր երեխաներին կոտորում՝ սովի մատնելով: ՀՀ նախագահին եւ կառավարությանը բազմիցս գրած դիմումներին տրվել են կամ թերի պատասխաններ, կամ էլ թողնվել են անպատասխան: Նույնիսկ Եռաբլուրում նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին անձամբ դիմումներ տրվեցին, բայց մեր հարցին էլի դրական լուծում չտրվեց (մի՞թե նրանք իրենց պարտքը կատարած են համարում միայն Եռաբլուր այցելելով՝ անտեսելով կենդանի մնացածներին եւ զոհվածների հետնորդներին), այդ անտարբերությունից եւ արհամարհանքից տուժեց արցախյան պատերազմի մասնակից, 1-ին խմբի հաշմանդամ Սամվելը, որը հիվանդացավ եւ պառկեց հիվանդանոցում: Կարծում ենք, թույլ չեք տա այս անօրինականությունը եւ չեղյալ կհամարեք մեր հողերի 2003-04թթ. անօրինական աճուրդ-վաճառքը: Եվ կօգնեք մեզ՝ իրականացնելու Վահան Զատիկյանի նպատակը, մեր հողակտորները թողեք մեզ որպես սեփականություն եւ եթե պետությունը անկարող է նվիրաբերել այս կարգի մարդկանց այդ փոքրիկ հողակտորները, ուստի թող այն վաճառեն մեզ 2003թ. գներով (չէ՞ որ քաղաքապետը կարողացավ ծածուկ այն վաճառել ուրիշի): Մեր վերջին ելքը՝ եթե դուք էլ չօգնեք, ապա պետք է դիմենք Հայաստանում գործող դեմոկրատական երկրների դեսպանատներին, ապաստան խնդրելու մեկ այլ երկրում, մինչեւ Հայաստանում օրինականության հաստատվելը: ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ եւ մյուս հողատերեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել