Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԻ

Մայիս 13,2005 00:00

ՀԱՂԹԱՆԱԿԻ «ԲԵՐԿՐԱՆՔԸ» Երեկ լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի 11 տարին: Սովորաբար պատերազմների կամ առանձին մարտական գործողությունների արդյունքներն արժեւորվում են որոշակի ժամանակահատվածի մեջ, եւ հաճախ՝ անցնող տարիների համատեքստում «հաղթանակ» կամ «պարտություն» հասկացությունները խիստ հարաբերական իմաստ են ձեռք բերում: Ի՞նչ ունեինք մենք արդեն հեռավոր թվացող 1994-ի մայիսի 12-ի դրությամբ, ի՞նչ է արվել այդ օրվանից ի վեր՝ ռազմաճակատային ձեռքբերումները քաղաքականապես ամրագրելու համար, եւ վերջապես՝ ի՞նչ ունենք այսօր: 11 տարի առաջ հրադադարի մասին Բիշքեկում ստորագրված համաձայնագրով, որի վրա, ի դեպ, դրված են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ ԼՂ ներկայացուցչի ստորագրությունները, ըստ էության, ամրագրվեցին հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ձեւավորված փաստացի, ու հարկ է ընդգծել՝ հայկական կողմի համար խիստ նպաստավոր իրողությունները, եւ կողմերը, ԵԱՀԿ շրջանակներում լիազորված միջազգային միջնորդների աջակցությամբ, սկսեցին խաղաղության վերջնական բանաձեւի մշակմանն ուղղված բանակցությունները: Ավել կամ պակաս հաջողություններով ընթացած այդ բանակցությունները 1998-ին մոտ էին ինչ-որ մի հանգուցալուծման, ինչի փոխարեն, սակայն, տեղի ունեցան «հայտնի ուժերի» սանձազերծած հայտնի իրադարձությունները: Բանակցությունները մտան փակուղի եւ, ըստ էության, մինչ այսօր այնտեղից դուրս չեն եկել: Պալատական հեղաշրջման արդյունքում «հաղթողական» ծրագրերով Հայաստանում իշխանության եկած ուժերն, իհարկե, վերջին տարիներին բանակցությունների շարունակման պատրանք ստեղծեցին: Կարճ ժամանակ անց, սակայն, ակնհայտ դարձավ, որ նրանց համար կարեւորը ոչ թե խնդրի վերջնական եւ սկզբունքային լուծումն է, այլ ամեն գնով ստատուս-քվոյի պահպանումն ու սեփական իշխանության երկարաձգումը: Նույնպիսի վարքագիծ ընտրեցին նաեւ Ադրբեջանի հարաբերականորեն նոր իշխանությունները՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: Այստեղ, սակայն, առկա է մի էական տարբերություն. վերջիններս հրաշալի հասկանում են, որ աշխարհաքաղաքական հայտնի հանգամանքների բերումով ժամանակն աշխատում է հօգուտ իրենց: Ի արդյունք, այդպես էլ բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց չարձանագրվեց: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել