Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենջմենները» բողոքում են

Մայիս 20,2005 00:00

Երեկ
մայրաքաղաքի մի շարք փոխանակման կետեր, մասնավորապես Տիգրան Մեծի պողոտայի շուրջ
20 փոխանակողներ ժամը 13-14-ը համերաշխության գործադուլ էին հայտարարել: Դրանով
նրանք իրենց զայրույթն էին արտահայտում Կենտրոնական բանկի նախագահի կայացրած որոշման
վերաբերյալ, առ այն, որ թվով 17 փոխանակման կետեր թույլ տված խախտումների համար փակվել
են ու եւս մի քանիսը ստուգվում է: Բողոքավորներն անգամ հայտարարված գործադուլի մասին
նախօրոք պաշտոնապես հայտնել էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին: Ըստ փոխանակման կետերի
ներկայացուցիչների, գործադուլից մի քանի օր առաջ Տիգրան Մեծի պողոտայի բոլոր փոխանակման
կետերում խոշոր ստուգումներ են իրականացվել, որի արդյունքում մեկի դրամարկղում 5
դրամ է պակաս եղել, մյուսի մոտ՝ 6 դրամ ավել, մեկի անվտանգության համակարգը չի աշխատել,
մեկ ուրիշն էլ 15 րոպե շուտ է ընդմիջում արել: «Ասենք, ես վատ եմ զգում, ուզում եմ
գնալ զուգարան, չե՞մ կարող մեկ-երկու րոպեով դուրս գալ: Հա, օրվա աշխատանքային ռեժիմը
մենք ենք ներկայացրել, իրենք հաստատել են, բայց հո գերի չե՞նք ընկել: Մենք ռոբոտ
չենք, մարդ ենք, կարող ա եւ սխալվենք»,- բացատրում էին բողոքավորները: Նրանց
կարծիքով, ստուգողները պարզապես պատճառ են փնտրել, որ իրենց զրկեն լիցենզիայից. «Մենք
օրական նվազագույնը 25 մլն դրամի շրջանառություն ենք անում, էդ 6 դրամն ի՞նչ է, որի
համար փակում են կետը, մենք դրանո՞վ պիտի հարստանայինք: Անգամ երբ հաշիվները ցույց
են տալիս, որ աշխատողն է տուժել, թիվն ավել է գրանցել, դա էլ են խախտում համարում»:
Փոխանակման կետերի աշխատողներն ընդունում են, որ դեկտեմբերին իրականացված ստուգումներն
ու կետերի փակումը ինչ-որ տեղ հիմնավոր է եղել, քանի որ իրենք իսկապես լուրջ խախտումներ
են ունեցել, իսկ հիմա ծիծաղելի պատճառներով են փակում: «Դրանից հետո մեզ գցեցին ծախսերի
տակ՝ պահանջելով ունենալ համակարգիչներ, պրինտերներ, հաճախորդի եւ աշխատողի միջեւ
պահպանել 50 մետր շառավիղ, մենք էդ բոլոր պայմաններն արեցինք, ընկանք եկամտահարկի
տակ: Դա էլ ոչինչ, ասեցին՝ 500 հազար դրամից ավելի գործարքը գրանցեք, դա էլ ենք անում,
եթե պետք է, բոլոր գործարքներն էլ կգրանցենք, թող ամեն ինչ մաքուր լինի, հետո չասեն՝
որեւէ օրենքի չենք ենթարկվում»,- պատմում էին բողոքի մասնակիցները: Նրանք
նաեւ պնդում էին, որ դոլարի կուրսի տատանումների հեղինակը հենց ԿԲ նախագահն է: «Տիգրան
Սարգսյանը իրեն թույլ է տալիս հեռուստատեսությամբ հայտարարել, թե դոլարի գինը բարձրացնում
եւ իջեցնում են փոխանակման կետերը: Դա ծիծաղելի է: Մենք հասկանում ենք, որ ԿԲ-ն էժան
գներով դոլար է առել՝ մի 40-50 մլն դոլար, որը պիտի բարձր գներով վաճառի, ու հիմա
էլ մեզ է դարձնում քավության նոխազ, ժողովրդին էլ ապակողմնորոշում»: Փոխանակման կետերի
տերերը դժգոհում էին նաեւ, որ հայտնաբերված խախտումի համար ոչ թե տուգանք են նշանակում,
ինչպես, օրինակ, խանութների դեպքում է լինում, այլ միանգամից փակում են կետը: Այս
խառնաշփոթի մեջ բողոքում էին նաեւ դոլար մանրել ցանկացող քաղաքացիները, որոնք 5 դոլար
մանրելու համար ժամերով հերթ էին կանգնում. լիցենզիան պահպանած միակ փոխանակման կետը՝
այն է «Պրոմեթեյ» բանկը, չէր հասցնում սպասարկել բոլորին: Երեկ երեկոյան ժամը 20-ին
Արժութային դիլլերների խորհրդի եւ ԿԲ-ի խորհրդի միջեւ պետք է պաշտոնական հանդիպում
լիներ՝ ճշտելու, թե այս ի՞նչ ակցիա է կիրառվում փոխանակման կետերի դեմ: Մեր տեղեկություններով,
ԿԲ խորհրդի նախագահն ասել է, որ գործադուլը օրենքի խախտումով է եղել, ուստի հնարավոր
է, որ համապատասխան պատժամիջոցներ կիրառվեն՝ աշխատանքային ռեժիմը խախտելու համար:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՈրպես անվերապահ ճշմարտություն չընդունելով
«չենջերի» բողոքները՝ պատրաստակամ ենք ներկայացնել նաեւ ԿԲ-ի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել