Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՌՆԱՇՓՈԹ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»

Մայիս 26,2005 00:00

ԽԱՌՆԱՇՓՈԹ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» Այն արձանագրում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Ե՛վ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Էլեյն Կոնկեւիչը, ե՛ւ ընդդիմադիրները դժգոհում են, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքում ձեր նախաձեռնած փոփոխություններով չվերացվեց նախագահի նստավայրի առջեւ զանգվածային միջոցառումները սահմանափակող դրույթը: Սա այդչափ սկզբունքայի՞ն հարց է, որ փորձագետների այլ առաջարկները հաշվի են առնվում, բայց ոչ այս մեկը: – ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը չունի փորձագիտական գործառույթներ օրենքի նախագծի առնչությամբ, եւ այդ առումով զարմանալի են տիկին Կոնկեւիչի հայտարարությունները: Երբ մենք փորձագետների հետ մարտին քննարկում էինք բոլոր հարցերը, համատեղ գտնվեցին լուծումներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել եւ ուղարկվել է ԵԱՀԿ եւ Վենետիկի հանձնաժողով: Ես ունեմ նախագծի վերաբերյալ նրանց մեկնաբանությունը (ոչ եզրակացությունը), որտեղ մի քանի կետերի առնչությամբ արված են առաջարկություններ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ սրանք նոր առաջարկություններ են, որոնք արդեն հաշվի են առնվել 1-ին ընթերցմամբ ընդունված փաստաթղթում: Առաջարկել են մի քանի տեղերում տալ ավելի միանշանակ ձեւակերպումներ: Եվ մի առաջարկ էլ վերաբերում է նրան, որ ընտրությունների ժամանակ հանրահավաքների անցկացումը չկարգավորվի այս օրենքով: Սկզբունքորեն համաձայն եմ: Ինչ վերաբերում է պետական հատուկ, կարեւորագույն նշանակության 7 օբյեկտներին, որոնց տարածքներում սահմանափակվում է ցույցերի անցկացումը՝ կարող եմ բերել եվրոպական բազմաթիվ երկրների օրինակներ, որոնք շատ ավելի լայն ցանկ ունեն, եւ դրանց մեջ ընդգրկված է նաեւ նախագահի նստավայրը: Երբ քննարկում էինք այդ օբյեկտներին առնչվող դրույթը՝ փորձագետներն ունեին ընդամենը մի խնդրի՝ 150 մետր հեռավորությանն առնչվող առաջարկություն: Նրանք առաջարկում էին ոչ թե ճշգրտորեն նշել այդ հեռավորությունը, այլ թողնել ոստիկանությանը, որ անվտանգության նկատառումներով որոշի՝ 50 մե՞տրն է բավարար, թե՞ 100-ը կամ 150-ը: Դեռեւս պահպանված է առաջարկված ձեւակերպումը, բայց մինչ 2-րդ ընթերցում դեռեւս հնարավորություն ունենք եւս մեկ անգամ քննարկելու, մի քանի հարցեր պարզելու փորձագետների հետ: Համոզված եմ, որ լիովին հնարավորություն ունենք հունիսին վերջակետ դնելու այս հարցում: – Այնուամենայնիվ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանն արդեն իսկ նշել է, թե հստակ գիտի, որ այս օրենքի փոփոխությունների առնչությամբ բավական խիստ գնահատական է պատրաստվում Վենետիկի հանձնաժողովի կողմից: – Ընդհանրապե՛ս չեմ ընդունում նման հայտարարություններ, եւ ինձ համար շատ զարմանալի է, որ նման պնդում արել է մի մարդ, որին հարգանքով եմ վերաբերվում եւ կարեւորում իր կարծիքն օրենքների վերաբերյալ: Բայց սա ուղղակի զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն է՝ ուրիշ ոչինչ: Երբ կլինի եզրակացությունը՝ կքննարկենք այն: – Մյուս կարեւոր օրենքի՝ «Ընտրական օրենսգրքի» առաջին ընթերցմամբ քննարկումներից ակնհայտորեն Դուք էլ էիք դժգոհ: Դա զգացվեց Արշակ Սադոյանի ելույթներին ի պատասխան Ձեր որոշ դիտարկումներից: – Կարծում եմ, թե անկախ ամեն ինչից՝ կանոնակարգի պահանջները պետք է հստակորեն կատարվեն, եւ խորհրդարանում հարցերի քննարկումը պիտի ընթանա այդ օրենքի պահանջներին խստորեն համապատասխան: – Իսկ այդ քննարկման ընթացքում խախտվե՞ց ԱԺ կանոնակարգը: – Գնում էր այն ճանապարհով, որ կարող էր իսկապես լրջորեն խախտվել, բայց որոշ ջանքերի գնով հաջողվեց, այնուամենայնիվ, ընդհանուր գծերով պահպանել կանոնակարգի պահանջները: Եթե նախագիծը պատրաստվել էր միայն նախորդ օրը եւ առավոտյան պիտի ներկայացվեր քննարկման՝ կարծում եմ, ճիշտ կլիներ սպասել հերթական քառօրյային եւ այդ ժամանակ քննարկել՝ շատ հանգիստ, ամենայն մանրամասնությամբ եւ կանոնակարգի պահանջները բավարարելով՝ մարդկանց հնարավորություն տալով ծանոթանալ այդ ծավալուն փաստաթղթին եւ ներկայացնել իրենց առաջարկությունները: Այդ 4 օրը ոչինչ չէր որոշում՝ այդ ընթացքում ո՛չ որեւէ բան կփլվեր, ո՛չ էլ հնարավոր էր կառուցել: Բայց ի վերջո, գոնե դահլիճում եղածներից որեւէ մեկը հաջորդ օրը կարծես թե այլեւս չներկայացրեց որեւէ հարցադրում կամ առաջարկություն: – Այդ հարցադրումները հնչում են խորհրդարանի դահլիճից դուրս՝ մասնավորապես ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգի առնչությամբ: Արդյոք համաձա՞յն չեք հնչող այն փաստարկին, որ դատավորների ներգրավումը ընտրական հանձնաժողովներում ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 98-րդ հոդվածին: – Դատավորներին ընտրական հանձնաժողովներում ներգրավելու առաջարկությունը նաեւ փորձագետներինն է: Եվ համապատասխան ձեւակերպումներ անելու դեպքում, կարծում եմ, որեւէ խնդիր չի առաջանա Սահմանադրության առնչությամբ: Այլ խնդիր է, թե իսկապես պետք է շատ հստակ լինի, որ դատավորները պիտի որեւէ առնչություն չունենան դատարաններում այն հարցերի քննարկմանը, որոնք առաջացել են այն ընտրական հանձնաժողովների վերաբերյալ, որոնցում իրենք ներգրավված են: – Իսկ արդյոք համաձա՞յն եք այն գնահատականներին, որ մասնավորապես քվեաթերթիկների վրա հանձնաժողովի երեք անդամների կողմից ստորագրելու մասին դրույթն «Ընտրական օրենսգրքից» հանելն ուղղակի հետընթաց է: – Ցավոք, այս ամբողջ ընթացքում առավել արդյունավետությամբ չընթացան քննարկումները փորձագետների հետ (նկատենք, որ դրանք ղեկավարում էր ԱԺ նախագահը.- Ա. Ի.): Եվ մի պահ էր եկել, երբ խիստ խառնաշփոթ էր ստեղծվել՝ օգտագործվում էին պերֆորացված քվեաթերթիկների, ծրարների եւ էլեկտրոնային քվեարկության սկզբունքները: Հետո աստիճանաբար փորձ արվեց այդ ամենը բերել այն վիճակին, որ ապահովեն անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, բայց չկիրառվեն ավելորդ եւ հակասական սկզբունքներ: Ինչքանով դա լիարժեք կլինի՝ ցույց կտա այս փոփոխված օրենսգրքով անցկացված որեւէ ընտրություն: Տեսականորեն՝ ցանկացած համակարգի պարագայում էլ կարելի է ինչ-ինչ սողանցքեր մատնանշել, որ հնարավոր է օգտագործել: Շատ կարեւոր է, թե գործնականում դա հնարավո՞ր կլինի իրացնել: Մյուս կողմից՝ համոզված եմ, թե ամենակարեւոր խնդիրը մեկն է՝ բոլոր քաղաքական ուժերն իսկապես հասկանալո՞ւ են, որ Հայաստանում անցկացվող հաջորդ ընտրությունները պետք է բավարարեն բոլոր չափանիշներին, թե՞ ոչ: Եթե սա գիտակցվելու է՝ ե՛ւ այս փոփոխություններով, ե՛ւ անգամ առանց սրանց՝ նախորդ «Ընտրական օրենսգրքով» հնարավոր է եւ հնարավոր էր անցկացնել ընտրություններ, որոնք բավարարում են այդ չափանիշներին: Իսկ եթե չի գիտակցվում այդ անհրաժեշտությունը, ապա ինչ փոփոխություն էլ հիմա անեն «Ընտրական օրենսգրքում»՝ ընտրությունները հաջող չեն լինի: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել