Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին

Մայիս 26,2005 00:00

Ներքին ասկյարներ Ինչպես ասում են՝ կարկուտը խփած տեղն է խփում: Ասես վերջնականապես ու հանդիսավորապես ամրագրելու համար Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային կարեւորագույն տնտեսական իրողություններից, երեկ Բաքվում երեք նախագահների կողմից ստորագրվեց վաղուց սպասվող մի համաձայնագիր: Ասել է թե՝ բավական չէր, որ Ադրբեջանում մեծ շուքով գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, հենց նույն օրն էլ, կարծես Հայաստանի «ինադու», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու մասնակցությամբ ստորագրվեց եռակողմ համաձայնագիր՝ Կարս -Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության իրականացման մասին: Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին դիտվում է որպես Հարավային Կովկասը Թուրքիային կապող Կարս-Գյումրի երկաթուղու այլընտրանք: Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը նախատեսում են երկաթուղի կառուցել Կարսի ու Ախալքալաքի միջեւ եւ վերանորոգել Ախալքալաք-Մարաբդա (Թբիլիսիից ոչ հեռու) գոյություն ունեցող, բայց գրեթե չգործող երկաթգիծը: Կարս-Ախալքալաք կառուցվելիք երկաթգծի ողջ երկարությունը կազմում է 258 կիլոմետր, որից 160-ը Ախալքալաք-Մարաբդա երկաթգծի երկարությունն է: Կառուցվելիք 98 կիլոմետրից 68-ը Թուրքիայի տարածքով է անցնելու, իսկ 30-ը՝ Վրաստանի Ջավախքի երկրամասով: Երկաթուղու կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, պահանջվում է մոտ 400 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում կայացել են ադրբեջանա-ղազախական բարձր մակարդակի բանակցություններ, որոնց արդյունքում Ղազախստանի ղեկավարը հայտարարել է ԲԹՋ նախագծին ղազախական կողմի միանալու մասին եւ առաջարկել է նավթամուղն անվանել Աքթաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան: Չէր խանգարի հիշեցնել նաեւ, որ չնայած ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի մոտ ՀՀ վարչապետի արած աղիողորմ գանգատներին, թե Իրանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի մասնակցությամբ կյանքի կոչվելիք «Հյուսիս-Հարավ» հաղորդակցական ծրագիրը հաշվի չի առնում ՀՀ-ի շահերը, եւ չնայած Լավրովի՝ խնդիրը «տեղ հասցնելու» խոստումներին, այս հարցում եւս որեւէ հուսադրող նորություն չկա: Այսպիսով, մեր երկիրն իսկապես հայտնվել է խիստ ծանր իրադրության մեջ, եւ սա արդեն ոչ թե ինչ-որ անմեղ քաղաքագիտական դիտարկում է, այլ դառը եւ մեր ժողովրդի համար բավականաչափ վտանգավոր իրականության արձանագրում: Թվում էր, թե Հայաստանի ներկայիս կառավարիչներն իրենց անձնուրաց եւ ազգանպաստ գործունեության փոքրիկ ընդմիջումներին պետք է որ ընկալեին վերը նկարագրված իրավիճակի ողջ լրջությունը եւ համարժեք քայլեր ձեռնարկեին, ասենք՝ ադրբեջանական նավթային գործոնին ինչ-որ բան հակադրելու ուղղությամբ: Կհարցնեք ի՞նչ. ենթադրենք՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացում եւ մանր ու միջին ձեռներեցության լիարժեք զարգացման խթանում: Արվե՞լ է այդ բանը: Բոլորովին: Եվ դա արդեն «շուն ասկյարի» մեղքը չէ: Դա մեր ներքին ու խիստ ազդեցիկ ասկյարների մեղքն է: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել