Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանին

Մայիս 26,2005 00:00

«Իշխանին սիգը կերավ» Սեւանի տարածքի բնակիչների մեջ ձեւավորված այս կարծիքի գիտական բացատրությունը մեզ մատուցեց կենսաբանական գիտությունների դոկտոր, էկոլոգ Լյուդվիգ Մելքումյանը: Ըստ նրա, Սեւանի իշխանը կարող էր եւ պահպանել իր տեսականին ու գոյությունը, եթե 1924-ին լիճն արհեստականորեն չհամալրվեին Լադոգա եւ Չուդ լճերից ներկրված սիգի մանրաձկով: Այն ժամանակ էկոլոգները որոշել են, որ Սեւանում ձկան կերային բազան այնքան առատ է, որ կարող է բավարարել նաեւ ձկնային այլ խմբաքանակի: Հայաստանի ջրակենսաբանական ինստիտուտի առաջարկով ռուս ձկնաբան Ֆորտունատովը լճի էկոհամակարգին հարմար ընտրություն է արել՝ սիգը: «Դա մեծ սխալ էր: Եթե էկոլոգիա գիտությունն այն ժամանակ ունենար ներկայիս մակարդակը, այդ գաղափարը, անշուշտ, կհանդիպեր բուռն առարկությունների, եւ գուցե նաեւ չընդունվեր»,- համոզված է Լ. Մելքումյանը: Բանն այն է, որ այս ընթացքում, ավելի ստույգ՝ 1930-ականներին, խորհրդային գիտնական, էկոլոգ Գ. Գաուզեի անցկացրած փորձերով հայտնաբերվել է եւ հետագայում օրենքի ուժ ստացել մի հետաքրքիր երեւույթ՝ բնության մեջ նույն էկոլոգիական պահանջն ունեցող երկու տեսակների միջեւ առաջանում է մրցակցություն, որը հետագայում հանգեցնում է նրանցից մեկի վերացմանը: Իշխանի դեպքում այդ մասին խոսում են նաեւ թվերը. 1934-40 թթ. տարեկան միջին որսը Սեւանում կազմել է 1040 ցենտներ, որի 50 տոկոսը՝ իշխան, 0,2-ը՝ սիգ, իսկ չորս տասնամյակ անց որսի ցուցանիշն աճել եւ կազմել է 12444 ցենտներ, որից 8 տոկոսը՝ իշխան, գերակշիռ մասը՝ սիգ: «Անշուշտ, մեծ նշանակություն ունի նաեւ ջրի մակարդակի իջեցումն ու դրա հետ կապված՝ էկոհամակարգի փոփոխությունը, սակայն ես գտնում եմ, որ չի կարելի անտեսել եւ որեւէ մեկը չի կարող բացառել այն մրցակցությունը, որ տեղի է ունեցել եւ ունենում երկու ձկնատեսակների միջեւ»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջին տարիներին բնապահպանության նախարարությունը պետբյուջեի գումարներից հատկացումներ է անում Սեւանի ձկնաբուծարաններին՝ տարեկան 9-10 մլն դրամ, իշխանի մանրաձուկ աճեցնելու եւ լիճը համալրելու նպատակով: Եթե իշխանն այդ մրցակցությունում պարտվել է այն ժամանակ, երբ լճի կենդանական տեսականու մեջ գերակշիռ մաս էր կազմում, ապա աճի ներկայիս տեմպերով կարո՞ղ է վերականգնվել իշխան ձուկը Սեւանում: «Տեսականորեն ես հնարավոր չեմ համարում իշխանի պաշարների վերականգնումն այն աստիճան, որ ձուկն ունենա արդյունագործական նշանակություն»,- իր կարծիքը հայտնեց Լ. Մելքումյանը: Կրկին գիտական փորձերի արդյունքներով նա սխալ է համարում բնաշխարհի մի տեսակի ներմուծումը նոր միջավայր, անկախ այն բանից, խոսքը կենդանու մասին է, թե՝ բույսի, որովհետեւ այն կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի: Նա ներկայացրեց իրեն հայտնի հազարավոր փաստերից մեկը. 1950-ին Եվրոպայից Ավստրալիա ներմուծված տնային ճագարները, որոշ ժամանակ անց հայտնվելով ազատության մեջ ու բնության մեջ թշնամիներ չգտնելով, աստիճանաբար ընդլայնել են իրենց տարածքը՝ ճանապարհին ոչնչացնելով ողջ բուսականությունը, ինչի արդյունքում երկիրը համարվել է աղետի գոտի եւ «հակաճագարային» համաճարակով մի կերպ փրկվել իրավիճակից: Նույն՝ տեսակների տեղափոխման պատճառով, ըստ մեր զրուցակցի, պետք է բացատրել նաեւ վերջին տարիներին Սեւանում սիգի պաշարների 3-4 անգամ կրճատվելը: Այս անգամ Արարատյան դաշտավայրի ջրային տարածքներից շուրջ քսան տարի առաջ լիճ են ներմուծել ծածան եւ խեցգետին: «Սեւանի ջուրը գնալով ճահճանում է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում ծածանի արագ բազմացման եւ սիգի ու եղած իշխանի ոչնչացման համար: Կարելի է ասել, որ այժմ լճի կենդանական աշխարհի ապագան դարձել է անկանխատեսելի»,- իր մտահոգությունը հայտնեց գիտնականը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել