Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԹԱՏՐՈՆԻ ՄԵԾ ՀՄԱՅՔՆԵՐԸ

Մայիս 26,2005 00:00

ՄԵԾ ԹԱՏՐՈՆԻ ՄԵԾ ՀՄԱՅՔՆԵՐԸ Ավարտվեցին հայաստանյան մշակութային կյանքում իրավամբ երեւույթ որակվող Ռուսաստանի Մեծ թատրոնի հյուրախաղերը: Վերջիններս ապացուցեցին, որ մեզանում կա բարձրակարգ արվեստը գնահատող տարբեր խավի բարձրաճաշակ հանդիսատես: Շատերը պատրաստ էին բալետային ներկայացումները դիտել անգամ լուսավորողների մոտ տեղադրված լրացուցիչ տեղերից, որովհետեւ «ավելորդ» տեղեր չկային: Ականատեսների վկայությամբ, ԱԺ պատգամավորներից մեկը ներկայացման ավարտին կնոջ մոտ այսպես էր հայտնել իր գոհունակությունը. «Չէ, սենց ճըզի-վըզիներն էլ արժի լսել»: «Առավոտը» հյուրընկալվեց Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին՝ տեղեկանալու, թե արդյոք օպերային թատրոնի ղեկավարները օգտագործե՞լ են առիթը Մեծ թատրոնի հետ երբեմնի հարաբերությունները վերականգնելու նպատակով, մանավանդ այստեղ էր գլխավոր տնօրենը՝ Անատոլի Իքսանովը: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կամ ինչպե՞ս անել, որպեսզի մեր թատրոնի ներկայացումների հանդեպ էլ նման հետաքրքրություն ու պահանջ լինի: «Ձեր հարցադրումից ելնելով, չեմ կարող չմտաբերել անցյալ 13 տարիների անմարդկային պայմանները, որոնց արդյունքում, բնականաբար, մեր աշխատանքներն էլ պետք է անկում ապրեին: Այսօր չենք կարող ցույց տալ «Մետրոպոլիտենի» կամ Մարիինյան ու Մեծ թատրոնների մակարդակի ներկայացումներ: Չնայած, ինչ-որ բաների իսկապես հասել ենք: Դրա վկայությունն են անցյալ տարվա մեր հունաստանյան հյուրախաղերը եւ 2003թ. Մոսկվայում ներկայացրած Բելինիի «Նորմա» օպերան, որը մեծ աղմուկ հանեց անգամ խստապահանջ երաժշտագետների ու թատերագետների շրջանում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը: Նա ուրախությամբ նշեց, որ իրենց ներկայացումները կիսադատարկ դահլիճներում չեն անցնում, եւ վերջին շրջանում նկատելի է երիտասարդության հոսք: Տնօրենը հավաստիացրեց՝ եթե Մեծ թատրոնը աշխատի Երեւանում, օրինակ, 3 ամիս, հաստատ կլինեն ներկայացումներ, որոնց ժամանակ հանդիսասրահում կգտնվեն ազատ տեղեր: Կ. Հովհաննիսյանը կարեւորեց ՀՀ մշակույթի նախարարի թույլտվությունը՝ Պարարվեստի ուսումնարանի, արվեստի, նաեւ այլ բուհերի ուսանողներին ներկա գտնվել Մեծ թատրոնի փորձերին (կարծես չէր կարելի առանց հատուկ թույլտվության- Ս. Դ.): Պրն Հովհաննիսյանը նաեւ պատմեց, թե ինչ ջերմությամբ է ընդունել հյուրերին օպերայի կոլեկտիվը. «Պատկերացնո՞ւմ եք, մեր բեմի բանվորները, լուսավորողները, դիմահարդարները 24 ժամ աշխատում էին հյուր եկած իրենց կոլեգաների հետ: Մի օր, գիշերվա ժամը 4-ին, երբ մտա օպերա, ականատես եղա, թե ինչպես մերոնք հյուրերի հետ սեղանի շուրջ նստած՝ «ջան էին ասում ու ջան լսում»: Պարոն Իքսանովն էլ հիացած նման ընդունելությունից, շեշտեց, որ իրենք շատ են շրջագայում, բայց նման ընդունելություն դեռ չէին տեսել: Իսկ պրիմա պարուհի Մարիա Ալեքսանդրովան էլ հայտարարեց, որ ինքը անցյալ կյանքում հաստատ հայուհի է եղել»,- հուզված շարունակեց տնօրենը: Նա հավաստիացրեց նաեւ, որ պարոն Իքսանովը քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի արվեստասիրությանը, չի թաքցրել հիացմունքը, շեշտելով, որ հայերը էլիտար ժողովուրդ են: Կ. Հովհաննիսյանի հավաստմամբ, Մեծ թատրոնի տնօրենը, հիանալով մեր օպերային թատրոնի անձնակազմի կազմակերպված աշխատանքով, գարնանը հրավիրել է Մոսկվա, խոստանալով անվճար տրամադրել իրենց թատրոնի բեմը: Նկատենք, որ այդ բեմի մեկ օրվա վարձը $30000 է: Իսկ որպես երախտագիտության դրսեւորում, ռուսները մեր թատրոնին նվիրել են Մոսկվայից բերված 340 քմ մակերեսով բալետային գորգը՝ մոտ $15000 արժողությամբ: Կ. Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազգային օպերային թատրոնը հունիսի 9-ին մեկնում է հյուրախաղերի՝ Ստամբուլ, որտեղ 13-ին եւ 14-ին ներկայացնելու են Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել