Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ՛»-Ն ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ

Մայիս 28,2005 00:00

Այսօր
լրանում է 1 տարին, ինչ եթերում է «Երկիր Մեդիան»: Սա առիթ էր հեռուստաընկերության
գործադիր տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ զրույցում անդրադառնալու այն պարտավորություններին,
որ «Երկիր Մեդիան» ստանձնել էր կապուղի ստանալիս: – Մամուլի ազատության վերաբերյալ
«Freedom House»-ի 2005-ի զեկույցում նշվեց, թե չնայած իր քաղաքական կողմնորոշմանը՝
«Երկիր Մեդիան» տեղեկատվության «նոր եւ այլընտրանքային աղբյուր է, որը հաճախ քննադատում
է կառավարությանը»: Միջընտրական շրջանում բոլոր հեռուստաընկերություններն էլ համեմատաբար
ազատ են: «Երկիր Մեդիան» կշարունակի՞ մնալ այլընտրանքային նաեւ ընտրական շրջանում:
– Համաձայն չեմ «համեմատական ազատություն» բնորոշմանը «Երկիր Մեդիայի» պարագայում:
Հիմա մի փոքր դրվագ են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ, կարծում
եմ, որեւէ մեկը չի կարող ասել, թե «Երկիր Մեդիան» ՏԻՄ ընտրություններում կաշկանդված
է իր քայլերում, եւ գոնե իր լրատվական բաժնով վերածվել է բիզնես-ծրագրի: –
«Երկիր Մեդիայի» մրցութային առաջարկում նշել էիք, թե Հայաստանի քաղաքական կյանքը
ներկայացնելու եք «ողջ տարողությամբ՝ խուսափելով քաղաքական, կուսակցական հատվածականությունից
եւ կողմնակալությունից», նաեւ, որ եթերը բաց եք պահելու տարբեր հայացքների, դիրքորոշումների
ներկայացման համար: Ձեր կարծիքով՝ սա հաջողվե՞լ է հեռուստաընկերությանը, եւ եթե այո՝
ինչպե՞ս է, որ ընդդիմությունը շարունակում է բողոքել, թե իրենց համար գրեթե փակ է
հեռուստաեթերը: – Մրցութային առաջարկում նշված այդ խոստումը երբեք չէր նշանակում,
թե քաղաքական ցանկացած ասուլիսի, միջոցառման կամ սեմինարի մեջ իրադարձություն կա
եւ անպայման պետք է վազել, ներկա լինել ու մասնակցել: Բայց կարեւորագույն բոլոր իրադարձությունները
տեղ գտնում են մեր եթերում: Վերջին օրինակը՝ Կանազի մշակույթի պալատում Ստեփան Դեմիրճյանի
հանդիպումն է իր ակտիվի հետ: Ինչ վերաբերում է ընդդիմության դժգոհությանը՝
ամեն մեկի ասածը թողնում եմ իր խղճին: Մի օրինակ՝ Արտաշես Գեղամյանը 25 րոպե խոսեց
մեր ուղիղ եթերում, իսկ 4 օր հետո մամուլում կարդացի, որ իշխանությունները նրա դեմ
փակել են բոլոր հեռուստաալիքները… Հայաստանում չկա՛ քաղաքական որեւէ գործիչ, այդ
թվում՝ ընդդիմադիր, որը տեղ չի ունեցել մեր ուղիղ եթերում: – «Երկիր Մեդիան»
իր առաջարկում նաեւ նշել էր, թե լրատվական դաշտում գործուն ներկայություն հաստատելու
համար «կարեւոր պայման է անկաշկանդությունը, լուրի մատուցման դեպքում «ո՞ւմ է ձեռնտու»
եւ «ո՞վ կնեղանա» ներքին գրաքննությունից ազատագրումը»: Եթե իրոք ազատագրվել եք այս
ներքին գրաքննությունից՝ արդյոք այսօր Հայաստանում չկա՞ն պաշտոնյաներ, ասենք՝ Ռոբերտ
Քոչարյանը, որի առնչությամբ «Երկիր Մեդիան» ձեռնպահ է մնում քննադատությունից: –
Մեր լրատվական բաժնում համակարգն այնպիսին է, որ ամեն լրագրող տիրապետում է իր ոլորտին
եւ դրա տերն է: Եվ այնպես չէ, որ ամեն ինչը պետք է անցնի գրաքննությամբ: Նույնիսկ
խմբագիրներն ի սկզբանե որոշված էին իբրեւ ընդամենը ոճաբաններ՝ հայոց լեզվի եւ ոչ
թե քաղաքական խմբագիրներ: Չեմ ցանկանում որոշակի դեպքեր մատնանշել, բայց բազմաթիվ
են փաստերը, որ «Երկիր Մեդիա»-ում չի եղել տաբու: Մի օրինակը՝ Իրաք զորք ուղարկելու
առումով մեր լրագրողների մոտեցումն էր: Մեր եթերում առաջին իսկ օրը հնչեցին բոլոր
անհանգստությունները, որոնք կային ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս: –
«Երկիր Մեդիան» իր առջեւ խնդիր էր դրել դառնալ համահայկական հեռուստակայան, ապահովել
վերահեռարձակում Հյուսիսային Ամերիկայի համար եւ այլն: Հաջողվե՞ց: – Մասամբ:
Այսօրվա մեր եթերում կարող եք տեսնել Բեյրութում Փիթըր Բալաքյանի հետ 2 օր առաջ կայացած
հանդիպման մասին տեսանյութ, մայիսի 28-ին կտեսնեք շուրջպարի արձագանքները տարբեր
երկրներում, իսկ 31-ին նյութ կհաղորդի Ջավախքի մեր սեփական թղթակիցը: Անցած տարվա
ընթացքում բազմաթիվ կարեւոր միջազգային իրադարձություններ մենք լուսաբանել ենք ոչ
թե օտար հեռուստակայանների միջոցով, այլ մեր լրագրողների, որոնք աշխատել են Աբխազիայում,
Ուկրաինայի ընտրությունների ժամանակ, Մոսկվայում, Եվրոպայում եւ այլուր: «Երկիր Մեդիա»-ի
լրատվության հիմնական մասը եւ բազմաթիվ հաղորդումներ նաեւ ամեն օր ցուցադրվում են
ԱՄՆ ողջ տարածքում՝ մեր բաժնետեր «Հորիզոն» հեռուստաընկերության միջոցով: –
Առաջարկում նշել էիք, թե ունեք պայմանավորվածություն՝ ձայնային կրկնօրինակման ստուդիա
ստեղծելու վերաբերյալ, եւ եթեր կհեռարձակեք հայերեն կրկնօրինակված ֆիլմեր։ Մինչդեռ
խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ «Երկիր Մեդիան» էլ, ինչպես
մասնավոր բոլոր հեռուստաալիքները՝ եթեր է հեռարձակում ռուսերեն կինոնկարներ: –
Համաձայն չեմ: Այո՛, նպատակը եւ օրենքի պահանջը բոլոր ֆիլմերը կրկնօրինակելն է: «Երկիր
Մեդիան» արդեն արել է առաջին քայլը: Մենք թարգմանել ենք 74 մուլտֆիլմեր, գեղարվեստական
8 կինոնկարներ եւ 4 փաստագրական սերիալներ: – Եվ հնարավոր չէ չհետաքրքրվել
Ձեր մրցութային առաջարկից ամենաշատ կատակների տեղիք տված հաղորդման ճակատագրով: Ինչո՞ւ
այդպես էլ եթեր դուրս չեկավ «Զարթիր, լա՛ո» ծրագիրը: – Թովմաս Պողոսյանի հետ
են եղել փորձեր սկսելու նման հաղորդում, հետո Հարություն Փանոսյանի… Կարող եմ խոստանալ,
որ մինչեւ ամառվա վերջ մեր եթերում պարտադի՛ր կլինի օրորոցայինների, մանկական խաղիկների
եւ ազգագրական երգերի վերաբերյալ այդ հաղորդաշարը: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել