Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովը փակեց բնակիչների ճանապարհը

Մայիս 28,2005 00:00

Բրյուսովը փակեց բնակիչների ճանապարհը ԵՊԼՀ-ն (Բրյուսովի ինստիտուտը) ուսումնական մասնաշենք է կառուցում՝ ի վնաս բնակիչների: Թումանյան 40 եւ 42 բազմաբնակարան շենքերը ունեն յոթ շքամուտք: Ժամանակին դեպի այդ շենքերի բակ երկու անցուղի կար, այժմ թե հետիոտների եւ թե մեքենաների համար միակ ճանապարհը երկու շենքերը միացնող «դալանն» է, որով մեծ մեքենաներ անցնել չեն կարող: Աստված չանի, հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ՝ մարդկանց փրկելը կամ տարհանելն անհնարին կդառնա: Բնակիչների պատմելով, վերջերս իրենց բակի շենքերից մեկի տակ տեղակայված էլեկտրական հոսանքի ենթակայանի հրդեհի ժամանակ հրշեջ մեքենաները չեն կարողացել «դալանով» բակ մտնել, եւ փրկարարները ստիպված իրենց գործը թողած, սկսել են կտրատել կամարի վերին հատվածի երկաթե ձողերը, որպեսզի մեքենաներն անցնեն եւ հրդեհը մարեն: Երեկ մենք եղանք նշյալ հասցեում: Բացի այն, որ գրեթե արդեն կառուցված Բրյուսովի ինստիտուտի ուսումնական մասնաշենքը փակել էր շենքերի բակ մտնող ճանապարհը, մասնաշենքը կառուցող ընկերությունը շինարարությունն իրականացնում էր ակնառու խախտումներով: Նախ աշխատանքն ընթանում էր անմիջապես փողոցի եզրին, եւ շինհրապարակը փողոցից անջատող ոչ մի պաստառ չկար: Իսկ Թումանյան փողոցի մայթերը ծանրաբեռնված են անցորդներով, հատկապես՝ Բրյուսովի ինստիտուտի ուսանողներով: Վտանգից խուսափելու համար կիսակառույցի վրա աշխատող բանվորները ժամանակ առ ժամանակ մայթով անցնող մարդկանց վերեւից զգուշացնում էին՝ «տակը չկանգնել»: Ուշագրավ է, որ դեռեւս 3-4 տարի առաջ «Լաբիրինթ» կոոպերատիվի՝ նշյալ հասցեում նախաձեռնած առեւտրի սրահի շինարարության դեմ Թումանյան 40, 42 շենքերի բնակիչների հետ միասին բողոքել է նաեւ Բրյուսովի ռեկտորը, ինչի արդյունքում «Լաբիրինթի» շինաշխատանքները Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ կասեցվել են, իսկ որոշումը՝ չեղյալ համարվել: Բնակիչների խոսքերով, այդ ընթացքում քաղաքապետարանը մերժել է նաեւ իրենց՝ շենքի բակում ավտոմեքենաների ստորգետնյա կայանատեղի կառուցելու խնդրանքը, պատճառաբանելով, որ Բրյուսովի ինստիտուտն իր համաձայնությունը չի տալիս: Սակայն մի քանի ամիս անց տեղեկանում են, որ քաղաքապետարանն իր կասեցրած որոշումը կրկին կյանքի է կոչել՝ այս անգամ տարածքը տրամադրելով կրթօջախին: Բնակիչներին զարմացնում է, որ Արտակարգ իրավիճակների վարչությունն այդ վայրում շենք կառուցելու համար տվել է դրական եզրակացություն, որովհետեւ «բնակիչներով ծանրաբեռնված բակի ճանապարհն ինչպե՞ս կարելի է փակել»: Պատրաստակամ ենք հրապարակել նաեւ Բրյուսովի ինստիտուտի պարզաբանումները ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031