Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻ՞ԶԲ», ԹԵ՞ «ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հուլիս 12,2005 00:00

«ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻ՞ԶԲ», ԹԵ՞ «ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Համանախագահների այցի հայաստանյան արձագանքները Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար ֆասյեն եւ Ստիվեն Մաննը: Ադրբեջանից հետո նրանք կայցելեն Հայաստան, ապա՝ Ստեփանակերտ: Այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները կքննարկվեն երկրների նախագահների եւ արտգործնախարարների հետ փակ հանդիպումներում: Ինչպես հայտնի է, օգոստոսի 26-ին Կազանում նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում: Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե այդ հանդիպման ժամանակ Մինսկի խումբը կողմերին կներկայացնի նոր առաջարկներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, խոսելով Կազանում սպասվելիք հանդիպման մասին, Հայաստանի նախագահն առանձնապես ակնկալիքներ չէր դրսեւորել: «Կողմերի տեսակետներն էականորեն տարբերվում են,- ասել էր նա:- Մեր կարծիքով, Ղարաբաղի նախկին կարգավիճակին վերադառնալու մասին խոսք լինել չի կարող»: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ բանակցությունների փաստն ինքնին Բաքվի կողմից զիջում է Հայաստանին: Միաժամանակ, վերջերս ազգաբնակչության հետ կայացած մի հանդիպման ժամանակ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվելու է. «Նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող բանակցային գործընթացը, ես կարծում եմ, որ դրական արդյունքներ հնարավոր են»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է նա: Մեկնաբանելով համանախագահների այս այցը տարածաշրջան՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, «Ազատական առաջադիմական» կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ թե տպավորություն կա, որ Մինսկի խմբի համանախագահները՝ նրանց այցերը, հանդիպումները, կորցրել են լրջությունը: Ինչեւէ, նրանք համառորեն իրենց գործն անում են: Ըստ պարոն Հովհաննիսյանի, վարշավյան հանդիպումից հետո ընտրված է ԼՂՀ հարցի կարգավորումը «սողացող» կարգավիճակով տանելու տարբերակը՝ զերծ մնալով սրացումներից: «Լուրջ համարել այս այցը՝ կլինի շատ լուրջ, բայց նաեւ չի կարելի անլրջացնել ու չկարեւորել այն»,- ասում է պարոն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է կազանյան հանդիպմանը՝ «ԼՂՀ հարցի կարգավորումը մտել է մի փուլ, երբ ամեն մի այցը կամ հանդիպումը՝ ֆորմալ, թե ոչ ֆորմալ, կարող է լուրջ գործընթացի սկիզբ լինել: Դա Հայաստանին ձեռնտու գործընթաց կլինի, թե ոչ՝ առայժմ դժվար է գուշակել, բայց որ ցանկացած պահի հնարավոր են այս առիթով զարգացումներ՝ բացառված չէ»,- ասում է Հովհ. Հովհաննիսյանը: Մինչդեռ «Արմատ» կենտրոնի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս այցից որեւէ սպասելիք չունի՝ «հերթական խոսակցություններն են»: Ըստ նրա, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի իշխանությունների շահերն այս փուլում համընկնում են, ուստի բնական է համարում առաջընթացի եւ նոր առաջարկների մասին խոսակցությունները: «Հայաստանի իշխանությունների խնդիրը հանուն սեփական իշխանության հարցի լուծումը ձգձգելն է: Ադրբեջանն այժմ ընտրարշավի փուլում է, ուստի նրանց էլ հիմա կտրուկ զարգացումները ձեռնտու չեն: Առավել եւս, որ միջազգային հանրությունը բավականին լրջորեն հետեւում է այդ ընտրություններին: Այն, որ նոր առաջարկների եւ լուծումների մասին խոսում է ՌԴ-ն ներկայացնող համանախագահը՝ բխում է Ռուսաստանի շահից: Ինչքան հարցի լուծումը ձգձգվի, այնքան ՌԴ-ն կպահպանի իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա»,- ասում է պարոն Գրիգորյանը: Բացի այդ, առաջընթացի մասին հայտարարություններն, ըստ մեր զրուցակցի, նաեւ պայմանավորված են կողմերի վրա ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի ճնշումներով, որոնք շահագրգիռ են հարցի կարգավորման գործում: Սակայն՝ «Գործնականում որեւէ առաջընթաց էլ չկա: Ի դեպ, դեռ պարզ էլ չէ՝ Կազանում երկու նախագահների հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել